Ամբոխը և Լինչի դատաստանը

Հոգեբանական 18.05.2020   21:15   951

Ամբոխը որպես սոցիալ-հոգեբանական երևույթ բավականին երկար ուսումնասիրությունների է ենթարկվել տարբեր գիտնականների կողմից:

Չնայած այդ փաստին, չկա հստակ ձևակերպված որևէ սահմանում, ուստի փորձենք ընդհանրացնել առկա մոտեցումները և նշել, որ ամբոխը  սոցիալական իրական խումբ է, որը կարող է կազմված լինել մի քանի անձից մինչև հարյուրավոր կամ հազարավոր անհատներայն չունի կառուցվածք, փոխարենը ունի մեծ ուժ, որն ունակ է շատ լուրջ ազդեցություն թողնել հասարակության վրա: 

Այս դեպքում անհատները իրար չեն ճանաչում նախապես, քանի որ նման խմբերը հիմնականում ձևավորվում են տարերայնորեն և անսպասելիորեն: Նման խմբերի պարզ օրինակ է համարվում ցույցերի ժամանակ ձևավորված զանգվածը: Ամբոխը՝ լինելով մարդկանց մեծ խումբ, թելադրում է իր կանոնները, որի արդյունքում էական ազդեցություն է ունենում մասնակիցների հոգեբանության վրա:  

Ամբոխի ազդեցությամբ դրսևորվում է ապանձնայնացում, այսինքն անձը կորցնում է իր ես-ը (իրեն ոչ ոք չի ճանաչում, ուստի նա կարող է անել այն, ինչ ինքն է ցանկանում): Սրա արդյունքում նվազում է պատասխանատվության մակարդակը: Այս փոփոխություններին հաջորդում է նաև հույզերի և բնազդների ակտիվացումը, որի արդյունքում զանգվածները դառնում են ներշնչվող: Հույզերի ակտիվացմանը զուգընթաց նվազում է նաև մտածելու ունակությունը: Այսպիսով՝ ամբոխը ստեղծում է բոլոր պայմաններն այն բանի համար, որ մասնակիցները գործեն չմտածված, առաջնորդվեն իրենց հույզերով և ապրումներով: Շատ հաճախ նման վարքը հիմք է հանդիսանում ագրեսիվ դրսևորումների, վանդալիզմի և նման այլ գործողությունների համար:

Դիտարկենք ամբոխի հոգեբանական առանձնահատկությունները նկարագրող Լինչի դատաստանի դեպքերը, որոնք ագրեսիվ գործողություններ էին՝ ուղղված ամերիկյան սևամորթների դեմ: Լինչի դատաստան եզրույթի ներքո հասկացվում են այն դեպքերը, երբ առանց դատավորի որոշման, ամբոխը սպանում է որևէ գործում մեղադրվողին: Ն. Միլլերն ու Ջ. Դոլլարդը դեռևս 1941 թվ.-ին հրատարակված գրքում ներկայացրել են հետևյալ օրինակը:

Սևամորթ Արթուր Ստիվենսոնին մեղադրում էին այն բանում, որ նա սպանել է իր սպիտակամորթ սիրուհուն, քանի որ վերջինս ցանկացել է բաժանվել իրենից: Սրա արդյունքում Արթուրին ձերբակալում են, նույնիսկ տեղափոխում են այլ քաղաքի բանտ, որպեսզի նրան չվնասեն: Սակայն սա չի խանգարում մոտ հարյուր սպիտակամորթների, ովքեր,  իմանալով նրա տեղը, գնում են բանտ, բռնում են Արթուրին և բերում դեպքի վայր: Ագրեսիվ ամբոխը հարձակվում է զոհի վրա և սպանում, իսկ հետո դիակը քարշ են տալիս քաղաքի փողոցներով: Քաղաքի լարված մթնոլորտը հնարավոր է լինում հանգստացնել միայն այն բանից հետո, երբ միջամտում են կարգապահ ուժերը:  

Ահա այս օրինակը ցույց է տալիս, թե որքան ագրեսիվ, դաժան և անկառավարելի կարող է դառնալ ամբոխը:

Աղբյուրը՝ hogebanutyun.am



 Պիտակներ
         Լինչի դատաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon