ԱՄՆ-ն արձագանքել է Թուրքիայի մեջլիսում քրդամետ կուսակցության պատգամավորին մանդատից զրկելու որոշմանը

Աշխարհ 18.03.2021   14:00   66

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) փակելու համար այդ երկրի իշխանությունների կողմից սկսված գործընթացին: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը գրավոր հայտարարություն է հրապարակել: 

Փրայսի հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և քննադատում է նախօրեին Թուրքիայի մեջլիսում ընդունված HDP-ական պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին մանդատից և անձեռնմխելիությունից զրկելու որոշումը:

Նշվում է, որ  HDP-ն լուծարելու նախաձեռնությունը այնպիսի որոշում է, որը կարող է անտեղի խեղաթյուրել թուրք ընտրողների կամքը, էլ ավելի խարխլել Թուրքիայի ժողովրդավարությունը և Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիներին զրկել իրենց իսկ ընտրած ներկայացուցիչներից:

«Մենք կոչ ենք անում Թուրքիային հարգել խոսքի ազատությունը` համաձայն իր սահմանադրության և իր միջազգային պարտավորությունների»,-ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք`մարտի 17-ին Թուրքիայի մեջլիսի ընդհանուր ժողովում ընթերցվել էր HDP-ից ընտրված պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուի պատժի ենթարկելու վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա նախագահականի միջնորդությունը: Ըստ այդմ, Թուրքիայի Սահմանադրության համապատասխան, միջնորդության ընթերցումից հետո Գերգերլիօղլուն զրկվեց մանդատից: Վերջինս «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու» համար դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ազատազրկման:


 Պիտակներ
         քրդամետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb