«168 ժամ». Հայաստանը կարող է օգտվել ԵՄ ներդրումային ծրագրից

Մամուլ 17.01.2019   09:35   433

Որ պարագայում Հայաստանը կկարողանա օգտվել եմ ներդրումային նոր ծրագրից

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գոր­ծընկերության համաձայնագրի քաղաքական նշանակության շուրջ հայաստանյան քննարկումների ֆոնին Հայաստանը եվրոպական նոր ներդրումներ ներգրավելու հնարավորություն է ստանում: Հունվարի 15-ին Եվրոպական հանձ­նաժողովի պաշտոնական կայքում տեղեկու­թյուն է հրապարակվել, որ «Արևելյան գործըն­կերություն» (ԱլԳ) ծրագրի անդամ երկրներում տրանսպորտային կապի ամրապնդման և տնտեսական աճի խթանման նպատակով Եվ­րոպական հանձնաժողովն ու ՀԲ-ն համահեղինակել են ներդրումային գործողության ծրագիր (Indicative trans-European Transport Network (TEN-T))՝ նախատեսված Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի համար: ԱլԳ գոտում ներդրումային ծրագրերի իրագործման համար ԵՀ-ն տրա­մադրելու է 13 մլրդ եվրո: Արդյունքում կառուց­վելու է 4800 կմ երկարությամբ ճանապարհ ու երկաթգիծ, վեց նավահանգիստ, 11 լոգիստիկ կենտրոն: Բացի այդ կվերանորոգվեն հին ճա­նապարհները, երկաթգծերը, նավահանգիստ­ները, օդանավակայանները, լոգիստիկ կենտ­րոնները, սահմանային անցակետերը: Եվրո­պական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանն ընդգծել է, որ նոր ներդրումային ծրագրի նպատակն է էա­կան, շոշափելի արդյունքներ ապահովել ԱլԳ տարածաշրջանի բնակիչների համար: Տրանս­պորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլկը նշել է, որ ԱլԳ տարածաշրջանում, ինչ­պես նաև դրա ու ԵՄ-ի միջև տրանսպորտային կապի բարելավումը տնտեսական աճը խթանելու ու նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ ունի: Ներդրումային ծրագիրը ներառում է ինչ­պես կարճատև, այնպես էլ երկարատև նա­խագծեր, որոնց մի մասի իրագործման շնորհիվ տրանսպորտային կապի բարելավման առաքե­լությունն ավարտված կլինի 2020թ., իսկ մյուս մասի դեպքում 2030թ. դրությամբ:

Մեզ հետ զրույցում բրիտանացի վերլուծաբան ՆԵյլ Մաքֆարլեյնն ասաց, որ այս ծրագի­րը ԵՀ ակտիվ օրակարգում էր վերջին 3-4 տար­վա ընթացքում, և այդ մասին պարբերաբար խոսում էր հանձնակատար Հանը նպատակ ու­նենալով նման ներդրումների արդյունքում նոր հնարավորություններ ստեղծել ԱլԳ բնակչու­թյան համար, խորացնելով ԱլԳ երկրների կապը ԵՄ-ի հետ, քանի որ այս ծրագրի մեխը կոմունիկացիոն նախագծերն են, որոնք պետք է կապեն այս երկրներին ԵՄ-ի հետ, ԱլԳ քաղաքացիների համար ստեղծելով տեղաշարժի նույն հնարա­վորությունները, ինչ ԵՄ քաղաքացիներն ունեն: Նրա գնահատմամբ, սա բավականին լուրջ ծրագիր է, ծավալուն և խոշոր ներդրումներով: «Կարծում եմ՝ այս ներդրումային ծրագրով կակտիվանա Արևելյան գործընկերություն ծրագիրը, որը վերջին տարիներին ստվերված էր առաջացած խնդիրների պատճառով: ԱլԳ երկրներից յուրաքանչյուրը, բնականաբար, ցանկանալու է ավելի շատ ներդրում բերել իր երկիր: Որքան ես եմ հասկանում, այս գումարը դեռ բաշխված չէ: Կարծում եմ՝ բաշխման բա­նաձևը պայմանավորված է լինելու ԱլԳ երկրնե­րի արձանագրած առաջընթացով ԵՄ-ի հետ հարաբերություններում: Բնականաբար, այն երկիրը, որը չի ձգտում խորացնել իր ասոցիացումը ԵՄ-ի հետ, չի ցանկանում լավ հարաբե­րություններ, չունի քաղաքական կամք, դժվար թե ներդրումներ ուղղվեն այդ երկիր: Ներդրում­ների հիմնական ստացողները լինելու են ԱլԳ 5 երկրները, որոնցից որոշները, ի տարբերու­թյուն Հայաստանի և Ադրբեջանի, էլ ավելի սերտ համագործակցություն ունեն ԵՄ-ի հետ: Այսինքն՝ այս 3 երկրներն ավելի արտոնյալ կարգավիճակ ունեն նման ծրագրերի դեպքում, քանի որ ԵՄ-ն պետք է մտածի այն երկրների քաղաքացիների մասին, որոնք էլ ավելի շա­հագրգռված են ԵՄ-ի հետ հարաբերություննե­րի խորացման հարցում, ավելին, անդամակ­ցության հավակնություններ են հայտնում: Իր կողմից ԵՄ-ն, բացի այս առավելությունից, որ ունեն այս երկրները, ներդրումներ անելու է ու­նենալով վստահություն, որ դրանք իսկապես արդյունավետ են լինելու, կիրառվելու են ըստ անհրաժեշտության: Այսինքն՝ քաղաքական կամքը շատ կարևոր է: Ինչ վերաբերում է երկրների երկրորդ խմբին, կարծում եմ՝ ավելի մեծ աշխատանք է պահանջվում նրանցից ներդրումներ բերելու համար՝ և Հայաստանը, և Ադրբեջանը համաձայնագրեր ունեն ԵՄ-ի հետ, ԵՄ-ն դիտարկելու է այս երկրների իրականաց­րած աշխատանքը, քանի որ դա ցույց է տալու բարեփոխվելու նրանց քաղաքական կամքը: Այս պահին դեռ շոշափելի արդյունքներ չկան, բայց սա երկարատև աշխատանք է լինելու, ԵՄ- ն կդիտարկի երկարաժամկետ գործընթացը հաշվի առնելով նաև Հայաստանի զբաղվածու­թյունը ներքին զարգացումներով»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը:

Նա շեշտեց նաև, որ այս ներդրումային ծրագիրը նոր խթան կդառնա ԱլԳ երկրներ-ԵՄ հարաբերությունների զարգացման համար, այդ թվում Հայաստանի դեպքում: «Յուրաքանչյուր երկրի քաղաքական կամքից և ցանկությունից է կախված այն, թե ինչպես կիրացվեն այս հնարավորությունները, և որ երկիր որքան ներդրում կուղղվի: Ներկա­յումս կան արդեն չիրացված հնարավորու­թյուններ ՀՀ-ԵՄ հարաբերություններ, մինչ այս ներդրումներին հասնելը: Բայց նման ներդրում­ներն իրական հնարավորություն կարող են դառնալ ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների համար, որոնք հակամարտությունների պատճառով շր­ջափակման մեջ են, տնտեսական դժվարու­թյուններ ունեն և անվտանգության մարտահ­րավերներ, բայց դրա համար համապատաս­խան աշխատանք պետք է տանեն ՀՀ իշխանու­թյունները, որոնք դեռ դանդաղում են համա­ձայնագրի հարցում»,- ասաց փորձագետը:

Մեզ հետ զրույցում եվրոպացի պատգամա­վոր Չարլզ Թեննոքն ասաց, որ Հայաստանը ԵՄ ԱլԳ ծրագրի առանցքային երկրներից մեկն է, ԵՄ-ն կարևորում է ՀՀ-ի հետ հարաբերություն­ները և դրանց խորացումը դիտարկում է որպես առաջնահերթություն: Ըստ նրա, չնայած ՌԴ-ի հետ հարաբերություններին, Հայաստանն ու Եվրամիությունը մարտահրավերներով կարո­ղացան որոշակի հաջողություններ գրանցել երկկողմ հարաբերություններում՝ մշակելով և մասամբ վավերացնելով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը բնութագրում է այդ հարաբերություն­ների բովանդակությունը: Նրա խոսքով, այս համաձայնագիրը բնորոշում է հարաբերու­թյունների ողջ շրջանակը՝  քաղաքական, տնտեսական, անվտանգային և առևտրային: «Ուստի կարևոր է հարաբերություններում ելնել այս համաձայնագրից, որը ձեռքբերում էր: Սրան զուգահեռ ԵՄ-ն նորանոր հնարավորու­թյուններ է տրամադրելու ԱլԳ երկրներին, սա­կայն սա աստիճանական գործընթաց է, երկրները քիչ֊քիչ ավելի են մոտենում ԵՄ-ին, և առանց հիմքի հնարավոր չէ անցնել ին­տեգրման մեկ այլ մակարդակի, իսկ այս ներդդումային ծրագիրն այդպիսի նոր մակարդակ է սահմանում ԱլԳ երկրների համար»,- ասաց Չարլզ Թեննոքը:

Ըստ նրա. բացի համաձայ­նագրի ուղղությամբ աշխատանքից, պետք է արդյունքներ գրանցել նաև վիզային Երկխոսու­թյան հարցում, որը ևս կողմերի օրակարգում է և դեռ առաջ չի շարժվում, ավելին, տարբեր ժամկետներ են նշվում դրա ավարտի: «Հու­սանք, որ ԱլԳ երկրները կգնահատեն այն հնա­րավորությունները, որոնք ԵՄ-ն է փորձում ստեղծել իր գործընկերների համար ստեղծե­լով կայուն հարևանություն իր համար և կայու­նություն ԱլԳ երկրներում»,- ասաց Թեննոքը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         Չարլզ Թեննոք, եմ, Արևելյան գործընկերություն, ՆԵյլ Մաքֆարլեյն, Եվրոհանձնաժողով, «168 ժամ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon