2019-ը կարևոր տարի է Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերություններում

Աշխարհ 29.01.2019   11:00   360

2019 թվականը կարևոր տարի է Եվրամիության արևելյան հարևանների`Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ հարաբերությունների համար: Այս մասին ասվում է Շվեդիայի, Լեհաստանի, Չեխիայի ԱԳՆ ղեկավարներ Մարգոտ Վալստրեմի, Յացեկ Չապուտովիչի և Տոմաշ Պետրժիչեկի հոդվածում, որը հրապարակվել է EU Observer կայքում:

Այս տարի ԵՄ-ն նշում է Արևելյան գործընկերության երկրների հետ իրական և շարունակական գործընկերության տասներորդ տարին: «Այս տարիների ընթացքում գործընկերությունը հաղթահարել է իր բաժին դժվարությունները: Եվ դեռ ոչ միայն գոյատևել է, այլև զարգացել և հասել այն աստիճանի, ինչը մենք չէինք կանխատեսում այն ժամանակ», - գրում են հեղինակները:

Ըստ նրանց, այսօր կարելի է վստահաբար ասել, որ այս եզակի համագործակցությունը ԵՄ-ի ամենահաջողված արտաքին քաղաքական ծրագրերից է: Նրանք շեշտում են, որ առևտրի և ներդրումների ավելացումը ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների ընդհանուր տնտեսական շահերից է բխում․ «Սակայն մեր համագործակցությունը շատ ավելին է, քան ասոցացման համաձայնագրերը, ազատ առևտրի գոտիները, առանց վիզայի ռեժիմով ուղևորությունները ու երիտասարդների համար հմտությունների զարգացումը:

Խոսքը կայուն զարգացման և նորարարությունների մասին է: Խոսքը կայունության մասին է: Այն կապում է երկրներին և մարդկանց և ներառում հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ քաղաքացիական հասարակության, բազմակարծության և անկախ լրատվամիջոցների աջակցությունը, ինչպես նաև գենդերային հավասարության ապահովումը և խտրականության կանխումը»,- ասված է հոդվածում։

ԱԳՆ ղեկավարները շեշտում են, որ Արևելյան գործընկերության ծրագիրը ենթադրում է, որ յուրաքանչյուրի նկատմամբ կա անհատական ​​մոտեցում. նրանք, ովքեր ցանկանում են ԵՄ-ին ավելի մոտ լինել, ստանում են այդ հնարավորությունը՝ հարմարեցված իրենց հավակնություններին և դրանց արագությանը: «Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագիր: Ադրբեջանն ու Բելառուսը ընտրել են իրենց ճանապարհները: Եվրամիության և գործընկեր երկրների առաջնորդները կարևորել են նաև հարաբերությունների բարելավումը և 2017-ին Բրյուսելի գագաթնաժողովին աջակցելու անհատական ​​մոտեցումը: Իհարկե, բարեփոխումներին մեր աջակցությունը հիմնված է արժանիքների վրա: Առաջընթաց ու քաղաքական պատասխանատվություն՝ ահա, թե ինչպես ենք մենք չափում հավակնությունները», - նշում են նրանք:

Հեղինակներն ընդգծում են, որ իրենք գործընկերներից ակնկալում են բարեփոխումների իրականացման համար ավելի բարձր հավակնություններ՝ չնայած ԵՄ-ի հետ պայմանագրային հարաբերությունների բնույթին, քանի որ նրանք փոխարենն ավելի շատ կստանան: Տասներորդ տարեդարձը, նրանց կարծիքով, այն ժամանակն է, երբ անհրաժեշտ է քննարկել՝ «ուր ենք մենք գնում»: «Մենք պետք է խոստովանենք, որ ապրում ենք տեղեկատվական և հաղորդակցական պատերազմի մեջ: Այնպես որ, եկեք պարզաբանենք դա․ կասկած չկա, որ այսօր մենք ավելի լավ վիճակում ենք, քան կլինեինք, եթե չլինեին Արևելյան գործընկերության շրջանակներում համատեղ ջանքերը», - կարծում են հեղինակները:

«Հայացք նետելով ապագային՝ մենք պետք է ունենանք և՛պատասխանատվություն,  և՛ ստեղծագործ մոտեցում, որպեսզի գանք քաղաքական մասնակցության և հավակնության ճիշտ բանաձևին: Մենք պետք է գտնենք ճիշտ գործիքներ, որոնք այս գործընկերությունը կդարձնեն ավելի գրավիչ՝ որպես զարգացման և արդիականացման շարժիչ ուժ: Դրա համար մենք պետք է խոսենք մեր նպատակների, առաջնահերթությունների և միջոցների մասին: Որովհետև, որպես եվրոպացիներ՝ ԵՄ-ի ներսում, թե դրսում, մենք ուժեղ ենք միասին: Այն, ինչ մենք անում ենք այսօր, կորոշի մեր ապագան», - եզրակացնում են նրանք:



 Պիտակներ
         Հայաստան, Արևելյան գործընկերություն, եմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon