Անդրիաս Ղուկասյան․ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պնդելու են Արցախի անկախության ճանաչումը․ lragir.am

Հարցազրույց 25.01.2021   13:24   88

lragir.am զրուցակիցն է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

-Բայդենի ԱՄՆ նախագահ դառնալուց հետո որքանո՞վ կփոխվի ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում, որքանով մեր տարածաշրջանի կհետաքրքրի Բայդենին՝ հաշվի առնելով նաև նախկինում նրա արտահայտած դիրքորոշումները հայկական հարցերի առնչությամբ:

-Կովկասը միշտ եղել է ԱՄՆ ուշադրության կենտրոնում, և Ջո Բայդենի քաղաքական թիմի կողմից, ըստ իրենց արած հայտարարությունների և վերջերս պետքարտուղարի թեկնածուի Սենատում տված բացատրությունների, բնականաբար, լինելու են շատ ակտիվ քաղաքական քայլեր այս տարածաշրջանի հետ հետ կապված: Թե Թուրքիայի, թե Ադրբեջանի, թե Հայաստանի հարցերը լինելու են ԱՄՆ ուշադրության կենտրոնում:

-Այսինքն չի բացառվում, որ ապագայում Արցախի կարգավիճակի, Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերը Ամերիկյան օրակարգում լինեն և բարձրացվեն:

-Այդ հարցերն արդեն կան ԱՄՆ օրակարգում: Կոնգրեսում պատրաստվում է բանաձև: Առհասարակ, միշտ էլ Արցախի կարգավիճակի հարցը եղել է ԱՄՆ ուշադրության կենտրոնում: Հայաստանի կառավարությունն էր, որ մերժում էր ԱՄՆ կողմից արվող համագործակցության առաջարկները: Հիմա մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն պատրաստ է ապահովել Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը և, բնականաբար, այս տարվա ընթացքում կայանալիք արտահերթ ընտրությունների ժամանակ հայ ժողովուրդը պետք է անի կարևոր ընտրություն՝ փոխո՞ւմ է այս ռուսամետ կառավարությունը, որն այսօր ունենք, և որն ի վիճակի չէ այսօր Արևմուտքի հետ համագործակցել, թե՞ շարունակում ենք մնալ որևէ հեռանկար չունեցող այս դրության մեջ՝ պահպանելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները:

-Հաշվի առնելով այսօրվա իշխխանության արտաքին քաղաքական դոկտրինը, որքանո՞վ նրանց առաջնահերթությունը կլինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը, նոր օրակարգերի ներկայացումը:

Այսօրվա կառավարությունը զրո ներուժ ունի Արևմուտքի հետ աշխատելու համար: Այսինքն այս կառավարությունը 100 տոկոսով ռուսամետ է, ամբողջությամբ գտնվում է Մոսկվայի հսկողության տակ և արտաքին քաղաքականության հարցերում գործում է որպես մի կառավարություն, որը հայ ժողովրդի շահերը ստորադասում է Ռուսաստանի շահերին: Դրա համար ակնկալել, որ այս կառավարությունը կարող է կապիտալիզացնել Արևմուտքում այսօր ձևավորված հնարավորությունները, իսկ մենք տեսնում ենք, որ և եվրոպական պետությունները, և ԱՄՆ-ն, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ քայլեր են կատարում, այդ ամենը այսօրվա կառավարությունն ի վիճակի չէ իրացնել, այդ ներուժը ծառայեցնել մեր ժողովրդի շահերին: Դրա համար մեր հանրությունից է կախված. Նա պատրա՞ստ է բեկումնային փոփոխությունների, պատրա՞ստ է փոխել երկրի արտաքին կուրսը և իսկապես հայակենտրոն քաղաքականություն իրականացնելու ճանապարհին կանգնել, թե՞ մենք պետք է շարունակենք մնալ ստորադասված վիճակում Ռուսաստանի շահերին: Դա կորոշի Հայաստանի քաղաքացին:

-Հաշվի առնելով, որ Հայաստանի քաղաքական դաշտում արևմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական ուժեր գրեթե չկան, սա խնդիր չէ՞ նույն հասարակության մոտ դիրքորոշում փոխելու համար: Ո՞վ պետք է հանրությանը ներկայացնի այդ հայտը:

-Նոր տարուց առաջ 7 կուսակցություններ հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ չի կարելի համարել արցախյան հակամարտությունը հաղթահարված, ինչպես Պուտինն է համարում:

Հայտարարեցին, որ գտնում են, որ հարկավոր է ստեղծել անվտանգության նոր համակարգ՝ օգտագործելով Արևմուտքի հետ համագործակցության ներուժը:

Նաև սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին հայտարարեցին և այլն:

Այսինքն մեր քաղաքական սպեկտրում կան քաղաքական միավորներ, որոնք կարծում են, որ այդպես պետք է լինի: Եթե մենք ուզում ենք հայանպաստ արդյունք ունենալ արցախյան հակամարտության հարցերում, Հայաստանի անվտանգության ապհովման հարցերում, ապա պետք է փոխենք աշխարհքաղաքական կուրսը: Այդ թվում նաև Կառուցողական կուսակցությունն է հանդես գալիս այդ դիրքերից: Ես համարում եմ, որ այս տարվա ընթացքում այդ քաղաքական հոսանքը, որը հայակենտրոն կեցվածք ունի, ունենալու է ավելի մեծ հնարավորություն ձեռք բերել մեր քաղաքացիների մեծամասնության օժանդակությունը, որովհետև քաղաքացիներն էլ են հասկանում, որ այսպես շարունակվել այլևս չի կարող:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։


 Պիտակներ
         Անդրիաս Ղուկասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb