3+3 նախաձեռնությունը դուրս է թողնում ԱՄՆ-ին․ Ջորջ Քենթ

Իրազեկիչ 09.04.2021   10:53   60

Turkish Heritage Organization հաստատությունը օրերս կազմակերպել էր քննարկում Հարավային Կովկասի վերջին զարգացումների շուրջ: Մասնակիցների թվում էին գործող և նախկին դիվանագետներն ու վերլուծաբանները

Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Թուրքիան և Ռուսաստանը, Իրանի աջակցությամբ, առաջ են մղել, այսպես կոչված, երեք գումարած երեք նախաձեռնությունը, որը զգալիորեն տարբերվում է Միացյալ Նահանգների և արևմտյան այլ գործընկերների վերջին երեք տասնամյակում որդեգրած տեսլականից, ասում է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը Հարավային Կովկասի վերաբերյալ Turkish Heritage Organization հաստատության քննարկմանը:

«Այսպես կոչված երեք գումարած երեք առաջարկը չափազանց տարբերվող այլընտրանքային տեսլական է, որը դուրս կթողնի ԱՄՆ-ին և որոշ այլ արևմտյան գործընկերներին»,- հայտարարել է Քենթը:

Քենթն ընդգծում է՝ ԱՄՆ աջակցում է Հարավային Կովկասում ժողովրդավարության, բարգավաճման, խաղաղության և անվտանգության հաստատմանը, որը բխում է Միացյալ Նահանգների ռազմավարական շահերից: Նրա կարծիքով վերջին պատերազմում Ադրբեջանի հաջողությունը չի կարգավորել հակամարտությունը, ինչպես այն չէր կարգավորվել հայկական կողմի հաղթանակի ժամանակ ԼՂ առաջին պատերազմում: Ըստ ամերիկացի դիվանագետի, հակամարտության հիմնական ձևաչափը՝ Մինսկի խումբը այսօր առերեսվում է մի շարք մարտահրավերների: Կարևոր է հասկանալ, թե որքանով են հետաքրքված հակամարտող կողմերը այս մեխանիզմի վերականգման հարցում և ինչ մտադրություններ ունի Մոսկվան այս խնդրի շուրջ, նշել է ամերիկացի դիվանագետը:

«ՌԴ նախընտրեց հաստատել հրադադար Մինսկի խմբի վերահսկման մեխանիզմներից դուրս, որի մասն է այն կազմում: Նրանք հաստատեցին հրադադարը ուղղակիորեն, եռակողմ ձևաչափով»,- նշում է Քենթը:

Ամերիկացի դիվանագետի կարծիքով վերջին պատերազմից հետո ստեղծվել է հնարավորություն Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար: Փոխպետքարտուղարի տեղակալը շեշտում է՝ առկա է ուղի՝ 2009 թ-ի համաձայնագրի խոստումները կյանքի կոչելու համար, որն այսօր շատ ավելի արդիական է, քան տաս տարի առաջ:

Իր հերթին Քաթարում Թուրքիայի նախկին դեսպան Միթհաթ Ռենդեն նշում է, որ առաջնային հարցերից է խաղաղ գոյակցության միջավայրի հաստատումը: Նա հույս է հայտնում, որ Վրաստանն ու Հայաստանը կմիանան հարաբերությունների բարելավման և տնտեսական համագործակցության ջանքերին: Թուրք նախկին դիվանագետը համակարծիք չէ փոխպետքարտուղարի տեղակալի կարծիքի հետ երեք գումարած երեք նախաձեռնության վերաբերյալ:

«3+3-ը նոր հարթակ է, բայց, իհարկե, այն չի խանգարում Միացյալ Նահանգներին կառուցողական դեր խաղալ և փորձել աջակցել, ինչպես դա արվում էր նախկինում»՛,- ասում է Միթհաթ Ռենդեն:

Ռենդեն շեշտում է՝ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում ՌԴ հետ համատեղ կենտրոնի միջոցով իրականացնում է ոչ թե խաղաղապահ, այլ դիտորդական առաքելություն: Նա հիշատակեց 1994 թվականին իր կողմից վարած բանակցությունները Բուդապեշտում, երբ, ըստ Ռենդենի, Թուրքիային հաջողվել էր կանխել ռուսական խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի ԵԱՀԿ-ի դրոշի ներքո:

Ամերիկացի նախկին դիվանագետ, Մինսկի խմբի համանախագահի նախկին պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդն էլ իր խոսքում կարևորեց Մինսկի խմբի դերը հակամարտության վերջնական կարգավորման հարցում, սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է հասկանալ ինչպիսի դերակատարում պետք է ստանձնի այն: Ըստ Հոգլանդի, Ռուսաստանն այսօր հաստատել է ռազմական ներկայություն Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում, ուստի, նրա կարծիքով, Մոսկվան շահագրգրված չէ որևէ գործողության մեջ՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար: Անհրաժեշտ է բարձրացնել վստահության մակարդակը Թուրքիայի և ՀՀ-ի, ինչպես նաև Ադրբեջանի ու ՀՀ-ի միջև, նշում է Հոգլանդը՝ շեշտելով այս հարցում ԱՄՆ-ի կարևոր դերակատարումը:

«ԱՄՆ-ը կարող է դեր ստանձնել այս հարցում, բայց մենք պետք է առնվազն բարձրացնենք մեր ներկայացուցչական մակարդակն այս տարածաշրջանում, և դա հնարավոր է անել բարձր մակարդակի այցելությունների միջոցով»,- առաջարկում է դեսպան Հոգլանդը:

Քննարկման մեկ այլ բանախոս, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռոբերտ Չեկուտան իր հերթին ընդգծում է՝ այսօր ստեղծված կացությունը զայրույթ և խորը հիասթափություն է առաջացրել Հայաստանում, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի էր ունեցել 1990-ականներին պատերազմը պարտված Ադրբեջանում: Նախկին դեսպանը վստահ է՝ Վաշինգտոնը պետք է ստանձնի ավելի ակտիվ դերակատարություն տարածաշրջանում, երկխոսության ծավալի Բաքվի ու Երևանի հետ՝ ստիպելով կողմերին վերանայել իրենց հռետորաբանությունը, ազգաբնակչությանը պատրաստել խաղաղ երկխոսության և ջանքեր գործադրել` հրադադարի փոխարեն տևական կարգավորմանը հասնելու ուղղությամբ: Այստեղ կարևոր է, ըստ նրա, Թուրքիայի դերը, որը կարող է նպաստել առաջխաղաղացմանը՝ վերականգնելով ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններն ու առևտրային կապերը: Հայաստանին անհրաժեշտ է տարածշարջանային ինտեգրացում, շեշտում է Չեկուտան:

Քննարկամը մասնակցող Ջորջթաուն համալսարանի պրոֆեսոր Ռոջեր Քենգասի կարծիքով էլ նախկինում Հարավային Կովկասում Մոսկվան ուներ միանձնյա գերակայություն, սակայն վերջին պատերազմը ցույց տվեց, որ իրավիճակն այստեղ փոխվել է: Ի դեմս Թուրքիայի, առաջ են եկել նոր խաղացողներ, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասով: Վերլուծաբանը վստահ է՝ Մոսկվան այսուհետ ստիպված է լինելու հաշվի նստել այս հանգամանքի հետ:

Ամերիկայի Ձայն


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb