100 տարի է հայերի երազանքները չեն կատարվում․ քաղաքագետ

Տեսանկյուն 04.02.2021   14:30   72

Քաղաքագետ Սարո Սարոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայերը կարծում են, թե թուրքերը մեկ դարից ավել է, որ երազում են հայերին ոչնչացնել, իսկ հայերը կան ու կլինեն հավետ։ Իրականում թուրքերը չեն երազում, այլ հետեւողականորեն իրագործում են, քանի որ այդպես են որոշել (որոշման շարժառիթները մի կողմ եմ թողնում, դրանք հայտնի են բոլորին ու կապված են իրենց ազգային ու պետական շահերի հետ)։

Նշածս պնդման մեջ ոչ այնքան կարեւոր է թուրքերի մտածողության կերպն ու վարքը, որքան հայերիս մտքի գործընթացը։ Ինչու եմ ես պնդում, որ մեզ վերաբերող օբյեկտիվ իրականության վերարտադրման մեջ կա մտավոր կեղծ գործընթաց՝ «կարծելու» կամ «թվալու» ձեւով։ Հայի սխալ մտահանգման հիմքում ընկած է այն մտածողությունը, որ եթե ինքը գոյություն ունի, ուրեմն թուրքերինը երազանք է։

Հարցն այն է, որ նույն այդ կերպ մտածող հայը չի ուզում ընդունել, որ զոհված կամ մորթված հազարավոր հայերը նույն կերպ են մտածել մինչեւ մահը։ Այսօր բոլոր այն հայերին, որոնց թվում է, թե թուրքերի երազանքն իրենց պահով չի կատարվի, վաղը մեծ հավանականությամբ կպարզվի, որ սխալ է թվացել, բայց ցավոք իրենք չեն լինի, որ կարողանան ինչ-որ բան կարծել, կամ ընդունել, որ սխալվել են։

Հիմա գամ գլխավորին։ Հենց մտքի ծայրով հասկանում ես, որ կարծիքդ հնարավոր է, որ սխալ է, հաջորդ պահին կարող ես նկատել, որ թուրքերի դեպքում ընտրել ես հենց «երազանք» տերմինը՝ ասելով, թե թուրքերը երազում են հայերին սպանել։ Իսկ ընտրել ես այդ տերմինը, քանզի ինքդ երազում ես, որ քեզ չսպանեն։

Ցավոք հարյուր տարի է հայերի երազանքները չեն կատարվում, ի կատար են ածվում միայն թուրքերի ծրագրերը։ Հերիք է ինքներս մեզ հույս տանք ու կեղծենք իրականությունը մեր լավատեսական երազանքների ու թուրքերի անկատար վատատեսական երազանքների հարցերում։ Ժամանակն է ծրագրենք մեր անելիքը՝ երկու կողմի թուրքերին պատժելու նպատակով։ Նորից կրկնեմ՝ թուրքերը չունեն երազանք, ունեն ծրագիր, որը հստակ նպատակներ է ենթադրում։ Կարիք չկա մեր երազայնությունը սուբլիմացնել թշնամու երազայնությամբ։

Դա կեղծիք է»։


 Պիտակներ
         Սարո Սարոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb