ԱԱԾ նոր բացահայտումը

Իրադարձային 24.03.2021   11:06   45

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Հ-ն, զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով արդարադատության մայորի հատուկ կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ակնհայտ ապօրինի գործողության համար ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից ընդունել է կաշառք ստանալու առաջարկն ու ստացել այն:

Մասնավորապես՝ պաշտոնատար անձ Ա. Հ-ն, ի թիվս այլ լիազորությունների, իրավասու լինելով հսկողություն իրականացնել անձանց, հանձնուքների, ծանրոցների, անձնական իրերի խուզարկությունների և զննումների նկատմամբ, 2021 թվականի մարտին ընդունել է դատապարտյալ Ա. Ն-ի կողմից իրեն արված ակնհայտ ապօրինի գործողության առաջարկը՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված առարկաները ՔԿՀ բերել և Ա. Ն-ին հանձնել, պայմանավորվելով, որ կաշառքի գումարն ու արգելված առարկաներն իրեն է փոխանցելու Ա. Ն-ի որդին:

Իրականացնելով իր հանցավոր մտադրությունը՝ Ա. Հ-ն 2021 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իր՝ Երևան քաղաքում գտնվող տանը Ա. Ն-ի որդուց ստացել է կաշառքի գումարը, ինչպես նաև դատապարտյալին փոխանցելու համար արգելված առարկաները, սակայն բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և ձերբակալվել:

Կատարված անձնական խուզարկությամբ Ա. Հ-ի մոտից հայտնաբերվել են արգելված առարկաները, իսկ կաշառքի գումարը հայտնաբերվել է վերջինիս տանը կատարված խուզարկության արդյունքում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից և զգուշացնում, որ լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հանրային ծառայության տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն երևույթները բացահայտելու և դրանցում ներգրավված անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb