Ապրում ենք…

Մտորման համար 01.09.2020   22:30   1483

Մենք միշտ մտածում ենք՝ ինչպես ապրենք, որ շրջապատը գոհ մնա, ու երբեք չենք մտածում՝ ինչպես ապրենք, որ մենք գոհ լինենք ապրած կյանքից:

Շրջապատը, որտեղ կայանում ենք, իհարկե մեծ ազդեցություն է թողնում մեզ վրա. փոխում է մտածելակերպը, աշխարհընկալումը, իրերին ու երևույթներին այլ կերպ նայելու կարողությունը: Միանշանակ չեմ կարող ասել, որ շրջապատը մարդուն միշտ դեպի դրականն է տանում, ցավոք լինում են դեպքեր, երբ սխալ միջավայր ենք ընկնում, սխալ քայլեր անում, ինքներս մեզ փորձում կործանել, բայց ամեն մի փորձության հետ ավելի ենք ուժեղանում: Ասում են՝ Աստված մեզ փորձությունների մեջ է ճանաչում: Այս ամենի մեջ իսկապես ճշմարտություն կա: Շատ կարևոր է, որպեսզի փորձությունների մեջ չկորցնենք առողջ մտածելու և դատելու կարողությունը: Դժվարություններ կյանքում միշտ են լինելու, բայց թե ինչպես կմոտենանք դրանց ու ինչպես կգտնենք լուծումներ՝ պայմանավորված է մեր անձով:

Արդյո՞ք մենք ապրում ենք այնպես, ինչպես կկամենայինք: Այս հարցին պատասխանելը մի փոքր դժվար է, բայց եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ապա պետք է ասենք՝ ինչ-որ բան, ամեն դեպքում, մեր ապրածի մեջ մեզ չի գոհացնում: Պատճառները շատ տարբեր են, երբեմն վախենում ենք, երբեմն՝ ամաչում, երբեմն համարձակությունն է պակասում, երբեմն ցանկությունն է բացակայում, ու ցավը նրանում է կայանում, որ այս ամենի համար երբեք մեզ չենք մեղադրում:

Միշտ սպասում ենք, որ կյանքը պետք է հեշտությամբ տրվի մեզ, ամեն բան հարթ ու սահուն ընթանա, առանց խոչընդոտների: Երբ սպասումները չեն արդարանում, կյանքի հանդեպ հավատն է կորում, Աստծուն մեղադրելու ցանկություն է առաջանում: Ու երբ հավատն ենք կորցնում, այդ պահից սկսած, ամեն ինչ ենք կորցնում:

Բոլորս էլ ապրել ենք ուզում, այո, դա բնական պահանջ է, բայց ի՞նչ ենք տալիս կյանքին, որ կյանքը մեզ ապրեցնի:

Կյանքը արևածագից է սկսվում… Ամեն առավոտ, երբ բացում ենք մեր աչքերը, նայում աշխարհին, զգում ու վայելում կյանքի գեղեցկությունը, չպետք է մոռանանք, որ ևս մեկ հնարավորություն ունենք փոխելու այն ամենը, ինչը մեզ խանգարում է լիարժեք ապրել:

Մենք երջանիկ ենք, որ ապագան չենք տեսնում, որովհետև ապագայի սպասումով ապրելը ու ամեն հաջորդ ակնթարթին սպասելը, միայն, ավելացնում է ապրելու ցանկությունը:

Մարիետտա Խաչատրյան

Աղբյուրը՝ qahana.am



 Պիտակներ
         երջանիկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb