500-ից ավել հայտնի գործիչներ ողջ աշխարհից հանդես են եկել «Խաղաղության ու հրադադարի» կոչով

Իրադարձային 13.10.2020   21:00   85

500-ից ավել գործիչներ աշխարհի տարբեր ծայրերից հանդես են եկել «Խաղաղության ու անհապաղ հրադադարի» կոչով, որում ասվում է, որ  «ներքոստորագրյալներս, կոչ ենք անում միջազգային հանրությանը, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին և Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին՝ պահանջել անհապաղ հրադադարի ռեժիմ՝ դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմը:

Հայտարարության մեջ ասվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լայնամասշտաբ հարձակման անցավ Լեռնային Ղարաբաղի վրա ՝ կատարելով պատերազմական հանցագործություններ քաղաքացիական բնակչության, բնակավայրերի, ենթակառուցվածքների և մշակութային վայրերի դեմ՝ ունենալով մեկ նպատակ՝ բնաջնջել բնիկ հայ բնակչությունը և նրա ժառանգությունը՝ ադրբեջանա-թուրքական բանակի և Սիրիայից հավաքագրված վարձկանների և ջիհադիստների միավորված ուժերի միջոցով:

Նշվում է, որ 1994թ․-ին զինադադարը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության կողմից: Եվ այդուհանդերձ, հասարակություններին փոխզիջումների նախապատրաստելու փոխարեն Ալիևի վարչակարգը խրախուսում  ու իրականցնում է ագրեսիվ վարք և ատելության խոսք հայերի նկատմամբ, ինչպես ցույց է տալիս Սաֆարովի կողմից իրականցրած սպանության գործը, Ջուղայի միջնադարյան նեկրոպոլիայի մշակութային ցեղասպանությունը, հրադադարի ռեժիմի անընդհատ խախտումը, որն արտացոլվեց նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում: Այս ամենը հեռացրել է ադրբեջանական հասարակությանը փոխզիջումային լուծման գաղափարից:

Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը հանդես են գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ կողմերի փոխզիջումներով, ինչը Ալիևի ռեժիմը մերժել է:
Այժմ ընթացող լայնամասշտաբ պատերազմը 1994-ի զինադադարի աննախադեպ խախտում է: Նախագահ Ալիևի ղեկավարությամբ, նախագահ Էրդողանի աջակցությամբ, ադրբեջանական բանակը և նրա դաշնակիցները կատարում են միջազգային հանցավոր դատարանի կողմից սահմանված պատերազմական հանցագործություններ՝ բնակչության նկատմամբ կիրառելով նաև կասետային ռումբեր։

«Լինելով ժողովրդավարական ազգի բնակիչներ, հայերը պայքարում են երկու բռնապետերի դեմ, ովքեր ցանկանում են օգտագործել այս հակամարտությունը տարածաշրջանն և դրանից դուրս ապակայունացնելու համար: Թուրքիայի և Ադրբեջանի արյունալի և ռեպրեսիվ հարձակումներն այսօր պայմանավորված են պանթուրքական նախագծով:

Դա ակնհայտորեն ցույց են տալիս նախագահներ Ալիևի և Էրդողանի միտումնավոր ռազմատենչ գործողությունները և դիմում բարբարոսության գործողություններին ՝ ուղղված մարդու բոլոր հիմնական իրավունքներին»,-ասվում է հայտարարության մեջ։

«Այսօրվա իրավիճակը ևս մեկ արդյունք է այն բանի, որ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվում և չի դատապարտվում: Միջազգային օրենքների բազմաթիվ խախտումների լույսի ներքո, մենք աշխարհի բոլոր մարդկանց և տերություններին կոչ ենք անում իրենց ազդեցությունն ունենալ Ադրբեջանի և Թուրքիայի վրա` այս պատերազմին անմիջապես վերջ դնելու համար: Մենք կոչ ենք անում անհապաղ միջնորդության գործընթաց իրականացնել, որը երաշխավորում է տարածաշրջանի բոլոր մարդկանց անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության տակ ստորագրածների անուններին կարող եք ծանոթանալ հղմամբ։



 Պիտակներ
         «Խաղաղության ու հրադադարի» կոչ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb