Ալեքսանդր Սայադյան. Կդորըմ մարդ եղեք

Տեսանկյուն 30.01.2019   20:00   300

Ելնելով մասնագիտական համերաշխությունից, տարիներ առաջ ինքս ինձ խոսք էի տվել երբեք չխոսել ժուռնալիստական համքարությանը պատկանող մարդկանց մասին, առավել ևս չքննադատել նրանց։ Սակայն այսօր եկել է մի ժամանակ, որ ստիպված պիտի դրժեմ ինձ տված խոստումս, որովհետև այլևս լռելը համարում եմ հանցագործություն, որովհետև կան արժեքներ, որ շատ ավելի թանկ են, շատ ավելի կարևոր են, քան մասնագիտական համերաշխությունը։ Ընդ որում այս մասին ուզում էի գրել դեռ ամսու 16-ին` ժուռնալիստների միության նախագահ Սեյրանյան Սաթիկի և «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Օհանյան Արմինեի ասուլիսներից հետո, բայց քանի որ բարկությունն ու զայրույթը ամենավատ խորհրդատուներն են մի կերպ ինձ զսպեցի։ 

Վերոհիշյալ տիկնանց հիմնական թեման խոսքի ազատության իրավունքն էր, որ, ըստ իրենց, այսօր ոտնահարվում է, որ թե' էլեկտրոնային, թե' տպագիր լրատվամիջոցների վրա ճնշում է գործադրվում և որ դրա մեղավորը վարչապետն է։ 

Այստեղ են ասել` հասա՜նք...

Հարգելի տիկնայք, հենց սկզբից ասեմ, որ ինքներդ ձեզ հակասում եք, որովհետև եթե ձեր խոսքի ազատության իրավունքը սահմանափակող լիներ, դուք դույզն իսկ հնարավորություն չէիք ունենա ոչ միայն այդպես չարությամբ, սարկազմով, նույնիսկ «ձեռառնոցիով» խոսել, այլև ծպտուն անգամ չէիք հանի։

Խոսում էիք խոսքի ազատությունից, իշխանականից տարբեր կարծիք ունենալու, քննադատելու իրավունքից... Երկու ձեռքով քվեարկում եմ ձեր պահանջների օգտին, որովհետև սեփական բազմամյա փորձից գիտեմ, թե ինչ է զգում ժուռնալիստը, երբ զրկված է այդ իրավունքից, երբ աշխատում է գրաքննության (цензура) մամլիչի տակ, այն մամլիչի, որի առկայությամբ աշխատել ու նույնիսկ ծպտուն չեք հանել սերժառոբական վերջին երկու տասնամյակների ընթացքում։ 

Նոր երկիր ենք կառուցում, ունենք իսկական ազատությունից ոգևորված ժողովուրդ, ունենք նոր իշխանություն` թեկուզ անփորձ, բայց, գոնե իմ կարծիքով, իր մտադրություններում ազնիվ։ Եվ, որպեսզի նորերը չշեղվեն մեր ուզած ճանապարհից, լրագրողական համքարությունը պիտի կատարի աչալուրջ հսկիչի իր դերը, դառնա իսկական չորրորդ իշխանություն, ինչը ենթադրում է նաև քննադատություն։ Ընդ որում դրանից չի կարող ապահովագրված լինել ոչ ոք, ներառյալ վարչապետը։ Բայց քննադատությունը պիտի լինի անաչառ, տեղին, արվի գործի հաջողության համար ցավալով, օգնելու, օժանդակելու ու աջակցելու ցանկությամբ, այլ ոչ թե թույն ու թարախ ժայթքելով, փոքր անհաջողության ու սխալի վրա չարախնդալով, ինչը անում եք դուք վերջին ինը ամիսներին։

Հեռուստաեթերը, մամուլը, համացանցային կայքերը ողողել եք հենց ձեր ուզած ազատ խոսքով, իմա` չարախնդություն, կեղծիք, սուտ, ապատեղեկատվություն, ապակողմնորոշում, բամբասանք, զրպարտություն։ Եվ այսքանից հետո խոսում եք ճնշումների՞ց։ Ուրեմն ի՞նչ է ձեր արածը, եթե ոչ թշնամություն, եթե ոչ նենգադուլ, եթե ոչ նոր պետականության հիմքերի խարխլում։ Ո՞րն է ձեր ուզածը... Ոնց որ կասեր լուսահոգի Ֆրունզիկի հերոսը` կդորըմ մարդ եղեք։

Շատ լավ է, որ այսօր չունենք գլավլիտ, որը կհետևեր ձեր ամեն կետին ու ստորակետին, բայց իսկական, ազնիվ, անաչառ յուրաքանչյուր ժուռնալիստ պիտի ունենա ԻՐ ՆԵՐՔԻՆ գլավլիտը, պիտի գիտակցի, որ իր գրիչը կարող է ավելի մեծ վնաս տալ, ավելի մեծ ավերածություններ պատճառել, քան ժամանակակից շատ ու շատ զինատեսակներ։ 

Հ.Գ.

2000-ին հեռացա հեռուստատեսությունից կեղծիքի ու ստի հետ չհամակերպվելու պատճառով:

2004-ին Հանրային ռադիոյում փակեցին հեղինակային ծրագիրս, որը գոյության ութ ամիսների ընթացքում «Ինտերնյուսի» հարցումներով վեց անգամ ճանաչվել էր Հանրային ռադիոյի լավագույն ծրագիրը։

Հետագայում, երբ այդ նույն ծրագրով տեղափոխվեցի ռադիո «Արձագանք», իմ` խոսքի ազատության իրավունքից օգտվելու պատճառով, ռադիոյի տնօրեն Եղիշե Պետրոսյանին էին հրավիրել նախագահական, ինչպես ասում են «вызвали на ковер». Իսկ այդ ծրագիրը ի տարբերություն այսօրվա հեռուստառադիոեթերի, կիրթ էր, արժանապատիվ` իր քննադատություներով հանդերձ, ինչը կհաստատեն իմ նախկին ունկնդիրները։ Սա չընդունեք որպես ինքնագովազդ, քավ լիցի, ինքնահաստատման խնդիր չունեմ։

Պարզապես ուզում եմ, որ տեսնեք այն և այս ժամանակների տարբերությունը...

 



 Պիտակներ
         Ալեքսանդր Սայադյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon