Աղտոտված քաղաքներ․ Ուլան Բատոր, Մոնղոլիա

Աշխարհ 14.05.2020   22:00   857

Էկոլոգիական տեսանկյունից աննպաստ քաղաքների շարքում է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորը, որի անվանումը թարգմանվում է որպես «կարմիր դյուցազուն»։ Այս խոշոր քաղաքի բնակչության թիվը 1,2 միլիոնից ավելի է։ Քաղաքը տեղավորված է գեղեցիկ լեռնային տեղանքում՝ Տուուլ գետի հովտում։ Արտադրության ակտիվ զարգացումը մոտ 50 տարվա ընթացքում գեղատեսիլ քաղաքի էկոլոգիան աղետալի վիճակի է հասցրել։ Ներկայումս Ուլան Բատորում է գտնվում երկրի արտադրական կոմպլեքսների համարյա կեսը։

Քաղաքում ավտոկցիչներ արտադրող խոշոր մեքենաշինական գործարան, մի քանի մսի գործարան, կենդանական հումքի վերամշակման գործարան, մետաղաշինական գործարաններ կան։ Նաև 4 ջերմաէլեկտրակայան կա, որոնք էլեկտրականությամբ են ապահովում համարյա ողջ երկիր։ Քաղաքի էկոլոգիական իրավիճակն էլ ավելի է բարդացնում ավտոմեքենաների քանակը, որը տարեցտարի աճում է։

Խիստ մայրցամաքային կլիման էլ իր տհաճ սրբագրումներն է մտցնում։ Ամռանը Մոնղոլիայի մայրաքաղաքում հաճախ 40 աստիճան շոգ է, իսկ ձմռանը ջերմաստիճանն իջնում է մինչև մինուս 30 աստիճան ցելսիուս։ Համաշխարհային առողջապահական կազմակերպության 2013 թվականի տվյալներով՝ օդի աղտոտվածության մակարդակը 279 միավոր է։

Քաղաքը պատած ծուխն այնքան խիտ է, որ տեղի օդանավակայանը չի կարողանում ինքնաթիռներ ընդունել։ Որքան էլ զարմանալի է, բայց քաղաքի էկոլոգիային վնաս են հասցնում ոչ միայն գործարաններն ու ջերմակայանները, այլ նաև վրաններում ապրող քոչվորները։ Ձմռանը նրանք իրենց համեստ կացարանները տաքացնում են փայտով ու ածուխով։ Խիտ բնակեցված վրանային թաղամասերում մթնոլորտ արտանետվող ծխի քանակը հսկայական է։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         ամենաաղտոտված քաղաքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon