«Առևտրականը» չի կարող երկիր ղեկավարել

Հարցազրույց 27.06.2019   13:15   80024
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Կատուն» շիկացած տանիքին

(կամ ուր կարող է հասնել վրացական զարգացումների հետագիծը)

Ներքաղաքական կյանքը Վրաստանում՝ շարունակում է մնալ լարված։ Երկրի ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանափոխության հասնելու հարցում առավել քան հաստատակամ է տրամադրված։ Նույնաբովանդակ կոչով Վրաստանի ժողովրդին է դիմել նաև երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին իր հերթին հայտարարել է, որ 2020 թվականից սկսած՝ համապետական ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով: Հիշեցնենք, սա՝ Թբիլիսիում արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի մասնակիցների պահանջներից էր:

Վրաստանում ստեղծված իրավիճակի և տրամադրությունների շուրջ Scannews-ը զրուցել է վրացական ընդդիմության ակտիվ ներկայացուցիչներից մեկի՝ ռուս-վրացական պատերազմի մասնակից, Վրաստանի ԶՈՒ նախկին Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեվի Չանկոտաձեի հետ։

- Ինչպիսի՞ն է այս պահին իրավիճակը Վրաստանում, գեներալ։

- Իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված։ Թերևս տեղյակ եք, որ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ՌԴ պետդումայի կոմունիստ պատգամավորը հաջողացրեց նստել Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին՝ ցանկանալով վարել ինչ-որ անհասկանալի վեհաժողով: Մերժելի այս քայլին էլ անմիջապես հետևեց Վրաստանի ընդդիմության և վրաց ժողովրդի ինքնաբուխ արձագանքը։ Հիշատակված միջոցառումը՝ Վրաստանի խորհրդարանում տապալվեց, նախաձեռնության հեղինակը՝ Վրաստանի պառլամենտի խոսնակը հրաժարական ներկայացրեց, իսկ ռուսական պատվիրակությունն էլ վռնդվեց երկրից։ Վրաստանի իրական հայրենասերները դուրս եկան փողոց, բողոքի ալիքը աստիճանաբար ուժգնացավ ու ստացավ զանգվածային բնույթ։ Թերևս տեղյակ եք նաև, թե բողոքի զանգվածային ակցիային ինչ կերպ արձագանքեցին երկրի իշխանությունները: Նրանք ժողովրդի դեմ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներ հանեցին։ Ծայր առած բախումների ընթացքում հարյուրավոր ցուցարարներ հայտնվեցին հիվանդանոցներում։ Նրանցից երկուսն իրեն աչքը կորցրին, երկուսի վիճակն էլ ծայրահեղ ծանր է: Եղան հարյուրավոր ձերբակալվածներ։

- Ստացվում է, որ Ձեր նշած վեհաժողովում տեղի ունեցած միջադեպն է հակաիշխանական ցույցերի դրդապատճառ հանդիսացել: Այդպե՞ս է:

- Չէ, ըստ իս, տեղի ունեցածը ավելի խորքային պատճառներ ունի: Հանրության շրջանում կուտակվող բացասական էներգիան օրերից մի օր պիտի դուրս ժայթքեր: Ու դրա հիմնական պատճառն այն է, որ երկիրը ղեկավարում է ժողովրդի խնդիրներին անհաղորդ օլիգարխը՝ սրանից ածանցվող հետևանքներով։ Նրա կողմից նշանակված նախարարները՝ հենց նրա իսկ կամակատարներն են, զուրկ որևէ ինքնուրույնությունից։ Բնականաբար, դա չէր կարող երկար շարունակվել… Ի վերջո, նույն գործընթացները տեղի ունեցան նաև ձեզ մոտ՝ Հայաստանում, երբ ժողովուրդը՝ հոգնելով համատարած անարդարությունից դուրս եկավ փողոց՝ տապալելով օլիգարխիկ համակարգը։ Համանման վիճակ է նաև Ուկրաինայում, նույնը տեղի է ունենում Մոլդովայում… Իմ համոզմամբ՝ հետխորհրդային երկրներում անհրաժեշտ է այնպիսի օրենսդրության առկայություն, որը նույն օլիգարխներին թույլ չի տա քաղաքական պատասխանատվություն ստանձնել։Դա ուղղակի հակացուցված է վերջիններիս: Երբ այդպիսիները գալիս են իշխանության, նրանք «իրենց ճանապարհին հանդիպած» ամեն ինչ առնում են: Արդյունքում՝ ժողովրդավարությունն այդ երկրներում աստիճանաբար «ավանդում է հոգին»։ Դա կառավարման մոդել է, որը գործում է Ռուսաստանում, նույն մոդելն էր գործում նաև Հայաստանում…

- Վրաստանի գործող իշխանությունները տեղի ունեցածում փորձում են մեղադրել Վրաստանի էքսնախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և նրա կողմնակիցներին…

- Առաջին՝ ինձ բացարձակապես հետաքրքիր չէ, թե ինչ են հայտարարում օլիգարխի ձեռքի տակ աշխատող իշխանությունները։ Եվ երկրոդ՝ ես ավելի քան համոզված եմ, և դա իրականությունն է՝ Միխեիլ Սաակաշվիլիին երբևիցե չի արել ու չի անի Վրաստանի ժողովրդին և մեր երկրին վնասող որևէ քայլ։ Կարևորն այսօր՝ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ներքին էությունն է։ Մեղավորներ և քավության նոխազներ փնտրելու փոխարեն, իշխանության ներկայացուցիչները թող բարի լինեն վերլուծել իրենց քայլերն ու գործողությունները։ 

- Ամեն դեպքում, Վրաստանի իշխանությունները կարծես թե փոխզիջման են գնում։ Համենայնդեպս, ընդդիմության պահանջներից մեկը՝ խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու պահանջն՝ արդեն ընդունվել է։

- Կրկնում եմ՝ Վրաստանում մեկընդմիշտ պետք է բացառվի օլիգարխիկ կառավարման համակարգը ։ Եվ դա պետք է ամրագրվի օրենսդրությամբ. օլիգարխների իշխանության գալը պետք է արգելվի օրենքով։ Ե՛վ վերջ։

- Ձեր ասածից ենթադրվում է, որ հակաիշխանական գործողությունները տարբեր դրսևորումներով դեռ երկար են շարունակվելու , այդպե՞ս է։

- Այո՛։ Բողոքի ցույցերի ընթացքում ես այդ էներգետիկան զգում եմ ։ Ուրախացնողն այն է, որ ժողովրդական այս շարժմանը ակտիվորեն ներգրավված է նաև երիտասարդությունը։ Ժողովուրդը ոտքի է ելել։ Ըստ իս, իշխանափոխությունը Վրաստանում անխուսափելի է։ Ի դեպ, Ձեր հայրենակից, վերլուծաբան Արբակ Խաչատրյանը դեռ տարիներ առաջ էր կանխատեսել Իվանիշվիլիի կառավարության կրախը

Դեվի Չանկոտաձեի այս դիտարկումը մեզ միտք հուշեց՝ թեմայի շուրջ զրուցել նաև մոսկվաբնակ հայ փորձագետի հետ: Երկարատև ջանքերից հետո, ի վերջո մեզ հաջողվեց կապվել Արբակ Խաչատրյանի հետ և լսել նրա մեկնաբանությունը՝ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

- Պրն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում Վրաստանում ստեղծված իրավիճակը։

- Հարցն անհրաժեշտ է դիտարկել ավելի գլոբալ տեսանկյունից։ Տեսեք՝ ոչ վաղ անցյալում աշխարհի ազդեցիկ կենտրոնները( լիներ դա Կրեմլը, թե Սպիտակ տունը) առաջնորդվում էին «Սրիկա է, բայց մեր սրիկան է» «սրբազան» սկզբունքով։ Այդօրինակ մոտեցման առանցքում՝ առաջնային պայմանը՝ փողային կախվածությունն ու ակնկալվող շահն էր։ Սա էր չերևացող, բայց պարտադիր դիտարկվող գործընթացների տրամաբանությունը։ Տարիներ շարունակ իմ կողմից արված վերլուծություններում, լրատվամիջոցներին տված հարցազրույցներում քանիցս ընդգծել եմ, որ «քաղաքական փերեզակների» հոգեբանությունն անձնակենտրոն է, որ վերջիններիս վարած «քաղաքականությունը» կարող է ծառայել ընդամենը «շահառուների» խիստ սեղմ խմբակի, բայց ոչ երբեք տվյալ երկրի շահերին, ինչն էլ պետությանն «ուղեկցելու» է դեպի փակուղի։ Շեշտել եմ նաև,որ հնարավոր բոլոր միջոցներով հետաձգվող ներքին պայթյունն էլ ( իր տարատեսակ դրսևորումներով) անխուսափելի է լինելու…

- Փաստորեն, ըստ Ձեզ, հենց այս տրամաբանական հոլովույթո՞ւմ պետք է դիտարկել Վրաստանում տեղի ունեցող գործընթացները։

- Մեկընդմիշտ պետք է գիտակցել՝ էությամբ առևտրականները չեն կարող երկիր ղեկավարել։ Նրանց կողմից նշանակվող վարչապետերն ու կառավարության անդամները ընդամենը խամաճիկներ են լինելու։ Այլ կերպ՝ թեկուզ ենթագիտակցության մակարդակում, ժողովուրդը չի կարող նրանց ընդունել: Ապագայի փափագ ունեցող երկրներն են գիտակցում զարգացման կարևորությունը, գնահատում քաղաքացու ծնունդը։ Այն քաղաքացու, որն իրականում ազատ կլինի՝ զերծ սրա կամ նրա կեղտոտ փողերից ունեցած կախվածությունից ։ Եվ հենց այս համատեքստում էի ես անընդհատ շեշտում, որ ներքաղաքական իրավիճակը Վրաստանում նույնպես խախուտ է, որ այն օրերից մի օր պայթելու է։ Ու դրա հիմնական պատճառը հաստատված օլիգարխիկ համակարգն է: Հասկանում եք, ի տարբերություն իրական քաղաքական գործչի, օլիգարխը խիստ նեղ պրիզմայով է նայում պետության առաջնահերթություններին։ Նա իր և մերձավոր շրջապատի ընտանիքների բարեկեցությունը նույնացնում է երկրի հարստացման հետ։ Դրան հակառակ, իրապես քաղաքական դեմքը ավելի հեռուն է տեսնում, ինչին օբյեկտիվորեն ունակ չէ մեծահարուստը։ Տարբերությունը՝ պետական մտածողություն առկայության և բացակայության մեջ է։ Վերջին շրջանում լրագրողներից շատերն են դիմել ինձ՝ հայաստանյան վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործին գնահատական տալու խնդրանքով: Գիտեք ինչ, ես թիկունքից կամ «անվտանգության գոտուց» (նկատի ունեմ հետին թվով ) «իմաստնություններ» ասելու հատկություն չունեմ: Իմ կողմից արված սուր դիտարկումները մշտապես եղել են նրանց իսկ կառավարման տարիներին ու ոչ միայն Հայաստանում: Ճակատին ասված իմ խոսքերից մեծապես տուժել են նաև ընտանիքիս անդամները ( նյութական ահռելի կորուստները չհաշված, մերձավորներիս նկատմամբ նաև երկար ժամանակ բարոյահոգեբանական ճնշում է գործադրվել): Լեֆորտովյան «ամառանոցի» հուշերն ինձ մոտ ցայսօր էլ դեռևս «թարմ» են մնում: Ես կարծում եմ, որ Հայաստանի երբեմնի ղեկավարները՝ միտումնաբար չեն երկիրը հասցրել ծայրահեղ վիճակի: Նրանց հիմնական մեղավորությունը թերևս այն է, որ նրանք սեփական «զանգակատնից» են գնահատել ամեն ինչ՝ «միամտաբար» կարծելով, որ այն՝ ինչ լավ է իրենց համար, ուրեմն լավ է նաև ամբողջ երկրի համար: Ու սա՝ ամենայն լրջությամբ: Այնպես որ՝ պայքարս ոչ թե անհատների, այլ՝ տխեղձ համակարգի դեմ է: Իսկ որ համակարգին հաճոյանալու, մերձավորների համար «տաքուկ ապագա» ամրագրելու և կորպորացիաներից մեկում փայատեր դառնալու համար մի ամբողջ երկրի ճակատագիր է «գրավադրվում» մեկ այլ երկրի «բանկում»՝ քննարկման այլ նյութ է: Ուղղակի մի դիտարկում. մի պահ պատկերացրեք, որ ասենք Ռուսաստանի ղեկավար կազմի ինչ-ինչ անդամներ, ասենք ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության («ՆԱՍԱ»-ի) , կամ ասենք՝ «Շևրոն-Տեքսակո» (Chevron Texaco) ընկերության փայատերերից են: Այս պարագայում ինչու նույն այդ երկրները չպետք է իրենց հովանու տակ առնեն ու ամեն կերպ պաշտպանեն՝ իրենց հանդեպ «պապից ավել կաթոլիկի» պես պահած ու իրենց հարստացրած «նվիրյալներին»… Ի դեպ, պարադոքսալ մի պատմություն էլ կապվում է ՀՀ նախկին Պաշտպանության նախարարի՝ Միքայել Հարությունյանի հետ, ում հանդեպ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել, որից հետո նա ապաստանել է իր «հայրենիքում»: Նա ՌԴ քաղաքացի է: Հենց այս հանգամանքն էլ Մոսկվային հարկադրում է չհանձնել իր քաղաքացուն: Ու սա՝ չարյաց փոքրագույնն է…Ռուսաստանը կարող էր չէ, իր քաղաքացու արժանապատվությունը ոտնահարելու դիմաց՝ ՀՀ-ի հանդեպ պատժամիջոցներ կիրառել … Ի՞նչ պետական մտածողության մասին կարող է խոսք լինել։ Աբսուրդ է, չէ՞… Նորից եմ ուզում ընդգծել՝ խնդիրը պետական մտածողություն առկայության և բացակայության մեջ է։ 

- Ուզում եք ասել, որ օլիգարխը պատկերացում չունի՞, թե ինչ ասել է երկրի զարգացում։

- Նախ ուզում եմ նկատել, որ «օլիգարխ» տերմինը լիովին չի արտահայտում երևույթի բովանդակությունը: Ակնարկածս անձինք միանգամայն այլ կատեգորիայի մարդիկ են։ Նրանք ոչ թե չեն պատկերացնում խնդիրը, այլ առաջնորդվում են միանգամայն ուրիշ տրամաբանությամբ ։ Երկրի զարգացման հեռահար, բազմաքայլ, բայց խիստ արդյունավետ ռազմավարության կարևորությունը գիտակցում են հատուկենտ մարդիկ ։ Ուսումնասիրե՛ք համաշխարհային պատմությունը և դրանում կհամոզվեք։ Քչերին է վիճակված դառնալ իրական քաղաքական դեմք։ Նույն հասարակական տրամադրությունների, հասարակական ճաշակի վրա ազդեցություն կարող են ունենալ միայն իրական քաղաքական գործիչները։ Մինչդեռ այսօր իրավիճակն առավել քան ողբալի է: Զավեշտալի է, երբ մարդկանց՝ իրենց կյանքի որակի վրա անմիջական ազդեցություն ունեցող գործընթացներից առավել, հետաքրքրում է, օրինակ, թե ինչ ներքնաշոր է նախընտրում այս կամ այն օլիգարխի կինը… Հարկավ, հեռուն տեսնելը բարդ է։ Փորձեք գտնել պետական նշանակության որևէ բարեփոխում, որն իրականացվել է օլիգարխների իշխանության օրոք: Չեք գտնի…Նրանք միայն քանդել ու թալանել են, իսկ վերջում էլ՝ հոխորտացելիրենց «հերոսություններով» ։ Հետևեք իշխանության հասած ցանկացած օլիգարխի անցած ճանապարհին ու կհամոզվեք, որ նրանք շատ արագ են մոռանում իրենց անցյալը…

- Դուք է՞լ եք պնդում, որ իշխանափոխությունը Վրաստանում անխուսափելի է:

- Դուք նշեցիք, որ Վրաստանի ԶՈՒ նախկին Գլխավոր շտաբի պետը հիշատակել է իմ կանխատեսումները։ Անհնարին է, որ իշխանափոխություն չլինի։ Չի կարող կոնկրետ կենտրոնի ցուցումով իշխանության եկած մեծահարուստը երկիրը տանել զարգացման։ Դա բացառվում է։ Ու ամենևին էլ կապ չունի, դա Հայաստանում է, Վրաստանում, թե մեկ այլ պետությունում։ Արհեստածին այդ համակարգը մեկ է՝քանդվելու է։ Ընդ որում ավելորդ չեմ համարում ընդգծելը, որ այդ գործոնը հրաշալի օգտագործում են հզոր երկրները՝ ելնելով բացառապես սեփական շահերից։ Տեսե՛ք: Երբ ընտանիքում համերաշխության մթնոլորտ է տիրում, հարևաններից և ոչ մեկը չի կարող որևէ խարդավանք կիրառել ձեր դեմ։ Իսկ երբ դուք ձեր ընտանիքի ներսում անընդհատ սխալներ եք թույլ տալիս, ապա գայլի ախորժակ ու սեփական հավակնություններ ունեցող հարևանը անմիջապես օգտվում է դրանից։ Նույն տրամաբանությունը վերաբերում է նաև պետական կառավարմանը ։ Ընդ որում՝ նման դեպքերում հասարակական տրամադրությունների մանիպուլացումը ավելի դյուրին է դառնում:

- Տարիներ առաջ Ձեր կողմից արված մի շարք կանխատեսումներ այսօր իրականություն են դարձել և դառնում։ Հոգնեցուցի՞չ չէ ապագայում սպասվող ռիսկերի ու սպառնալիքների մասին անընդհատ հիշեցնելը, երբ արված կանխատեսումներին անդրադառնում են միայն «հետգրությամբ»։ Երբ տարիներ առաջ խոսում էիք սիրիական պատերազմի կամ Ուկրաինայում արդեն իրականություն դարձող զարգացումների մասին, այդ ամենի համար իրավասու շրջանակները այդպես էլ ականջալուր չեղան … Միայն հետին թվով են նրանք խոստովանում, որ Ձեր ասածները ճշգրտորեն կատարվեցին: Միթե՞ այդ երկրներում չկան լրջմիտ ու հեռատես վերլուծաբաններ։ (Ստորև ներկայացվում է համաշխարհային տնտեսական և քաղաքական զարգացումների վերաբերյալ դեռևս 2013թ․-ին Արբակ Խաչատրյանի կողմից արված վերլուծությունն ու կանխատեսումը։ Գնահատականը թողնում ենք ընթերցողին):

- Ձեր այս դիտարկումը կթողնեմ անարձագանք (ժպտում է -խմբ)․․․

- Փաստորեն, ներողամիտ ու տխուր ժպիտից բացի՝ Ձեզ այլ բան չի մնում, այդպիսին է ճշմարիտ «հուշարարի» «վաստակը»… Վերադառնանք,սակայն, տարածաշրջանային վերջին զարգացումներին: Վերը ասվածը նշանակում է արդյո՞ք, որ հերթական անգամ մեր ռեգիոնը հայտնվելու է «տուրբուլենտության» գոտում…

- Հարևան երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման ենթարկված Հայաստանը ի դեմս Իրանի և Վրաստանի՝ աշխարհի հետ հաղորդակցվելու ընդամենը երկու ելք ունի: Սա նշանակում է, որ «ճանապարհային քաղց» ունեցող Հայաստանին հատկապես՝ պիտի մտահոգեն հիշատակված երկրների շուրջ ծավալվող սրընթաց զարգացումները: Անցանկալի ընթացքի դեպքում, Հայաստանը կարող է հայտնվել նաև հումանիտար աղետի եզրին: Իրանի հանդեպ հնարավոր գործողությունների ձեռնարկման դեպքում, պետք է մեր կողմից թույլ տրված սխալը արագորեն շտկվի, մեզ շրջափակման ենթարկած երկրների հանդեպ պատժամիջոցների կիրառման և պատճառած վնասների փոխհատուցման պահանջով մեր դիվանագետները պետք է դիմեն ՄԱԿ-ին ու միջազգային իրավապաշտպան այլ կազմակերպությունների: Ինչու չէ, պատժամիջոցների կիրառման պարագայում մենք պետք է նաև ԱՄՆ-ից որոշակի «հումանիտար միջանցքներ» պահանջենք: Մենք չենք կարող նաև Ռուսաստան-Վրաստան լարված հարաբերությունների պասիվ դիտորդն ու նրանց միջև ձեռք բերված խախուտ պայմանավորվածության «գերին» մնալ: Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով Վրաստանի ու Ռուսաստանի միջև տեղի ունեցող ապրանքաշրջանառության վերահսկողությունը ստանձնած շվեյցարական մոնիթորինգային SGS ընկերությունը նույնպես չի կարող Հայաստանի համար կենսական նշանակության ճանապարհի անխափան աշխատանքի երաշխավորը դառնալ: Այնպես որ, Հայաստանի՝ բանակցային կողմ դառնալը բխում է նրա իսկ անվտանգության շահերից: Հենց Հայաստանը միջազգային ատյաններից և իրավապաշտպան կազմակերպություններից պիտի պահանջի ՝ պայմանավորվածությունների խախտման դեպքում պատժամիջոցներ կիրառել կարգազանցների նկատմամբ՝ այդ կերպ փոխհատուցելով վնասը: Այդուհանդերձ, ուզում եմ շեշտել, որ ստեղծված իրավիճակից Հայաստանը կարող է նաև էական օգուտներ քաղել։ Իսկ դրանից հետո էլ փորձել օգտակար լինել թե՛ Իրանին, և՛թե Վրաստանին։ Ասածս շատերին կարող է ծիծաղելի թվալ, այնպես ինչպես 16 տարի առաջ էին ծիծաղելի թվում սիրիական կամ ուկրաինական պատերազմների վերաբերյալ կանխատեսումներս։ Հավատացե՛ք՝ շատ բարդ է մատչելի լեզվով լսարանին բացատրել, թե խորքային ինչ գործընթացներ են տեղի ունենում, և որ հաջորդական քայլերի դեպքում է հնարավոր դառնալ իրական խաղացող տարածաշրջանում։

- Հուսանք առաջիկայում հնարավոր կլինի հիմնավոր կերպով անդրադառնալ այս և այլ խնդիրներին։

- Հուսանք։

Զրուցեց՝ Վախթանգ Մարգարյանը


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Դեվի Չանկոտաձե, Վախթանգ Մարգարյան, Վրաստան, Արբակ Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon