«Ալտիուս». ռուսական ծանր ԱԹՍ

Արսենալ 23.02.2021   12:30   43

«Ալտիուս» ԱԹՍ–ի նախատիպային առաջին լուսանկարները երևացել են 2014 թվականին։ Այն ժամանակ հայտնի էր, որ Կազանի «Սոկոլ» փորձարարական-կոնստրուկտորային բյուրոն Սանկտ-Պետերբուրգի «Տրանզաս» ընկերության հետ միասին 2011-ի հոկտեմբերին հաղթել են ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթում՝ առաջ անցնելով «ՄիԳ» ինքնաթիռաշինական գործարանից։

Մրցույթը ենթադրում էր մինչև 5 տոննա զանգվածով, առավելագույն բեռնվածության մեծ չափով, թռիչքի մեծ հեռավորությամբ ԱԹՍ-ի ստեղծում, սակայն վերոհիշյալ երկու ընկերության հետ կնքած շուրջ 1 մլրդ ռուբլի պայմանագրի համաձայն՝ նրանք պարտավորվում են մինչև 2014-2015-ը ստեղծել և օդ բարձրացնել ԱԹՍ-ի միայն նախատիպը։ Սակայն թռիչքային փորձարկումները սկսվեցին միայն 2016 թվականին։

2014–ին Կազանի «Սոկոլ» փորձարարական-կոնստրուկտորային բյուրոն 3.6 մլրդ ռուբլի արժողությամբ պայմանագիր կնքեց ՌԴ ՊՆ–ի հետ, որով պետք է մինչև 2017 թվականը արտադրեր փորձնական 2 միավոր «Ալտիուս-Օ» ԱԹՍ։ Գործարանը պարտավորությունները կատարեց, իսկ 2018–ին սկսվեց «Ալտաիր» ԱԹՍ–ի 3–րդ օրինակի թռիչքային փորձարկումները։

Նույն 2018–ին ՌԴ ՊՆ–ի համապատասխան ստուգումներից հետո «Ալտաիրի» հետագա արտադրական գործընթացը փոխանցվեց «Քաղաքացիական ավիացիայի Ուրալյան գործարանին»։ 2019–ի օգոստոսին գործարանը սկսեց «Ալտիուս-Ռու» անունը ստացած ԱԹՍ–ի թռիչքային փորձարկումները, որի հիմքում «Ալտաիր» ԱԹՍ–ի 3–րդ օրինակն է։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb