ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-ում ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերը ներդաշնակեցնելու հարցը

Իրադարձային 20.01.2021   12:05   47

ԱԺ-ն քննարկեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նա նշեց, որ համաձայնագրի վավերացման նպատակը գալիք 4 տարիների ընթացքում ծխախոտի արտադրանքի համար անդամ պետություններում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցումն է:

«Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 19-ին: Միաժամանակ ԵԱՏՄ անդամ պետությունները պարտավորվում են մինչև 2024 թվականը ապահովել ակցիզային հարկի դրույքաչափերի համապատասխանությունը համաձայնագրով սահմանված նվազագույն չափերին: Համաձայնագիրը ենթադրում է ծխախոտի արտադրանքի համար կողմնորոշիչ դրույքաչափի սահմանում, 2024-ի ավարտի համար առաջարկվում է 1000 գլանակի համար 35 եվրոյին համարժեք ազգային արժույթի չափով: Նշյալ դրույքաչափից թույլատրելի շեղումները 2024 թվականի համար կարող են լինել ոչ ավելի, քան 20 տոկոս դեպի ներքև և ոչ ավելի, քան 20 տոկոս դեպի վերև»,-ասաց նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հետաքրքրվեց՝ այս համաձայնագրի ուժի մեջ մտնելը կխրախուսի արտահանումը, թե ներմուծումը, և դա ՀՀ բյուջետային և եկամտային մասի վրա ի՞նչ ազդեցություն կունենա:

«Այս համաձայնագրի կիրառման ընթացքում կունենանք աստիճանաբար ակցիզային հարկի ներդաշնակեցում ծխախոտի արտադրանքի մասով: ԵԱՏՄ-ում տարիների ընթացքում կձևավորվի ծխախոտի արտարդրանքի միասնական շուկա, թեև հիմա մեր արտադրողները երկրի ներսում սպառվող ծխախոտի մասով վճարում են հայաստանյան ակցիզային հարկ, ՌԴ կամ Ղազախստան արտահանելու դեպքում վճարում են տվյալ երկրի ակցիզային հարկերը, դրանք համեմատաբար ավելի բարձր են, կարծում եմ, արտահանողների վրա բացասական ազդեցություններ էականորեն չենք ունենա»,-պատասխանեց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է բյուջեի եկամտային մասի վրա ինչ ազդեցություն կունենա համաձայնագրի վավերացումը, Պողոսյանը նշեց, որ քաղաքականությունը Հարկային օրենսգրքի շրջանակով է ստանձնած, ինչը միանշանակ կհանգեցնի հարկային եկամուտների աճի:


 Պիտակներ
         ծխախոտային արտադրանք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb