Անն Իդալգոն վերընտրվեց Փարիզի քաղաքապետ

Աշխարհ 29.06.2020   13:00   44

Հունիսի 28-ին Ֆրանսիայում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով Փարիզի քաղաքապետ վերընտրվեց Անն Իդալգոն։ Իդալգոն, որը սոցիալիստական կուսակցությունից է, ստացել է ձայների ավելի քան 48 տոկոսը։ Նրան աջակցում էր կանաչների կուսակցությունը։ Այս մասին գրում է actu.fr-ը։ 

Իդալգոն այս ընտրություններում պարտության մատնեց պահպանողական Ռաշիդա Դատիին, որը ստացել է ձայների մոտ 32 տոկոսը։ Նշենք, որ վերջինիս առաջադրումից հետո ֆրանսահայերն ահազանգում էին Դատիի և Ադրբեջանի իշխանության կապերի մասին։

Նշվում էր, որ Դատին հայտնի է ավտորիտար և ոչ ժողովրդավար Ադրբեջանի իշխանության հետ իր սերտ կապերով: Նա եղել է Ադրբեջանի բարեկամների ասոցիացիայի անդամ, որը համարվել է Ֆրանսիայում «խավիարային դիվանագիտության» գլխավոր գործիքը:

Դատին բազմիցս գովերգել է Հեյդար Ալիևի հիմնադրամին ու Մեհրիբան Ալիևին։ Դատիին աջակցում էր Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։

Ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնն էլ աջակցում էր մեկ այլ թեկնածուի՝ Ագնես Բուզանին, որը 3-րդ տեղն է զբաղեցրել։

Ընտրություններում շատ ընտրողներ իրենց ձայնը տվել են կանաչներին, որոնց թեկնածուները հաղթանակ են տարել Ստրասբուրգում՝ ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը, ինչպես նաև Լիոնում, Բորդոյում։

Այս ընտրություններն առանձնացել են շատ ցածր մասնակցությամբ՝ մոտ 40 տոկոս։



 Պիտակներ
         Անն Իդալգո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb