Արա Այվազյանն անհապաղ լուծում պահանջող հարց է համարում հայ գերիների անվտանգ հայրենադարձումը

Հրատապ 31.03.2021   12:42   37

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 31-ին  հեռախոսազրույց է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել խորացնելու և ամրապնդելու Սուրբ Աթոռի հետ պատմական և հոգևոր համընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները: Մտքեր են  փոխանակվել սերտ երկխոսության և բարձր մակարդակով շփումների դինամիկայի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:  

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ռազմական գործողությունների դադարեցմանը և պատերազմին հաջորդած շրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանցիսկոս Պապի կոչերը: 

ՀՀ ԱԳ նախարարը Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին ներկայացրել է նաև թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Որպես անհապաղ լուծում պահանջող հարց՝ նախարարն շեշտել է ադրբեջանական կողմի պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անվտանգ հայրենադարձումը: 

Ընդգծելով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության հրատապությունը՝ նախարար Այվազյանը խստագույնս դատապարտել է  Ադրբեջանի իշխանությունների կողմից քրիստոնեական մշակութային արժեքների միտումնավոր պղծման և ոչնչացման քաղաքականությունը: Այս առնչությամբ կարևորվել է միջազգային հանրության գործուն միջամտությունը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb