ԱԳՆ խոսնակը՝ Էրդողանի օգնության առաջարկի մասին․ «Օրակարգում նման հարց գոյություն չունի»

Իրադարձային 10.04.2020   09:45   165

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Թուրքիայից ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման հարցին, ինչպես նաև՝ մեկնաբանել Պոլսո Հայոց Պատրիարքարանի կողմից տրված մամուլի հաղորդագրությունը, ըստ որի՝ Թուրքիան առաջարկում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում Աննա Նաղդալյանը մասնավորապես ասել է․  «Հայաստանի կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան ապահովելու ուղղությամբ, և առաջնահերութություն է հատկապես տրվում համավարակի լայն տարածում ստացած երկրներում դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիների տեղափոխմանը: Այդ պատճառով որոշում կայացվեց տեղափոխել Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիներին:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ հետ կապ են հաստատել Թուրքիայում գտնվող մոտ հարյուր ՀՀ քաղաքացիներ: ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով։ Նրանք Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի»։

Անդրադառնալով նաև Պոլսո Հայոց Պատրիարքարանի հրապարակած մամուլի հաղորդագրութան մեջ նշված այն հանգամանքին, թե Թուրքիան նախատեսում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, Նաղդալյանը նշել է․ «Մենք ծանոթ ենք Պոլսո Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի»:



 Պիտակներ
         Էրդողան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon