«Անհատ», «անձ», «անհատականություն»
Սկսենք ամենացածր մակարդակից՝ «անհատ»-ից:
Կան եզրույթի մեկնաբանման տարբեր սահմանումներ, սակայն սովորաբար բոլորն էլ հանգում են հետևյալ գաղափարին՝ անհատը homo sapiens տեսակի ներկայացուցիչն է, մարդ, ով կրում է իր տեսակին պատկանող կենսաբանական հատկանիշները և զարգացման նախադրյալները:
Նշենք նաև գործող սահմանումներից մեկը. Մ.Ենիկեևը իր «Ընդհանուր և սոցիալական հոգեբանություն» աշխատության մեջ նշում էր հետևյալը. «Անհատը» կոնկրետ անձն է, homo sapiens տեսակի ներկայացուցիչ, որն իր մեջ կրում է հոգեկանի զարգացման հիմքերը:
Մյուս եզրույթը, որն ավելի մեծ սահմաններ է ընդգրկում, ավելի լայն է և ամբողջական, ավելի շատ է դիտարկվում հոգեբանության մեջ, և իր մեջ ավելի շատ առանձնահատկություններ է ներառում «անձ»-ն է («persona»), որի տարաբնույթ մեկնաբանություններն ընդհանրացնելու դեպքում հասկանում ենք, որ սա ցույց է տալիս զարգացման սոցիալական կողմը, այսինքն սոցիալական հարաբերությունների արդյունքում ձևավորված մարդուն:
Նշենք նաև գործող սահմանումներից մեկը. Ա. Ռեանը իր հանրահայտ «Անձի հոգեբանություն» աշխատության մեջ «անձ» եզրույթը մեկնաբանում է հետևյալ կերպ՝ «անձը սոցիալական անհատն է, հասարակական փոխհարաբերությունների, գործունեության և հաղորդակցման սուբյեկտը»:
Այժմ անդրադառնանք մյուս կարևոր եզրույթին՝ «անհատականությանը», որը ենթադրում է հետևյալը. սա մյուսներից տարբերվող անձն է իր հոգեբանական և ֆիզիկական գծերի ամբողջականությամբ:
Ընդհանրացնելով կարող ենք ասել, որ ծնվում ենք որպես անհատ, կյանքի ընթացքում դառնում անձ և ձեռք բերում ինքնատիպություն՝ դառնալով անհատականություն:
Նմանատիպ նյութեր