21 նոր նախակրթարան` ուսումնական տարվա մեկնարկին ընդդառաջ

Իրադարձային 14.09.2020   10:27   39

Այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ուսումնական տարվա մեկնարկին, այցելել է Արագածոտնի և Արարատի մարզեր՝ ներկա գտնվելու նախակրթարանների բացման արարողությանը: Առաջին կանգառը Արագածոտնի մարզի Գեղարոտ համայնքն էր։

Նախարար Ա. Հարությունյանը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և ԿԾԿ ԾԻԳ-ի  տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի  ուղեկցությամբ շրջել է նախակրթարաններում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել մանկավարժների ու ծնողների հետ: Նախարարը շնորհավորել է համայնքների բնակիչներին նախակրթարանների բացման կապակցությամբ և նշել, որ առաջիկայում կդիտարկվի աշակերտներին, ծնողներին և դպրոցի աշխատակազմին հուզող հարցերի լուծման հնարավորությունները։ «Նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է, և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է»,-ասել է նախարարը:

Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները նաև կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Գեղադիր համայնքում նորաբաց նախակրթարանի փոքրիկ սաներից մեկը՝ Աննան է ԿԳՄՍ նախարարին ցույց տվել իր և ընկերների համար նախատեսված խաղալիքներն ու գունագեղ պահարանները:ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը ՀՀ  Արարատի մարզի թիվ 4 հիմնական դպրոցն էր, որտեղ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանը իր դռները բացել է 30 սաների առաջ: Այս նախակրթարանը ևս գեղեցիկ ու գունագեղ սենյակներով, հարմարավետ պահարաններով ու խաղալիքներով լի անկյուններով սպասում է իր փոքրիկ սաներին։

Հարկ է նշել, որ նախապես իրականացվել է նաև նախակրթարաններում աշխատող դաստիարակների վերապատրաստում: Ինչպես նաև՝ պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները և նորաստեղծ նախակրթարաններն ունեն նաև հարմարեցված միջավայր, և նախակրթարաններում կրթություն են ստանալու նաև սահմանափակ հնարավորություններով երեխաների կրթության համար։

ՀՀ ԿԳՄՍ նախարարը նախակրթարաններ շրջայցն ամփոփել է Գետազատ համայնքի միջնակարգ դպրոցում։ Գետազատի նորաբաց նախակրթարանն այս տարի ընդունելու է 20 սանի: Հյուրերը նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջել են խմբասենյակներով, եղել նաև նախկրթարանի բակում: Տնօրենը ներկայացրել է նախակրթարանի ստեղծման ընթացքը, խոսել հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականի նոյեմբերից և իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում և արդեն իսկ հիմնվել է 136 նախակրթարան։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb