Անտարկտիդայի ծովային էկոհամակարգի գոյությանն սպառնացող վտանգը
Մթնոլորտում և համաշխարհային օվկիանոսում СО2-ի կենտրոնացման մակարդակի հետագա աճը կհանգեցնի նրան, որ կյանքն Անտարկտիդայի ափերին կդադարի գոյություն ունենալուց ջրի խոր և մակերեսային շերտերի խիստ թթվայնացման պատճառով:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունների արդյունքները, թթվային ջրի շերտն ապագայում կգտնվի անմիջապես օվկիանոսի մակերեսի մոտ, ինչը կյանքը ծայրահեղ բարդ կդարձնի կորալների և խեցեմորթների համար: «Նույնիսկ եթե հենց այսօր դադարեցվեն բոլոր արտանետումները, այդ «մահվան գոտին», միևնույնն է, կառաջանա, թեև որոշակի ուշացումով: Դրա ի հայտ գալու անխուսափելիությունն է հատկապես անհանգստացնում մեզ»,- հայտնել է ամերիկյան Կոլորադոյի համալսարանի գիտնական Նիկոլ Լովենդուսկին:
Ինչպես նշվում է, արդյունաբերական ձեռնարկությունների արտանետած ածխաթթու գազի ոչ ամբողջ քանակությունն է հայտնվում մթնոլորտում, դրա զգալի մասը լուծվում է համաշխարհային օվկիանոսի ջրերում և երկար ժամանակ չի հեռանում այնտեղից: Մի կողմից օվկիանոսի այս հատկությունը դանդաղեցնում է գլոբալ տաքացումը, մյուս կողմից՝ այն բավականին բացասաբար է ազդում ծովային էկոհամակարգերի վրա:
Ածխաթթու գազի կուտակումը ջրում հանգեցնում է ջրի թթվայնության մեծացմանը, ինչը խանգարում է հանքային նյութերի ձևավորմանն ու գոյատևմանը, որոնցից բաղկացած են կորալների պատերը, խեցեմորթների խեցին, ինչպես նաև տարբեր միաբջիջ օրգանիզմների պատյանները: Այս ամենի հետևանքով այդ նյութերի կարիքն ունեցող օրգանիզմները կմահանան, ինչն էլ կխախտի սնվելու շղթան և կնպաստի ծովային ֆաունայի վերացմանը:
Նմանատիպ նյութեր