Ալեքսանդր Սոլժենիցին. Ապրել առանց ստի…

Մարդիկ 08.01.2021   20:00   1659

«…Արդեն պռնկին է հասել, համընդհանուր հոգևոր մահը պարուրել է բոլորիս: Ֆիզիկականն էլ ուր որ է կբռնկվի ու մեզ էլ կայրի, մեր երեխաներին էլ, իսկ մենք առաջվա պես շարունակում ենք վախվորած ժպտալ  և թոթովախոսել.

- Իսկ ինչո՞վ ենք մենք խանգարելու: Մենք անուժ ենք: Մենք այնպես անհուսալիորեն ենք ապամարդկայնացել, որ այսօրվա համեստ կերակրի դիմաց կզոհաբերենք մեր բոլոր սկզբունքները, մեր հոգին, մեր նախահայրերի ներդրած բոլոր ջանքերը, գալիք սերունդների համար «տնտեսված» բոլոր հնարավորությունները, միայն թե չխաթարենք սեփական դյուրաբեկ ու խախուտ գոյությունը:

Մեզ մոտ չի մնացել ո՛չ հաստատակամություն, ո՛չ հպարտություն, ո՛չ էլ սրտի ջերմություն: Մենք անգամ մեզ սպառնացող համընդհանուր միջուկային աղետից չենք վախենում ( պատի որևէ ճեղքում կթաքնվենք,էլի): Մենք միայն վախենում ենք քաղաքացիական համարձակությամբ պայմանավորված քայլերից: Միայն թե չպոկվենք նախրից, միայն թե ինքնուրույնաբար որևէ քայլ չանենք և հանկարծ չմնանք առանց սպիտակ հացի, առանց գազի ջեռուցիչի…

Քաղաքական շրջանակների կողմից մեզ ներարկածը սերտաճել ու ծիլ է տվել, դարձել՝ հարմարավետ ապրելու հաստատուն կռվան: Ու այդպես՝ մի ամբողջ դար: Միջավայրը, սոցիալական պայմանները. սրանցից չես փախչի, կեցությունն է պայմանավորում գիտակցությունը, մենք ինչ գործ ունենք:

Մենք ոչինչ չենք կարող: Իսկ մենք  կարող ենք ամեն բան, սակայն խաբում ենք, որպեսզի հանգստացնենք ինքներս մեզ: Ոչ մի դեպքում դեպքում «նրանք» չեն ամեն ինչի մեղավորը,- այլ մենք, ինքներս, միայն մենք:

Կհակաճառեն. բայց, իսկապես, ելք չես գտնի: Մեր բերանները փակել են, մեզ չեն լսում, չեն հարցնում: Ինչպես ստիպենք նրանց, որ մեզ լսեն:

Ետ համոզել նրանց` անհնար է: Բնական կլիներ` նրանց վերընտրել, բայց վերընտրություններ մեր երկրում չեն լինում:

Արևմուտքում մարդիկ գործադուլներ գիտեն, բողոքի ցույցեր, բայց մենք չափից դուրս ծեծված ենք, դա մեզ համար սարսափելի է: Ոնց կլինի` հանկարծ` հրաժարվենք աշխատանքից, ոնց կլինի հանկարծ` դուրս գանք փողոց:

Դե իսկ ռուսական  դառը պատմության մեջ վերջին հարյուրամյակի ընթացքում փորձարկված մյուս ճակատագրական ուղիները, առավել ևս մեզ համար չեն, և հիրավի` հարկավոր էլ չեն:

Այժմ, երբ բոլոր կացիններն իրենցը կտրել են, երբ բոլոր սերմերը ծիլ են արձակել, ակնհայտ է, թե ինչպես են մոլորվել, ինչպես են մոլագարվել այն ինքնասպան  ջահելները, ովքեր  մտածում էին տեռորով, արյունոտ  ապստամբությամբ ու քաղաքացիական պատերազմով երկիրը դարձնել երջանիկ:

Ոչ, շնորհակալ ենք, լուսավորության հայրեր: Հիմա մենք արդեն  գիտենք, որ  մեթոդների նողկալիությունը վերաճում է արդյունքների նողկալիության: Մեր ձեռքերը թո°ղ մաքուր լինեն: Ուրեմն փակվեց շրջանակը:

Եվ ելք իսկապես չկա: Եվ մեզ մնում է սոսկ անգործության մեջ սպասել. գուցե ինքն իրեն մի բան տեղի կունենա:

Սակայն երբեք այն մեզնից ինքն իրեն պոկ չի գա, եթե մենք բոլորս օրեր շարունակ ճանաչենք, փառաբանենք և հաստատուն դարձնենք այն, եթե ետ չքաշվենք թեկուզ նրա ամենազգայուն կետից: Ստից: Երբ բռնությունը ներխուժում է մարդկային խաղաղ կյանք, նրա դեմքը ճառագում է ինքնավստահությունից, այն այդպես էլ հայտնվում է դրոշի վրա և բղավում՝ «Ես Բռնությունն եմ: Ցրվիր, ետ քաշվիր` կճզմեմ»:

Բայց բռնությունը շուտ է ծերանում, մի քանի  տարի` և այն արդեն վստահ չէ իր վրա, և որպեսզի դիմանա, որպեսզի բարեկիրթ տեսք ունենա, անխուսափելիորեն իրեն դաշնակից է ընտրում ստին: Քանզի բռնությունը ոչնչով չի կարող քողարկվել, բացի ստից, իսկ սուտը կարող է գոյատևել միայն բռնությամբ: Եվ ամեն օր ու ամեն ուսի վրա չի բռնությունն իր ծանր թաթը դնում. այն  պահանջում է մեզնից միայն հնազանդություն, ամենօրյա  մասնակցություն ստին`և սա է ողջ հավատարմությունը:

Եվ հենց այստեղ է թաքնված մեր կողմից անտեսված մեր ազատագրման ամենապարզ, ամենամատչելի բանալին. անձամբ չմասնակցել ստին: Թող որ սուտը պատել է ամեն բան, թող որ սուտը տիրում է ամենին, բայց փոքրագույնի մեջ համառենք. թող այն տիրի,բայց ոչ մեր մեղքով: Եվ դա ճեղքվածք կարող է առաջացնել մեր անգործության կարծեցյալ օղակում` ամենահեշտը մեզ համար և ամենակործանարարը ստի: 

Քանզի երբ մարդիկ ետ են քաշվում ստից, այն պարզապես դադարում է գոյություն ունենալ: Վարակի պես, այն կարող է գոյատևել միայն մարդկանց մեջ: Կանչից չենք ազդվում, մենք դեռ չենք հասունացել հրապարակներ գնալու և բարձրագոչ բղավելու, բարձրաձայն արտահայտելու համար այն ինչ մտածում ենք. պետք չէ, սարսափելի է դա: Բայց գոնե հարաժարվենք ասել այն, ինչ չենք մտածում: Ահա սա է ճանապարհը, ամենահեշտը և մատչելին մեզ սերտաճած օրգանական վախի պայմաններում, ինչը Գանդիի քաղաքացիական անհնազանդությունից ավելի հեշտ է:

Մեր ճանապարհը՝ գիտակցաբար ոչնչով ստին չաջակցելն է: Գիտակցելով, թե որտեղ է ստի սահմանը՝…հարկ է ընկրկել այդ փտախտային սահմանագծից… ու չսոսնձել  Գաղափարախոսության  մեռած ոսկորներն ու թեփուկները ու չկցմցել փտած հնոտիները: Եվ այդ ժամանակ մենք ապշահար կլինենք տեսնելով, թե անօգնական է դառնում ու ինչ արագությամբ է սուտը պակասում: Ինչը մերկ է, այն մերկ էլ պիտի հայտնվիաշխարհին:

Եվ այսպես, ամենայն ամոթխածությամբ թող յուրաքանչյուրն ընտրի. արդյոք նա մնում է ստի գիտակից ծառա (օ, հարկավ, ոչ ըստ հակումի, այլ ընտանիքը կերակրելու , երեխաներին ստի հոգով դաստիարակելու համար), թե եկել է ժամանակը իր վրայից թոթափելու այն՝ որպես ազնիվ մարդ,և՛ իր երեխաների, և՛ իր ժամանակակիցների հարգանքի աժանանալու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է որպեսզի նա այսօրվանից՝

  • չգրի, չստորագրի, չտպագրի ոչինչ, չանի ոչ մի արտահայտություն, որն իր կարծիքով աղճատում է ճշմարտությունը,
  • կեղծ արտահայտություն չարտաբերի ո՛չ մասնավոր զրույցի ժամանակ, ո՛չ մարդաշատ վայրերում, ոչ իր, ոչ իր ուսուցչի կամ դաստիարակի անունից, ոչ էլ՝ թատերական դերի միջոցով,
  • նկարչությամբ, քանդակի, լուսանկարի միջոցով գիտակցաբար չպատկերի, չհաղորդի ոչ մի կեղծ միտք, թույլ չտա ճշմարտության և ոչ մի աղճատում,
  • ինչ-որ մեկին դուր գալու, ինքն իրեն ապահովագրելու, կամ սեփական աշխատանքի հաջողության համար չանի ոչ բանավոր, ոչ գրավոր և ոչ մի մեջբերում, եթե մեջբերվող մտքի հետ լիովին համաձայն չէ…
  • թույլ չտա իրեն ստիպեն գնալ հանրահավաքի կամ ցույցի, եթե դա դեմ է իր ցանկությանը, իր ձեռքը չվերցնի և չպարզի լոզունգ, որի հետ ամբողջովին համաձայն չէ,
  • քվեարկման ժամանակ ձեռք չբարձրացնի այն առաջարկի համար, որի հետ հոգու խորքում համակարծիք չէ, ոչ ակնհայտ, ոչ գաղտնի կերպով չքվեարկի այն անհատի համար, ում անարժան ու կասկածելի է համարում,
  • թույլ չտա, որ իրեն տանեն հավաքի, որտեղ սպասվում է հարցի ստիպողական քննարկում,
  • նույն վայրկյանին կլքի այն նիստը, ժողովը, դասախոսությունն ու ներկայացումը՝ որտեղ ելույթ ունեցողից կլսի սուտ կամ անամոթ քարոզ,
  • չգնի որևէ լրագիր կամ թերթ, որտեղ տեղեկություններն աղճատվում, իսկ առաջնային կարևորության փաստերն էլ քողարկվում են:

Մենք, իհարկե, թվարկեցինք ստից խուսափելու ոչ բոլոր հնարավոր և անհրաժեշտ ուղիները: Բայց ով սկսի մաքրվել, արդեն ինքն իր մաքրված հայացքով կսկսի հեշտությամբ տարբերել մյուս դեպքերը: Այո, սկզբում, պայքարն անհավասար կստացվի: Ինչ-որ մեկը ժամանակավորապես կկորցնի աշխատանքը:

Երիտասարդների համար ճշմարտությունը, որով ուզում են ապրել, էապես կբարդացնի կյանքը, չէ որ դասերը, որոնք դասավանդվում են, ևս լեցուն են ստով, այնպես ոչ՝ պետք է ընտրություն կատարել: Բայց ոչ մեկի համար, ով ուզում է ազնիվ լինել, այստեղ սողոսկելու տեղ չի մնացել:

Մեզանից և ոչ մեկըի կարող խուսափել վերոբերյալ քայլերից և որևէ մեկից: Նա կամ պիտի գնա դեպի ճշմարտության, կամ ստի կողմը, հոգևոր անկախության կամ հոգևոր լակեյության կողմը: Եվ նա, ում համարձակությունը չի զորի անգամ իր հոգու պաշտպանության համար, թող չհպարտանա իր առաջադեմ հայացքների համար, կամ ասենք նրանով՝ որ ինքն ակադեմիկոս է, ժողովրդական արտիստ, վաստակավոր գործիչ կամ գեներալ:

Թող հենց ինքն իրեն էլ խոստովանի .«Ես անասուն  եմ և վախկոտ, միայն  թե կուշտ լինեմ ու տաքուկ»: Նույնիսկ այս ճանապարհը` դիմադրության բոլոր ճանապարհներից ամենաչափավորը, լճացածներիս  համար հեշտ չի լինի: Բայց որքան էլ հեշտ լինի ինքնակիզումից կամ նույնիսկ հացադուլից, բոցը չի համակի քո մարմինը, աչքերդ չեն պայթի ջերմությունից, դե իսկ մաքուր ջրի հետ սև հաց՝ միշտ էլ քո ընտանիքի համար կգտնվի:

Դա հեշտ ճանապարհ չի լինի: Բայց դա ամենահեշտը կլինի բոլոր հնարավորներից: Դժվար ընտրություն մարմնի, բայց միակը՝ հոգու համար: Դժվար ճանապարհ է, բայց մենք արդեն ունենք մարդիկ, նույնիսկ տասնյակ մարդիկ, ովքեր տարիներով պահում են վերը թվարկածս կետերը և ապրում ճշմարտությամբ:

Ուրեմն, ոչ թե անհրաժեշտ է առաջինը ոտք դնել այդ ճանապարհին, այլ ընդամենը՝ միանալ: Ինչքան միասնաբար և մեծ քանակով ոտք դնենք այդ ճանապարհին, այնքան ավելի հեշտ ու կարճ կթվա մեզ այդ ճանապարհը: Մենք կլինենք հազարներ, և ոչ ոքի հետ հաշվեհարդար չեն կարող տեսնել ու ոչինչ չեն կարողանա անել:

Մենք կլինենք տասնյակ հազարներ, և այլևս չենք ճանաչի մեր սեփական երկիրը: Եթե վախենանք, ապա հերիք է բողոքենք, թե ինչ-որ մեկը մեզ թույլ չի տալիս շնչել, այդ մենք ենք, որ ինքներս մեզ թույլ չենք տալիս…»: Մի քիչ էլ  կռանանք, սպասենք, իսկ մեր եղբայր կենսաբանները կօգնեն մոտեցնել մեր մտքերի ընթերցումը և մեր գեների վերափոխումը:

Եթե այստեղ էլ մենք վախենանք, ուրեմն ոչնչություն ենք, անհուսալի ենք և մեզ է ուղղված պուշկինյան արհամարհանքը՝

Ինչին են պետք նախիրներին ազատության պարգևները:

Նրանք ի ծնե ժառանգում են

Մտրակն ու լուծը զանգուլակներով …


 Պիտակներ
         Սոլժենիցին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb