Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը կվերանայվի. Էնթոնի Բլինկեն

Իրադարձային 22.01.2021   15:28   63

Ի պատասխան Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեզի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) ու Սենատոր Էդ Մարքիի (Դեմոկրատ, Մասաչուսեթս) կողմից բարձրացված հարցերին` ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնի համար առաջադրված Էնթոնի Բլինկենը վերահստատեց Բայդեն-Հարիս թիմի նախընտրական քարոզարշավի խոստումը` «ճանաչել Հայոց ցեղասպանությունը», ինչպես նաև արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղ կարգավորման գործընթացի կարևորության մասին` ի թիվս այլ հարցերի, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Պատասխանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սենատոր Մարքիի հարցին` Պետքարտուղարի պաշտոնի համար առաջադրված Բլինկենը վերահաստատեց Բայդենի խոստումը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Որպես նախագահի թեկնածու, նախագահ Բայդենը Հիշատակի օրվա իր հայտարարության մեջ խոստացավ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Մեր վարչակազմը պարտավորվելու է առաջնահերթություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն չկրկնվի: Վարչակազմը, պաշտոնում հաստատվելուց հետո, կձևավակերպի Սպիտակ տան հայտարարության տեքստը՝ Հիշատակի օրը նշելու համար և կխորհրդակցի Կոնգրեսի հետ այս կարևոր հարցի վերաբերյալ»:

Ի հավելումն Հայոց ցեղասպանության, Բլինկենը հայտարարեց, որ Վարչակազմը «նորովի կվերսկսի ԱՄՆ-ի ներգրավվածությունը` գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորում, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»: Համագումարը լիովին սատարում է այս դիրքորոշումը: Արցախի ժողովրդի ապահովությունն ու անվտանգությունը խիստ կարևոր են, նույնքան կարևոր է ռազմագերիների անհապաղ ազատումը, ովքեր դեռ պահվում են Ադրբեջանի կողմից՝ անկախ բոլոր ռազմագերիներին ազատելու պայմանավորվածությունից:

Հաշվի առնելով վեցշաբաթյա պատերազմը, որն Ադրբեջանը սանձազերծեց հայ ժողովրդի դեմ, Բլինկենը նշեց, որ Վարչակազմը «կվերանայի» Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ անվտանգության աջակցությունը: Համագումարը վճռականորեն աջակցում և հորդորում է Բայդեն-Հարիս վարչակազմին լիովին իրագործել Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևը, որն ընդունվել էր 1992թ.-ին՝ ի պատասխան Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի թշնամական գործողություններին:

Բլինկենը նաև պարտավորվեց աշխատել՝ ապահովելու, որ պատերազմի պատճառով ծագած հայ ժողովրդի մարդասիրական կարիքները բավարարվեն և ընդգծեց իր հաստատուն աջակցությունը «Լեռնային Ղարաբաղում ականազերծման ջանքերի համար ԱՄՆ ֆինանսավորմանը», որը նախորդ վարչակազմի պաշտոնավարման ժամանակ աստիճանաբար կասեցվել էր: Բացի այդ, Բլինկենը ընդգծեց իր աջակցությունը «Հայաստանին անվտանգության աջակցության և ժողովրդավարական կառավարման ամրապնդման ու տնտեսական աճի խթանման նպատակով օգնության տրամադրմանը», որոնք երկուսն էլ կնպաստեն Հայաստանի անվտանգության և դիմացկունության ամրապնդմանը:

«Համագումարը ողջունում է Պետքարտուղարի պաշտոնի համար առաջադրված Բլինկենի արձագանքներն ի սատարումն Հայաստանին և Արցախին, որոնք համահունչ են Նախագահ Բայդենի և փոխնախագահ Հարիսի ստանձնած պարտավորություններին և գնահատում է իր կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթի գործածումը, ինչն ակնհայտ տարբերություն է դնում նախորդ Պետքարտուղարի թեկնածուների հետ»,– ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Մենենդեզին ու Մարքիին Հայաստանի և Արցախի ժողովրդի համար իրենց շարունակական առաջնորդության և աջակցության համար՝ հատկապես հետպատերազմյան այս վճռական շրջանում և դրանից բխող հումանիտար ճգնաժամի ընթացքում»,– հավելեց Արդունին:

Ամերիկայի հայկական համագումար


 Պիտակներ
         Էնթոնի Բլինկեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb