Ադրբեջանական կողմը կրակում է Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

Իրադարձային 15.02.2021   12:28   54

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ 

«Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:

Այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ, օրվա տարբեր ժամերի՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, այն նկարել են մեր դիրքապահները:

Տարածությունը պատկերացնելու համար նշեմ, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 (մեկ) կմ է:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Կապանի գյուղերի բնակիչներից պարբերաբար է ստանում զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին:

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը»:

 


 Պիտակներ
         ՄԻՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb