Աննա Նաղդալյան․ «Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը փորձում է քողարկել ԼՂ հակամարտությամբ»

Հարցազրույց 13.02.2020   10:44   1770

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցին, որը ներկայացնում ենք ստորև․

Հարց. Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և արդեն հայտնի են միջազգային գնահատականները։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվում է նաև, որ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել են նաև ընտրողներ Լեռնային Ղարաբաղից, որոնց արդյունքում ընտրված խորհրդարանականները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Պատասխան. Բազմիցս ենք նշել, որ տարածաշրջանում ժողովրդավար հասարակությունների ձևավորումը և ամրապնդումը բխում են տարածաշրջանային կայունության, զարգացման և բարգավաճման շահերից:

Մենք ծանոթ ենք ընտրութունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներին։ Ինչպես արձանագրվել է միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում և դիտորդական առաքելության ղեկավարների գնահատականներում, ընտրություններն ուղեկցվել են համակարգված կոպիտ խախտումներով:

Այս անգամ ևս Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանի այն սին և կեղծ պնդումները, որ այս ընտրություններում ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները։

Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա և ո՛չ էլ  Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում:

Կուզենայինք հիշեցնել, որ Արցախի ժողովուրդն իր ընտրության իրավունքը կիրականացնի իր հայրենիքում մարտի 31-ին՝ հերթական համապետական ընտրություններում, որի ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու է իր ներկայացուցիչներին՝ նախագահին և Ազգային ժողովի պատգամավորներին:



 Պիտակներ
         Աննա Նաղդալյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon