Ալիևը կրկին դժգոհում է Մինսկի խմբի համանախագահ երկրներից

Իրադարձային 25.09.2020   14:58   63

Հեռավար ելույթ ունենալով Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի 75-րդ նստաշրջանում` Ադրբեջանի ղեկավարը նորից պնդել է. - «Բանակցությունները չպետք է անցկացվեն միայն հանուն բանակցությունների, դրանք պետք է լինեն նպատակային և բովանդակային: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները իրենց հայտարարություններում շեշտել են, որ ստատուս քվոն անընդունելի է, մենք ողջունում ենք այդ հայտարարությունները, բայց դրանք բավարար չեն, մեզ պետք են գործողություններ»:

Իլհամ Ալիևը սրտնեղել է նաև, թե Հայաստանը այս տարվա հուլիսից մինչև սեպտեմբեր ավելի քան մեկ տոննա ռազմամթերք է ստացել։ «Հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը, չունի միլիարդավոր դոլարներ սարքավորումներ ձեռք բերելու համար, մենք ենթադրում ենք, որ Հայաստանն այդ բեռներն անվճար է ստացել։ Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին ձեռնպահ մնալ Հայաստանին զենք մատակարարելուց»,- առանց փաստարկներ բերելու և առանց անուններ նշելու հայտարարել է Ադրբեջանի նախագահը, ով ինքն է մշտապես պարծենում Բաքվի կողմից ձեռք բերվող թանկարժեք սպառազինությամբ՝ ներկայացնելով այն որպես հաղթական ձեռքբերում։

Ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս Ադրբեջանի առաջնորդը նաև կոչ է արել ՄԱԿ-ին «նոր օրակարգ նախապատրաստել Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս բերելու համար»: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի եղել և չի լինի բանակցությունների առարկա։ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»,- հայտարարել է նա:

ՄԱԿ-ին ուղղված իր ծավալուն ելույթի առյուծի բաժինը առաջին խոսքերից սկսած նախագահ Ալիևը նվիրել է Հայաստանին՝ հնչեցնելով կոշտ քննադատություն և մեղադրանքների տարափ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի իշխանությունների հասցեին։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։



 Պիտակներ
         Ալիև


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb