Ադրբեջանը խախտել է ՀՀ պետական սահմանը, զիջման մասին խոսք լինել չի կարող․ Փաշինյան

Քաղաքական 27.05.2021   15:40   81

Թշնամու գործողությունների մեր պատասխանը պետք է լինի համախմբումը, Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում կարևոր է սթափությունը, քանի որ շատ նյարդային և հուզական իրավիճակ է․

«Եթե սթափությունը կորցնենք, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատել և ճիշտ որոշումներ կայացնել։ Կարևոր խնդիր է նաև տեղեկատվությունների մեջ թացը չորից կարողանալ տարբերել։ Չդառնալ տեղեկատվական պատերազմի զոհ։ Ձեր աչքերի մեջ նայելով ասում եմ՝ հանկարծ, խնդրում եմ, որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա Կառավարությունն ինչ-որ ստվերային մութ գործարքների և դավադրությունների մեջ է»։

Նա նշեց՝ թեև լցված ենք հայրենիքի հանդեպ էմոցիոնալ սիրով, էմոցիոնալ քայլեր չպետք է անել։ Այսօր Ադրբեջանը խախտել է ՀՀ պետական սահմանն ու այլ տեսակետ լինել չի կարող, խոսք լինել չի կարող նաև զիջման մասին։

«Մենք հստակ ասում ենք՝ միջազգային իրավունքի համաձայն սա մեր սուվերեն տարածքն է և Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է մեր տարածքից դուրս գա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Բնակիչներից մեկը նշեց, որ գերեվարվածներից մեկի քեռին է և ուզում է հասկանալ՝ հստակ ումից իմանան՝ երբ բաց կթողնեն գերիներին։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տեսախցիկների առաջ չի ուզում խոսել, մի փոքր ուշ առանձին կպատասխանի այդ հարցին։

Գյուղացիները Նիկոլ Փաշինյանին ցույց տվեցին իրենց ցանած արտերը, որտեղ այժմ թշնամին է, և նշեցին, որ հույս էլ չունեն, որ կկարողանան վերադառնալ ու հնձել իրենց արտերը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb