2007-ի հունվարի 19-ին սպանվեց պոլսահայ լրագրող Հրանտ Դինքը

Օրացույց 19.01.2020   09:30   703

Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին Մալաթիայում: Մանուկ հասակում եղբայրների հետ միասին հայտնվում է Գեդիքփաչայի թաղամասի հայկական եկեղեցուն կից Ինջիրդիբիի նախակրթարանի Թուզլայում գտնվող հայկական ճամբարում, որտեղ էլ ծանոթանում է ապագա կնոջ` Ռաքելի հետ և 1972 թվականին ամուսնանում: Ռաքելի հետ ամուսնության արդյունքում նա ունենում է 3 զավակ` երկու տղա և մեկ դուստր: Հետագայում Դինքը և նրա կինը միասին են ղեկավարում այդ ճամբարը, որտեղ ապաստան էին գտնում որբ երեխաները: Սակայն շուտով պետությունը նրանց մեղադրում է «հայ մարտիկներ դաստիարակելու» մեջ և վերցնում է ճամբարի վերահսկողությունը սեփական ձեռքը: 

Հրանտ Դինքը ստացել է երկու մասնագիտական կրթություն: Նախ ավարտել է Ստամբուլի բնական գիտությունների ֆակուլտետի կենդանաբանության բաժինը, այնուհետև ստացել նաև փիլիսոփայական կրթություն:

1996 թվականին նա հիմնադրում է «Ակօս» շաբաթաթերթը, որի առաջին համարը լույս է տեսնում ապրիլի 5-ին որպես Զատկի ավետիս: Հայերեն և թուրքերեն լեզուներով լույս տեսնող պարբերականը իր տեսակով առաջինն էր Թուրքիայի Հանրապետությունում: Բացի «Ակօս»-ից Հրանտ Դինքի հոդվածները տպագրվել են նաև «Զաման» և «Բիրգյուն» օրաթերթերում:

2005 թվականի հունիսի 1-ին ուժի մեջ մտավ Թուրքիայի Քրեական օրենսգրքի «301 հոդված»-ը, որը նախատեսում է պատիժ «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար: Այս հոդվածով մի շարք մտավորականների հետ, ինչպիսիք են գրողներ Օրհան Փամուկը և Էլիֆ Շաֆակը, «Բելգե» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, մարդու իրավունքների պաշտպան և ակտիվիստ Ռագըփ Զարաքօլուն, ամերիկացի ակադեմիկոս Հաում Չամուքը, հետապնդման ենթարկվեց նաև Հրանտ Դինքը: Պատճառը նրա բաց ելույթներն էին կապված ցեղասպանության խնդրի, հայ-թուրքական հարաբերությունների հետ: Հրանտ Դինքը երեք անգամ հետապնդվեց 301 հոդվածով: 

2007 թվականի հունվարի 19-ին «Ակօս»-ի խմբագրատան մուտքի մոտ սպանվեց հայ մտավորականը: Սպանությունը գործեց թուրք ազգայնական Օգյուն Սամաստը, ով ձերբակալվեց սպանությունից ժամեր անց: Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը տևեց 5 տարի: Դատավճիռը հրապարակվեց 2012 թվականի հունվարի 17-ին: Դատարանը ձերբակալվածներից Յասին Հալալին մեղավոր ճանաչեց սպանության կազմակերպման մեջ` դատապարտելով ցմահ ազատազրկման, իսկ սպանությունը կատարողին` 21 տարի 6 ամիս ազատազրկման:

2010 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր ճանաչեց «Ակօս»-ի խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար: Եվրոպական դատարան դիմել էր Դինքի ընտանիքը` մեղադրելով թուրքական կառավարությանը Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտման համար, որոնք վերաբերում են մարդու ազատ արտահայտվելու և կյանքի իրավունքներին:

2012 թվականին Հրանտ Դինքի ընտանիքը դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանզի վստահ էր, որ Թուրքիան չի ցանկանում բացահայտել սպանության իրական պատասխանատուներին: 2013 թվականին Թուրքիայի հանրապետական դատախազությունը չեղյալ համարեց Դինքի սպանության գործով դատավճիռը: Հետո արդեն Թուրքիայի Վճռաբեկ դատարանը այս սպանությունը որակեց որպես ահաբեկչական հանցագործություն: Դատավարությունը շարունակվում է մինչև օրս: Բացի հանցագործությունը իրականացնողից փորձ է արվում գտնել նաև իրական պատվիրատուներին, տեղի են ունենում ձերբակալություններ, բայց թե ե՞րբ այս դատավարությունը կմոտենա իր եզրագծին և ինչպիսի՞ որոշում կկայացվի, ցույց կտա միայն ժամանակը:

Կարծիք կա, որ Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպվել է հայտնի Էրգենեկոն կազմակերպության կողմից: Սա Թուրքիայում գործող գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն է, որը մեղադրվում է Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: Թուրքիայի կառավարությունը այն համարում է ահաբեկչական կազմակերպություն: Պետք է հաշվի առնել նաև, որ Հրանտ Դինքի սպանությամբ կտրուկ նվազեց Թուրքիայի վարկանիշը միջազգային ասպարեզում, ինչն էլ հենց համարվում է Էրգենեկոնի ցանկությունը:

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հրանտ Դինքին համեմատում էր Մարտին Լյութեր Քինգի հետ: Դինքն էլ Թուրքիայում էր պայքարում խտրականության դեմ` մարդկանց կյանքի, խոսքի ազատության, ազգային փոքրամասնությունների համար: Հենց սրանով էլ նա դարձավ նոր Թուրքիայի խորհրդանիշը:



 Պիտակներ
         Մարտին Լյութեր Քինգ, Թաներ Աքչամ, հունվարի 19, լրագրողներ, Հրանտ Դինք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon