9 ամիսների ընթացքում խոշտանգման հատկանիշներով քննվել է 44 քրեական գործ

Իրադարձային 18.12.2019   14:52   214

Հայաստանում առաջին 9 ամիսների ընթացքում խոշտանգման հատկանիշներով քննվել է 44 քրեական գործ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Գլխավոր դատախազի խորհրդականը հայտնել է, որ վերոնշյալ քրեական գործերից 3-ը 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և դրանցով դատական քննությունը շարունակվում է:

«Հարուցված քրեական գործերից 26-ը կարճվել է, 5-ը՝ կասեցվել, 3-ը՝ միացվել: 7 քրեական գործի նախաքննություն շարունակվում է»,- գրել է Աբրահամյանը:

Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի` 2018 թվականի ողջ ընթացքում խոշտանգման հանցակազմով քննվել է 50 քրեական գործ: Դրանցից 33-ի վերաբերյալ կայացվել է վարույթը կարճելու, 4-ի դեպքում՝ կասեցնելու մասին որոշումներ: 9 քրեական գործերի նախաքննությունը շարունակվել է 2019 թվականին:

«Մեղադրական եզրակացությամբ 2018թ. դատարան է ուղարկվել 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ, որով օրեր առաջ առաջին ատյանի դատարանում արարքը խոշտանգումից վերաորակվել է բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմով, և համաներման կիրառմամբ անձն ազատվել է պատժի կրումից: ՀՀ դատախազությունը նշված գործերով մեղադրական ճառով միջնորդել է անձին մեղավոր ճանաչել խոշտանգման համար և նշանակել պատիժ 8 տարի 6 ամիս ժամկետով՝ 3 տարի ժամկետով զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից»,- գրել է Աբրահամյանը:

Աբրահամյանը նաև հավելեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հրավիրել է կոլեգիալ նիստ, որում սահմանվել են հստակ հանձնարարականներ: «Այդ հանձնարարականներն ուղղված են նրան, որ իրավասու մարմնի աշխատակիցը զերծ մնա քրեական վարույթի շրջանակներում քաղաքացու նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման մտքից, քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանության ԶՊՎ-ներում հարցաքննությունների իրականացման համար ներդրվեն այնպիսի մեխանիզմներ և տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն կտան օբյեկտիվորեն արձանագրելու այդպիսի վարքագծի դրսևորումները»,- եզրափակել է Աբրահամյանը:



 Պիտակներ
         խոշտանգման հատկանիշներով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon