Ադրբեջանի՝ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը բարձրացվել է դատախազական միջազգային կառույցներում

Իրադարձային 07.10.2020   16:41   38

ՀՀ գլխավոր Արթուր Դավթյանը Ադրբեջանի կողմից կատարվող խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը բարձրացրել է դատախազական միջազգային կառույցներում։

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ հուլիսից-հոկտեմբեր ամիսներին սանձազերծած ագրեսիվ պատերազմի և դրա ընթացքում իրականացվող ծանրագույն հանցագործությունների, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող և կոպտագույն խախտումների խնդիրները բարձրացրել է ԱՊՀ Մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի, ինչպես նաև Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի շրջանակներում:

Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի կողմից, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, քաղաքացիական բնակչության կյանքի համար վտանգավոր եղանակով իրականացվում են լայնածավալ ռազմական գործողություններ: Հայաստանի և Արցախի բազմաթիվ խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական, այդ թվում նաև բնապահպանական, բնակչության քաղաքացիական պաշտպանության, կրթական ենթակառուցվածքները թիրախավորված հարվածներ են ստանում հեռահար հրթիռների միջոցով, որոնց հետևանքով ՀՀ և ԱՀ պետական սահմանին մերձ բնակավայրերի, Արցախի՝ շփման գծից զգալիորեն հեռու քաղաքների, գյուղերի բնակչության շրջանում 20-ից ավելի քաղաքացիական անձ, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ են մահացել, մեծ թվով քաղաքացիական անձինք մարմնական վնասվածներ են ստացել, անձանց գույքին պատճառվել են մեծածավալ վնասներ:

Ըստ աղբյուրի, շեշտվել է այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին անմիջականորեն ներգրավված են Սիրիայից և Լիբիայից տեղափոխված անօրինական զինված ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների վարձկան զինյալներ, իսկ առկա տվյալները վկայում են զինված հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության, վերջինիս ազդեցությամբ հակամարտության էսկալացիայի խորացման մասին:

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից հակամարտության տարածքում իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին, այդ թվում նաև միջազգային անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին բնակավայրերում դիտավորությամբ թիրախավորելու, նրանց կյանքի և առողջության համար սպառնալիք ստեղծելու և բնականոն գործունեության իրականացմանը խոչընդոտելու դրսևորումների վրա։

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմ վարելու, վերոնշյալ այլ հանցագործությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական վարույթներ և ակտիվ դատավարական գործողություններ են իրականացվում այդ հանցագործությունների մանրամասն փաստագրման, ապացույցների ձեռքբերման միջոցով տեղի ունեցողին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և հանցագործություն կատարած անձանց նաև միջազգային իրավունքի համատեքստում քրեական պատասխանատության ենթարկելուն հետամուտ լինելու համար:

Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահ Ժոզե Մանուել Սանտոս Պայսին ուղղված նամակում Արթուր Դավթյանը նաև ընդգծել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու նշանակությունը և շեշտել կիրառված միջանկյալ միջոցառումների անհապաղ կատարման կարևորությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի արգելում) պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից:

Տեղեկացվել է նաև, որ ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մարդու հիմնարար իրավունքների տոտալ խախտումների վերաբերյալ փաստական տվյալները ՄԻԵԴ ներկայացնելու ուղղությամբ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազը ԱՊՀ Մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդին, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդին կոչ է արել օգտագործել իրենց կազմակերպությունների հեղինակությունն ու ազդեցությունը՝ նպաստելու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և իրենց միջազգային պարտավորությունները կատարելուն ուղղված միջազգային հանրության, հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ամենաբարձր մակարդակով գործադրվող ջանքերին:

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ և ԵՄ անդամ պետությունների դատախազություններ ներկայացված նամակներով բարձրացվել է հատկապես ահաբեկչության դեմ պայքարին առնչվող բազմակողմ միազգային պայմանագրերով սահմանված կարգով ահաբեկիչների, ինչպես նաև խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված այլ հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ապահովման ուղղությամբ արդյունավետ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Նկատի ունենալով, որ Ադրբեջանի բանակը ագրեսիվ պատերազմական գործողություններ է ծավալում անմիջականորեն Իրանի հետ սահմանին, ահաբեկիչների հայտնաբերման ու չեզոքացման հարցը բարձրացվել է նաև ԻԻՀ գլխավոր դատախազին հղված Արթուր Դավթյանի նամակով:



 Պիտակներ
         դատախազական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb