24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացիներին մարմնական վնասվածք պատճառելու համար

Իրադարձային 15.09.2020   14:25   33

Սեպտեմբերի 6-ին ժամը 23:55-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արևաշատ համայնքի 27-ամյա բնակիչը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում, պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արևաշատ համայնքում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն համայնքի 24-ամյա բնակիչն իր մոտ պահած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 27-ամյա համագյուղացուն՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով  կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնաս։ Բացի այդ, 24-ամյա երիտասարդը նույն միջադեպի ընթացքում հարվածել է նաև  համագյուղացու ընկերոջ՝ 25-ամյա երիտասարդի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և 118-րդ հոդվածով (ծեծը):  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը:

Նախաքննությունը շարունակվում է:



 Պիտակներ
         մեղադրանք, ՔԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb