Ամփոփվել են ՊԵԿ և ՀԲ համատեղ ծրագրի արդյունքները

Իրադարձային 19.01.2019   13:12   426

Ավարտվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացված «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը»(TAMP), որը մեկնարկել էր 2013 թվականից:
ՊԵԿ-ից հայտնում են, որ Ծրագրի արդյունքների ներկայացման ժամանակ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ընդգծել է, որ ծրագիրն իրականացվել է հաջողությամբ: Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը Հայաստանի անկախացումից ի վեր աջակցել է հարկային եւ մաքսային ծառայությունների բարեփոխումներին.
«Այս տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է մի շարք ձեռքբերումներ արձանագրել վարչարարական գործընթացների ավտոմատացման, էլեկտրոնային համակարգերի զարգացման եւ հարկ վճարողների սպասարկման ոլորտի բարելավման ուղղություններով: Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ տարածաշրջանում ունենք հարկային ու մաքսային տեղեկատվության հավաքագրման, եւ, ընդհանրապես, վարչարարությանն տեսանկյունից ավտոմատացված, եթե ոչ լավագույն համակարգը, ապա լավագույններից մեկը: Այս համակարգում բացառվում է կամ գրեթե բացառվում է մարդկային գործոնը,  ավտոմատացված են բիզնես գործընթացները»:
ՊԵԿ նախագահը հույս է հայտնել, որ ապագայում ՀԲ-ի աջակցությամբ կիրականացվեն նոր ծրագրեր ևս, որոնք հնարավորություն կտան հաղթահարել առկա խնդիրները:
Համաշխարհային բանկի ՀՎԱԾ-ի աշխատանքային խմբի ղեկավար Միգարա դե Սիլվան դրական է գնահատել կատարված աշխատանքները. «Թիմի հետ աշխատում եմ ծրագրի հենց սկզբից: Մեր առջեւ դրված բոլոր նպատակները համարում եմ բավարար կատարված: Համեմատության համար ասեմ, որ ծրագրի սկզբում հարկ վճարողների ընդամենը 20 տոկոսն էր օգտվում էլեկտրոնային հայտարարագրումից, իսկ այսօր արդեն հասել ենք 80 տոկոսի, ինչը զգալի արդյունք է»:
Միջոցառմանը ներկայացվել են ծրագրի շրջանակում իրագործված հարկային վարչարարության բարեփոխումները և հարկային մարմնի արդիականացման արդյունքները, ինչպես նաեւ ամփոփիչ տեսագրական հաշվետվությունը: «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» ղեկավար Անահիտ Բասենցյանի տեղեկացմամբ՝ ժամանակակից սարքավորումներով համալրվել են ՊԵԿ ուսումնական կենտրոնը, հարկային տեսչությունները եւ սպասարկման կենտրոնները:

Ներդրվել է մոնիտորինգի կենտրոն, ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ վերլուծական համակարգով` մեծ տվյալների (big data) մշակմամբ: Միջազգային չափանիշներին համապատասխան տվյալների մշակման կենտրոններ են ստեղծվել Երեւանում եւ Դիլիջանում: Հարկ վճարողների շրջանում իրականացվել է հարցում հարկային վարչարարության վերաբերյալ: Վերազինվել է ՊԵԿ ենթակառուցվածքների ներքին ցանցը` ապահովելով համակարգերի եւ տվյալների անվտանգությունը: Մշակվել են մի շարք էլեկտրոնային համակարգեր, մասնավորապես՝ գանձապետական տվյալների հաշվառման, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների մշակման, հարկերի էլեկտրոնային վճարման, իրավական վարույթների կառավարման, կամերալ ուսումնասիրությունների ենթահամակարգերը, ինչպես նաեւ ՊԵԿ ստուգումների կառավարման եւ հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգերը:
Ծրագրին աջակցություն է տրամադրել նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, որի խորհրդատվությամբ իրականացվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա համակարգված ծրագիր:



 Պիտակներ
         ՊԵԿ նախագահ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon