ԱԺ-ն ընդունեց բռնության հրապարկային կոչը և քարոզը քրեականացնող օրինագիծը

Քաղաքական 07.03.2021   11:00   907

Մեկ տարի առաջ այս օրը՝ առանց մեկնաբանության

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ատելության խոսքի՝ բռնության հրապարակային կոչի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու համար սահմանել քրեական պատասխանատվություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

Նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհահայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծննդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար:

Կոչեր ասելով պետք է հասկանալ անձանց գիտակցության և կամքի վրա այնպիսի ազդեցությունը, որն ուղղված է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելուն: Քարոզն անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության գործադրելուն ուղղված գաղափարների տարածումն է: Որպես քարոզ չի կարող դիտվել բռնություն գործադրելուն ուղղված գաղափարների տարածումը միայն մեկ անձի մոտ:

Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ թե ցանկացած բռնության կոչի, այլ միայն հանցակազմում թվարկված հանգամանքներով պայմանավորված բռնության կոչերի համար: Այդ գործերի քննությունը կվերապահվի ՀՀ քննչական կոմիտեին:

Հանրային վտանգավորության տեսանկյունից արարքը համարվելու է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի համար պատասխանատվություն է նախատեսվելու կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-150-պատիկի չափով և ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտնեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու, և եթե նախագիծն ընդունվի, երկրորդ ընթերցմամբ քննարկման համար կներկայացնեն առաջարկներ:

«Լուսավոր Հայաստան»-ից Տարոն Սիմոնյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի, սակայն երկրորդ ընթերցմամբ քննարկման համար կներկայացնեն իրենց առաջարկությունները:

Փաթեթը քվեարկությամբ ստացավ 91 կողմ, 21 ձեռնպահ ձայներ:


 Պիտակներ
         բռնության հրապարկային կոչ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb