Ապագան բախում է դուռը…

Հարցազրույց 15.06.2019   13:00   765
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Աշխարհաքաղաքական վայրիվերումների խառնակ շրջանում, երբ ամեն ինչ չափվում է երկրների գերակշիռ մասի՝ անվտանգության այս կամ այն համակարգին ու աշխարհակալների այս կամ այն միությանը տրված նախապատվությամբ, ուրվագծվում է Երկիր մոլորակի բնակիչների համար սահմանված, նրա ապագային միտված երրորդ՝ անխուսափելի ճանապարհը: Ճանապարհ, որը սև-սպիտակ, յուրային և օտար բաժանարար գծերի բացառման գնով՝ ընդհանուր՝ համամարդակային շահի փնտրտուքով է զբաղված: Ի տարբերություն խիստ անձնական շահեր հետապնդող, եսասիրական դիտարկվող առևտրային կապիտալի, մտավոր սեփականության համակարգմամբ զբաղվող նորահայտ ինտելեկտուալներն իրենց գործունեությանը զուգահեռ ձևավորված կարծրատիպեր են ջարդում: Ի տարբերություն հայաստանաբնակներից շատերի մոտ արմատացած՝ «փոքր,անուժ երկիր ենք», «Հայաստանը Ռուսաստանի ենթական է» թևաթափ անող, թող որ ներվի՝ ստրկամիտ մտայնության, արժանապատիվ գործակցության նախածիլեր էլ են հայտնվել: ՌԴ-ում գործող, մտավոր սեփականության համակարգմամբ զբաղվող «IPChain» ասոցիացիան,օրինակ,գործընկերային համագործակցության հրաշալի առաջարկ է ներկայացրել Հայաստանի կառավարությանը: «IPChain»-ի նախաձեռնությունը ընդհանուր շահի փնտրտուքի և արժանապատիվ գործակցության ընդօրինակելի նախադեպ է ստեղծում: Երբ առաջին անգամ ինձ ասացին Ռուսաստանից «ներմուծված» հերթական նախաձեռնության մասին, անկեղծորեն խոստովանեմ, մտածեցի որ գործ պիտի ունենամ հերթական խարդախության հետ: Հուրախություն ինձ, այս անգամ ես չարաչար սխալվեցի:

Scannews.am-ի զրուցակիցն է «IPChain» ասոցիացիայի նախագահ, Իրավատերերի միության եվրասիական համադաշնության ղեկավար Անդրեյ Կրիչևսկին:

-Պարոն Կրիչևսկի, շնորհակալություն զրույցի հրավերս չմերժելու համար: Կխնդրեի առավել լայն լսարանի համար հնարավորինս հասկանալի ներկայացնել Ձեր առաքելության էությունը: Ինչով է զբաղվում «IPChain»-ը և հեռագնա ինչ նպատակներ է հետապնդում:

- Խնդրի էությունը ներկայացնելու համար՝ փոքրիկ «էքսկուրսի» անհրաժեշտություն եմ տեսնում: Տվյալ պահին գործում է տարբեր երկրների պատենտային գերտեսչությունների միավորող միջազգային պատենտային համակարգ։ Հիշատակված երկրներից յուրաքանչյուրն ունի պատենտավորված տվյալների սեփական բազան։ Նաև ցավով պետք է արձանագրեմ՝ քանի որ այդ պատենտավորված տվյալների բազաները տևական ժամանակ է ինչ ձևավորված են, դրանց մեծ մասը կամ ոչ ճիշտ են թվայնացված, կամ էլ ընդհանրապես թվայնացված չեն։

Տարբեր երկրներում այս առումով՝տարբեր իրավիճակ է։ Անշո՛ւշտ, գոյություն ունի որոնման պատանտային համակարգ։ Այսինքն, այդ պատենտային բազաները միմյանց հետ փոխշաղկապված են։ Սակայն, այս ամենը լոկալ բնույթ է կրում։ Եվ ամենակարևորը՝ դա հնարավորություն չի ընձեռում ստեղծել տեխնոլոգիաների հավաքագրման համակարգեր։ Այլ կերպ՝ ներկա դրությամբ պատենտները պաշտպանության գործիքներ են, այլ ոչ՝ զարգացման։

Օրինակ՝ ես մտնում են պատենտավորված որոնողական համակարգ, ինչ-որ նյութ եմ փնտրում, բայց գտնում եմ ինչ-որ բան։Այսինքն, ոչ թե այն՝ ինչ որ փնտրում եմ, այլ գտնում եմ ինչ-որ մոտավոր նյութ… Իսկ հետո ես սկսում եմ սուրճի մրուրով գուշակություն անել՝ սա իմ փնտրա՞ծն է, թե՞ ոչ։ Այնուհետև ես փորձում եմ ձեռք բերել այդ պատենտը և հայտնվում մի իրավիճակում՝ երբ գնում եմ պարկի միջի կատվին։ Ընդ որում, հայտնի չէ, թե ինչ իրավական համակարգ է գործում, ամրագրված է արդյո՞ք այդ պատենտը,թե ոչ, և այլն։ Դեռևս շատ են նման բաց հարցերը։ Անդրադառնալով հիմքին՝ պետք է հասկանալ ամենակարևորը՝ ի՞նչ է պատենտը։Ես ինչ որ բան հայտնագործել եմ, նախագծել եմ, ստեղծել եմ…

Այնուհետև որոշում եմ իմ ստեղծածը պաշտպանել։ Գնում եմ պատենտային գերատեսչություն և հանձնում եմ նախագծածը։ Այնտեղ ինձ մեկ տարի սպասեցնել են տալիս՝ նախագիծը պահում են իրենց մոտ, ինչ-որ փորձաքնություններ են իրականացնում, որից հետո են միայն ինձ վերադարձնում պատենտը։ Բայց մինչ այն պահը, երբ դեռ ինձ չեն տվել իմ պատենտը՝ ես պաշտպանված չեմ։ Չնայած փաստին, որ ես արդեն հայտնագործել, ստեղծել եմ այն։ Աշխատանքի վրա ջանքեր, ժամանակ ու միջոցներ, իսկ ամենակարևորը՝ ստեղծագործական ներուժ եմ ծախսել։

Այսինքն, պետք է հասկանալ, մտավոր սեփականությունը դա պատենտ ստանալու պահը՝ այդ փաստաթուղթը ստանալը չէ։ Փաստաթուղթը դա պետության կողմից արված վավերացումն է՝ կնիքը։ Իրականում մտավոր սեփականություն ասվածը շատ ավելի լայն հասկացություն է։ Մտավոր սեփականությունը բաժանվում է երկու հիմնական բլոկի՝ հեղինակային և արտադրական սեփականության իրավունքի։ Ըստ էության սրանք մեդալի երկու կողմերն են։ Ինչ որ մի փուլում նոր ստեղծածը՝ հեղինակային իրավունք է։ Դրա վրա ծախսվել է մտավոր աշխատանք և այլն։ Օրինակ՝ ես ստեղծել եմ բաժակ, նկարազարդել եմ այն: Ես արդեն ունեմ հեղինակային իրավունք։

Հետո ես որոշում եմ այն իրացնել արտադրության միջոցով՝ գնում և գրանցում եմ պատենտը։ Այդ պահից սկսած ես անցնում եմ այլ հարթություն։ Մեր համակարգի խնդիրը՝ գաղափարը կյանքի կոչելու բոլոր փուլերը միավորելն է։ Այսինքն, գաղափարի, դիզայնի, արտադրական մոդելի, պատենտը կյանքի կոչելու միջև գործնականում չկան բաժանարար գծեր։ Մեր ստեղծածն առավել գլոբալ համակարգ է, որն աշխարհում առայժմ նախադեպը չունի։ Այն նոր է միայն ստեղծվել, որում արդեն ընդգրկվել են մտավոր սեփականության խոշորագույն խաղացողները, ընդ որում՝ տարբեր ոլորտների։

Խոսքը միայն պատենտների մասին չէ՝ կինո, երաժշտություն, գրականություն և այլն:Այս համակարգին են արդեն միանում հեռուստաընկերությունները՝ իրենց մտավոր արտադրանքով։ Համակարգին միացել է նաև դեղագործությունը՝ ոչ միայն պատենտներով, այլև «know how»-ներով, քանի որ այսօր մտավոր սեփականության զգալի մասը պահվում է ոչ թե պատենտների տեսքով, այլ «know how» ռեժիմում։ Այսինքն, թղթի վրա գրառված գաղափարները դեռևս պահվում են սեյֆում։

Դա, իհարկե, գաղափարի պաշտպանության բավականին հնացած ձև է, որը սահմանափակում է հետագա զարգացման հնարավորությունը։ Իսկ այդ ամենը պետք է միավորել տվյալների մեկ ընդհանուր տիրույթում՝ տվյալների այդ բազան դարձնելով հավասարապես բաշխված։ Այսինքն, այս համակարգը տնօրինելու է ոչ թե մեկ սուբյեկտ, այլ ցանցի բոլոր մասնակիցները հավասարապես։ Օգտագործելով ցանցային մեխանիզմները՝ հնարավորություն է ստեղծվում ակտիվորեն փոխանակվել գիտելիքով, ինֆորմացիայով, հնարավորություններով։ Տվյալների միասնական այս տիրույթը նպաստում է նոր արտադրանքի, ծառայությունների ստեղծմանն ու զարգացմանը։ Այլ կերպ՝ մեր համակարգը բազային, նախադեպը չունեցող թվայնացված տիրույթ է։

- Փաստացի կարո՞ղ ենք ասել, որ սա աշխարհում նման համակարգ ստեղծելու առաջին փորձն է։

-Այո՛, դա հենց այդպես է։ Գիտեք, «մտավոր սեփականություն» հասկացությունն ասես բոլորին ծանոթ է, բոլորի կողմից ընդունված։ Սակայն ոչ ոք չի խորանում, թե իրականում իր էությամբ այն իրենից ինչ է ներկայացնում։ Մտավոր սեփականությունը գոյություն ունեցող միակ գործիքն է, որի միջոցով հնարավոր է դառնում գաղափարն առաքել,մասնագիտական լեզվով՝ տրանսֆեր անել արտադրություն։ Այլ գործիքակազմ պարզապես գյություն չունի։ Նոր գաղափարը տնտեսության մեջ ներդնելու միակ ճանապարհը սա է։ Այսօրվա դրությամբ մտավոր սեփականությունը՝ տնտեսության զարգացման գլխավոր գործիքն է։ Այսինքն, ստեղծագործական ներուժն ու մարդկային կապիտալը տնտեսության մեջ ներդնելու միակ ճանապարհը՝ հենց «մտավոր սեփականություն» ասվածն է։

- Ինչ եք կարծում, երբևիցե իմաստ կունենա պետական բյուջեի մեջ առանձին տողով «Մտավոր սեփականության մասին» հոդված ներառել:

- Այստեղ կարևորը մոտեցումն է։ Եթե դուք կառուցում եք պետություն, որպես առանձին մեկ բիզնես միավոր,այնպիսի պետություն, որի մասնաբաժինը տնտեսության մեջ չափազանց մեծ է, ապա անշուշտ այդ դեպքում մտավոր սեփականության տնօրինման մաքսիմալիզացումն ու դրանից եկամուտ ստանալը դառնում է ինքնանպատակ։ Սակայն, այսօրվա պայմաններում միտումներն այլ են։ Ֆիկտիվ էկոնոմիկան պարտադրում է կրճատել պետության ունեցած մասնաբաժինը տնտեսությունում։

Այս իմաստով, պետությանը ձեռնտու է զարգացնել մտավոր սեփականությունը, քանի որ այն ինովացիոն տնտեսության, տարատեսակ ստարտափերի, բիզնեսների զարգացման աղբյուր է։ Իրենց հերթին դրանք, մտավոր սեփականության, շնորհիվ ավելացնում են սեփական եկամուտները։ Բնականաբար, դա հարկերի տեսքով մտնում է նաև պետության բյուջե։ Պետություն-հասարկություն փոխհամագործակցության սկզբունքը բավականին պարզ է։ Պետությունը հասարակության համար ստեղծում է զարգանալու, գործունեություն ծավալելու անհրաժեշտ պայմաններ, իսկ հասարկությունը մուծում է հարկեր, որպեսզի պետությունը կարողանա իրականացնել իր գործառույթները։ Այս իմաստով պետության համար մտավոր սեփականությունը բավականին հարմարավետ, իսկ որ ամենակարևորն է՝ ժամանակակից գործիք է՝ տնտեսության առաջխաղացման տեսանկյունից։

- Ձեր ասածից կարելի է եզրակացնել, որ խոսք է գնում՝ բավականին ազդեցիկ և հեռանկարային լծակների մասին։ Ո՞ւմ ձեռքում են դրանք կենտրոնացած լինելու։

- Հայտնի է՝ ով տիրապետում է ինֆորմացիային, նա տնօրինում է աշխարհը։ Տեսե՛ք, նախկինում ինչպես էր: Եթե գիտեիր, թե որտեղ կա նավթ, դու ուժեղ էիր։ Իմացությունն այդ դու կարող էիր վաճառել, կարող էիր իրացնել և այլն: Այսօր այդ նոր նավթը՝ ստեղծագործական աշխատանքն է։ Ստեղծագործական աշխատանք՝ լայն իմաստով։

Իսկ մտավոր սեփականությունը՝ ստեղծագործական գործունեության արգասիքն է։ Եթե դու տիրապետում ես մտավոր սեփականության մանրամասներին ու նրբություններին՝ դու ուժեղ ես։ Սակայն, դա մեկտեղել մեկ վայրում, կամ հանձնել ինչ-որ մեկի միանձնյա տնօրինմանը՝ բացի նրանից որ ռիսկային է, նաև անհեռանկարային է։ Մեկ սուբյեկտը կամ առանձին երկիր երբեք չի կարողանա կյանքի կոչել այն հնարավորությունները, որոնք աշխարհն է ստեղծում։ Դա ֆիզիկապես ուղղակի անհնար է։ Եվ այս առումով միջպետական համագործակցության ամենաարդյունավետ մոդելը՝ ցանցայինն է։ Խոսքը ոչ թե պետական բարձր մակարդակի կամ դիվանագիտական համագործակցության, այլ գիտական, ինովացիոն, բիզնես և նման այլ հարաբերությունների մասին է։ Այստեղ իրականում ցանցային համագործակցությունն ամենարդյունավետն է։ Երբ ցանցի բոլոր մասնակիցները հավասարապես տնօրինում են առկա ինֆորմացիան։ Ընդ որում, այդ ինֆորմացիան հասվասարապես հասանելի է բոլոր մասնակիցներին։

- Խոսքը կորպորատիվ կառավարման մոդելի մասի՞ն է։

- Գիտեք, դա կառավարում չէ։ Այսօր ցանցային մոդելները, հատկապես Blockchain տեխնոլոգիաները, թույլ են տալիս հարաբերությունները կառուցել առանց մեզ սովոր կառավարման մոդելների։ Blockchain-ի համակարգում գործում է համագործակցության մի քանի հիմնական սկզբունք։ Մեր պարագայում, դրանցից ամենահարմարն այն է, երբ ցանցի հանգույցները ավտորիզացված են տրանսակցիային համաձայնություն տալուն։ Իսկ համաձայնությունը՝ այո կամ ոչ է։ Այլ տարբերակ չկա։

- Եթե ավելի մատչելի՝ ի՞նչի մասին է խոսքը։

- Ի՞նչ է տրանսակցիան։ Մուտքագրում ես ինֆորմացիան ցանց, և դու ունես մտավոր սեփականության օբյեկտ,որը դառնում է գործարքի առարկա։ Այնուհետև, հանգույցները կարող են վիճարկել այդ գործարքը։ Նաև փաստարկված՝ թույլ չտալ գործարքի կայացումը։ Օրինակ՝ ասենք, հանգույցներից մեկը տեղեկություն ունի, որ գործարքը անլեգալ է և այլն։ Բայց, մեծ հաշվով, յուրաքանչյուր հանգույցի համար առաջնային նշանակություն ունի սեփական հեղինակությունը, այն է՝ նա ամենայն պատասխանատվությամբ է մոտենում ցանց մուտքագրվող ինֆորմացիայի որակին։ Եվ ստացվում է, որ ցանցի յուրաքանչյուր մասնակից հավասար իրավունքներ ունի թե՛ ինֆորմացիայի մուտքագրման, թե՛ ինֆորմացիայի հասանելիության հարցերում։

- Լսելով Ձեզ՝ տպավորություն է ստեղծվում, որ կյանքի է կոչվում հզոր, անսահմանափակ հնարավորություններով և, որ ամենահետաքրքիրն է, անշահախնդիր մարդասիրական ցանցային համակարգ։ Իրականում ինչո՞ւմն է դավը(ժպտալով –խմբ.)։

- Ծանոթ պատմություն է (ժպտալով –խմբ.)։ Երբ ժամանակին մենք ստեղծում էինք Մտավոր սեփականության Եվրասիական կոնֆեդերացիան, մեր ղազախ գործընկերը լսեց, ոգևորվեց և նույն հարցը տվեց՝ «որտե՞ղ է թաքնված դավը»։ Իրականում ոչ մի դավ էլ չկա։ Տեսե՛ք (ցույց է տալիս Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկի պատուհանից երևացող նորակառույց բարձրահարկ շենքը-խմբ.), այս շենքը նախկինում չկար, չէ՞։

- Չկար։

- Իսկ ինչպե՞ս այն կառուցվեց։ Շենքը պարզապես հավաքեցին, թե՞ նախնական աշխատանքներ տարվեցին։

- Բնականաբար, նախնական աշխատանքներ եղան…

- Իհարկե՛։ Նախ փորվեց հիմքը, այնուհետև կոմունիկացիոն աշխատանքներ իրականացվեցին և այլն,այնպես չէ:Սրանում է խնդիրը։ Հաղորդակցման խողովակները պետք է գործարկվեն։ Հակառակ դեպքում շենքը չի կարող լինել։ Անշուշտ՝ շենքն ունի արժեք։ Դրանում կան վաճառվող կամ վարձով տրվող բնարականներ։ Բայց գլխավորը բազիսային ռեսուրսն է՝ հաղորդակցման խողովակները, որոնք սկզբունքորեն պետք է շահույթ չհետապնդեն։ Մեր նախագիծը՝ IPChain-ը, ոչ կոմերցիոն է։ Այստեղ չկա բիզնես, չկա սեփականատեր։ Մեր համակարգը մշակում է ինֆորմացիայի պահպանման ստանդարտները։

Ոչ ավելին։ Խիստ պարզեցված ձևակերպմամբ՝դա ինֆորմացիայի պահպանման պայմանավորվածություն է։ Այ հետո՝սկսվում է ամենահետաքրքիրը։Սկսվում է շենքերի կառուցապատումը։Այն է՝ սերվերների, տարաբնույթ հարթակների ստեղծում: Իրականում արդի տնտեսությունը՝ հարթակ է։

Եվ սա արդեն կոմերցիոն սեգմենտ է։ Ստեղծելով այս ոչ կոմերցիոն համակարգը, մեզ համար հետաքրքիր է այս բազայի վրա ամրագրել նաև բիզնես հեռանկարներ։ Այսինքն, ստեղծել սերվերներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի նաև բիզնես ծրագրեր իրականացնել՝ անընդհատ նոր արտադրանք ստեղծելով։ Այսօրվա դրությամբ մենք աշխատում ենք համապարփակ և մատչելի ինֆորմացիոն բազա ունենալու ուղղությամբ։ Ընդ որում՝ խոսքը արժանահավատ, փոփոխության ոչ ենթակա ինֆորմացիայի մասին է։ Ցանկացած ինֆորմացիա, որը մուտքագրվում է բազա, այլևս փոփոխության ենթակա չէ։ Ապահովվում է նաև բացարձակ թափանցիկություն։

- Իսկ մտավախություն չունե՞ք, որ կոմերցիոն սեգմենտը «կուլ կտա» նախագծի բուն նպատակը։

- Դա հնարավոր չէ։ Ցանցային համագործակցության հուսալիությունը հենց նրանում է, որ առանձին վերցրած որևէ մեկը չի կարող կուլ տալ ամբողջը ։ Դու ունես ինֆրահամակարգ՝ այն համընդհանուր է, բոլորինն է։ Բոլորինն է՝ ոչ թե ինչ-որ պայմանավորվածությունների, այլ տեխնոլոգիաների թելադրանքի շնորհիվ։ Եթե դու տեխնոլոգիապես խախտես ինչ-որ բան, համակարգը կջարդվի։ Արդյունքում կտուժեն բոլորը։ Որքանով է այս սցենարն իրատեսակա՞ն։ Իհարկե, ամեն ինչ հնարավոր է։ Սակայն, եթե այս համակարգը մնա կանգուն, այն հասանելի է լինելու բոլորին։ Այսինքն, ի սկզբանե նպատակը՝ դավերից զերծ համակարգ ստեղծելն է եղել։

- Մի տեսակ ռոմանտիկ է ստացվում։

- Ես չեմ ցանկանում ապրել այնպիսի աշխարհում, որտեղ չեմ վստահելու մարդկանց։ Ես ցանկանում եմ վստահելմարդկանց, իհարկե, մինչ այն պահը, երբ նրանք կխաբեն ինձ։ Սակայն, ես նպատակադրված եմ ուժ և հնարավորություն ունենալ՝ գնալու նման ռիսկի։

- Կարելի՞ է սա տեղեկատվական համընդհանուր բազայի միջոցով աշխարհը դեպի լավը փոխելու հայտ դիտարկել։

- Այդ թվում։ Անշուշտ նպատակներից մեկն էլ այն է, որ ապագայում հնարավորություն ունենանք իրականացնել գործարքներ՝ առանց դույզն-ինչ մտածելու, որ ինչ-որ մեկը պատրաստվում է խաբել մեզ։ IPChain-ը ստեղծվել է հենց այս գաղափարի վրա։ Մտար համակարգ՝ մնացածը քո բիզնես ռիսկերն են։ Այլ վտանգներ ու դավեր չկան։

- Ցանկացած ֆիզիկական անձ կարո՞ղ է IPChain համակարգի մասնակիցը դառնալ։

- Այս հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխանել։ IPChain-ը փոխվստահության վրա խարսխված կորպորատիվ համակարգ է։ Իսկ վստահության համար հեղինակության առկայություն է անհրաժեշտ ։ Այդ իսկ պատճառով ցանցի հանգույցներում ընդգրկված են աշխարհի խոշորագույն խաղացողները, որոնք իրականում չեն գնա կուլիսային խաղերի։ Իսկ արդեն հաջորդ մակարդակում այդ հանգույցներից յուրաքանչյուր տնօրինող՝ մուտքի հնարավորություն կարող է տալ ֆիզիկական անձանց։ Այսինքն, ինֆորմացիայի հասանելիությունն անմիջական չէ։ Դա հնարավոր է իրականացնել միայն ցանցի հանգույցների միջոցով։ Կարևոր նախպայմանը՝ ինֆորմացիայի թափանցիկության, արժանահավատության, հիմնավորվածության պահպանումն է։

- Հայաստանի մասով որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվե՞լ են։

- Հայաստանի պարագայում մենք գնացինք ամենապարզ ճանապարհով՝ նամակով դիմեցինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Եվ մեզ արձագանքեցին։ Հայաստանի կառավարությունում մեզ ընդունեցին։ Հուսով եմ հետագա ընթացքը նույնչափ դրական կլինի։

- IPChain նախագիծն ընդգրկում է միայն ԽՍՀՄ նախկին հանրապետություննե՞րը։

- Ո՛չ։ Մենք համագործակցում ենք ամբողջ աշխարհի հետ։

- Փաստորեն, քաղաքական ենթատեքստ այս ծրագրում չկա։

- Բացարձակապես չկա։ Ամբողջ նպատակը՝ աշխարհում եղած ինֆորմացիայի հավաքագրումն ու օգտատերերի համար այն հասանելի դարձնելն է։

ScanNews

Նյութը հասանելի է նաև ռուսերեն՝ վերևի աջ անկյունում սեղմեք RU


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Անդրեյ Կրիչևսկի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon