Ադրբեջան-Պակիստան զենքի առեւտուրի ծավալների գնահատումներ. տնտեսագետ

Տեսանկյուն 07.10.2020   21:13   39

Պակիստանը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ հարմար տեղավորվելով Թուրքիայի «գրպանում»:

Բնականաբար, Թուրքիան այսքանով չի բավարարվում: Նախորդ տասնամյակում ամեն ինչ եւ ամեն գնով անում է՝ խորացնելու նաեւ Ադրբեջան-Պակիստան կապերը, հատկապես՝ ռազմական փոխգործակցության ոլորտում:

Այս եռյակի համագործակցությունն ի սկզբանե ուղղված է Հայաստանի շահերի դեմ: Իսկ անկյունաքարային հիմքը նույնն է՝ մարդակերությունը: Յուրաքանչյուր կողմ փորձում է ստանալ իր ակնկալիքները: Մասնավորապես, գլխավոր դերակատար Թուրքիան, օգտագործելով մյուս երկուսին, ձգտում է հասնել իր դարավոր նպատակին՝ բնաջնջել հայ ժողովրդին եւ ամբողջապես տիրանալ հայկական երկու հանրապետությունների տարածքներին: Ադրբեջանը Պակիստանից ձեռք է բերում սպառազինություն, նաեւ այնպիսի զինատեսակներ, որոնք չի կարողանա գնել այլ երկրներից: Պակիստանը պատիկներ անգամ ավելացնում է իր տնտեսական օգուտները՝ ադրբեջանական նավթադոլարներով արտահայտված:

Թուրքիայի գործուն մասնակցությամբ եւ վերահսկողության ներքո 2010թ. սկսած իրականացվել են կոնկրետ քայլեր՝ Պակիստանի կողմից Ադրբեջանին զինելու ուղղությամբ: Մասնավորապես, մանրակրկիթ նախապատրաստվել եւ 2013թ. սկզբին կնքվել է Ադրբեջան-Պակիստան ռազմական համագործակցության համաձայնագիրը: Սրա դիմաց Պակիստանը Ադրբեջանից ստացավ մաքսային արտոնություններ եւ երկկողմանի առեւտրի առավելագույնս պարզեցված ընթացակարգեր:

Արդյունքում՝ պատիկներ անգամ աճեց Պակիստանի արտահանումը (ներառյալ՝ զենքն ու զինամթերքը) դեպի Ադրբեջան՝ Պակիստանի համար համապատասխանաբար ապահովելով լրացուցիչ նավթադոլարներ:

Այստեղ հարկ է նորից զգուշացնել Ադրբեջանին զենք մատակարարողներին առ այն, որ իրենց համար խորանում են մտահոգվելու առարկայական հիմքերը: Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքը ժամ առ ժամ առավել տեսանելի է դարձնում, որ Ադրբեջանը կորցնելու է իր ներքին եւ արտաքին վճարունակության համար դեռեւս առկա միակ՝ նավթի արդյունահանման եւ մատակարարման հնարավորությունը: Այս երկրում անխուսափելիորեն վրա են հասնում ներքաղաքական ու աշխարհաքաղաքական, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական աննախադեպ եւ կործանարար ցնցումները:

Հետեւաբար, Ադրբեջանի հետ միջազգային որեւէ երկարաժամկետ համագործակցություն, հատկապես՝ զենքի մատակարարման ոլորտում,  այլեւս ունենալու է անհաղթահարելի ռիսկեր եւ գործնականում դատապարտված է ձախողման:

Վիճակագրական փաստեր եւ հիմնավորումներ.

Որպես վերը բերված գնահատումներին վերաբերող հիմնավորում՝ ներկայացնենք Ադրբեջան-Պակիստան արտաքին առեւտրի ուսումնասիրության արդյունքում վեր հանված որոշ փաստեր (աղբյուրը):

Այս նպատակով առանձնացվել է Ադրբեջան-Պակիստան փոխհարաբերությունների ակտիվացման ժամանակահատվածը՝ 2013-2019թթ.:

1. Անկախացումից հետո՝ մինչեւ 2012թ. դեպի Պակիստան Ադրբեջանի միջին տարեկան արտահանումը կազմել է ընդամենը 35 հազար ԱՄՆ դոլար: Այս երկրների միջեւ զենքի լայնամաշտաբ առեւտրի մեկնարկից (ռազմական համագործակցության համաձայնագրի կնքումից) հետո` 2013-2019թթ. Ադրբեջանից դեպի Պակիստան միջին տարեկան արտահանումն ունեցել է թռիչքային աճ՝ շուրջ 28 անգամ կամ ավելացել է տարեկան միջինը շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարով:

Համեմատության համար բերենք մեր տարածաշրջանի համադրելի մեկ այլ երկրի՝ Վրաստանի օրինակը: 2010-2012թթ. Վրաստանից Պակիստան միջին տարեկան արտահանումը շուրջ 6 անգամ գերազանցել է Ադրբեջանից Պակիստան միջին տարեկան արտահանմանը: Իսկ 2013-2019թթ. դեպի Պակիստնա Վրաստանի արտահանման միջին տարեկան ծավալները գրեթե չեն աճել:

2. 2010-2012թթ. Պակիստանը տարեկան միջին հաշվով Ադրբեջան է արտահանել 11 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքներ: 2013-2019թթ. Պակիստանից Ադրբեջան միջին տարեկան արտահանումը եւս ունեցել է թռիչքային աճ՝ շուրջ 3 անգամ կամ ավելացել է տարեկան միջինը շուրջ 22 միլոն ԱՄՆ դոլարով: Աճի այս ցուցանիշը հիմնականում վերաբերելի է նաեւ այս երկրների միջեւ զենքի առեւտրին:

Համեմատության համար՝ 2010-2012թթ. Պակիստանից Վրաստան միջին տարեկան արտահանումը կազմել է շուրջ 6 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2013-2019թթ. այս ցուցանիշը մնացել է գրեթե անփոփոխ:

3. Վերջում՝ զավեշտալի փաստ. 2013-2019թթ. Պակիստանից Ադրբեջան ընդհանուր արտահանումը եւ Ադրբեջանի ընդհանուր ներմուծումը Պակիստանից, որոնք գրեթե նույն ցուցանիշներն են եւ թվային արտահայտությամբ կարող են ունենալ փոքր շեղումներ՝ հաշվարկների մեթոդաբանությամբ պայմանավորված, իրականում իրարից տարբերվում են շուրջ 5 անգամ կամ շուրջ 180 միլիոն ԱՄՆ դոլարով:

4. 2013-2019թթ. Ադրբեջան-Պակիստան արտաքին առեւտրի այս անորմալ թռիչքները, պաշտոնական վիճակագրությամբ արձանագրվող զավեշտը կարելի է իրականում բացատրել նշված ժամանակահատվածում այդ երկրների միջեւ զենքի լայնամաշտաբ առեւտրի փաստով: Մասնավորապես, 2013-2019թթ. ընդհանուր մատակարարումներով Ադրբեջանը Պակիստանից ստացել է առնվազն 154 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու զինամթերք:

Թուրքիայի պարտադրանքով Ադրբեջանի սանձազերծած այս վերջին պատերզմի կործանարար հետեւանքները Ադրբեջանի թերզարգացած տնտեսության վրա կգնահատենք ու կհրապարակենք մոտ օրերս՝ մեր անկասելի եւ վերջնական հաղթանակից հետո:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Թադևոս Ավետիսյան



 Պիտակներ
         Ադրբեջան-Պակիստան, Թադևոս Ավետիսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb