Վերջույթների վնասվածքներ. կոտրվածք

Առողջական 06.07.2021   20:30   367

Ոսկրամկանային համակարգի վնասվածքներն են կոտրվածքը, կապանների, ջլերի և մկանների ձգումն ու պատռվածքը, հոդախախտը, որոնք առաջանում են այդ հյուսվածքների Ֆիզիոլոգիական հնարավորությունները գերազանցող ուժի ազդեցության հետևանքով։

Հոդախախտ է կոչվում հոդի կազմի մեջ մտնող ոսկրերի կայուն տեղաշարժը միմյանց նկատմամբ։

Ոսկրամկանային վնասվածքների համար բնորոշ են ցավը, այտուցը, մաշկի գույնի փոփոխությունը, ձևափոխությունը, վնասված մասի գործունեության խանգարումը։ Ցավը և ուժեղ արյունահոսությունը կարող են առաջացնել շոկ:

Վնասված վերջույթի ձևի փոփոխությունը և շարժումների անկարողությունը ոսկրամկանային լուրջ վնասվածքի կարևոր նշաններից են և հաճախ վկայում են կոտրվածքի կամ հոդախախտի մասին։

Կոտրվածք է կոչվում ոսկրի ամբողջականության և անընդհատության խախտումը։ Այն հայտնաբերելու համար վնասված մասը պետք է համեմատել հակառակ կողմի չվնասված մասի հետ։

Ոսկրի կոտրվածքի դեպքում կարող է առկա լինել նաև՝

• վերքից դուրս ցցված ոսկրեր,

• վնասված վերջույթում զգայունության կորուստ,

• շոշափելիս ոսկրի բեկորների միմյանց հպվելու խըրթ– խրթոց,

• կոտրված ծայրերը իրար քսվելու ձայն,

• վերջույթի կարճացում (ավելի հաճախ ազդրի կոտրվածքի դեպքում)։

Կոտրվածքները լինում են՝

• բաց, երբ ուղեկցվում են մաշկի ամբողջականության խախտումով,

• փակ, երբ մաշկի ամբողջականությունը չի խախտվում։

Բաց կոտրվածքները ավելի վտանգավոր են, քանի որ նման դեպքում մեծ է վարակի տարածման հավանականությունը։

Լուրջ վնասվածքը զննելու համար հագուստը կտրում են, ոչ թե հանում։

Ոսկրամկանային բոլոր վնասվածքների դեպքում անհրաժեշտ է.

• Դադարեցնել արտաքին արյունահոսությունը, կոտրվածքի դեպքում ճնշում գործադրել համապատասխան սեղմման կետում:

• Օգնել տուժածին այնպիսի դիրք ընդունելու, որը կնվազեցնի ցավը։

• Անշարժացնել վնասված մասը վիրակապի, իսկ կոտվածքի դեպքում՝ բեկակալի միջոցով, և բացառել այդ հատվածի ցանկացած շարժումը։

• Վնասված մասի վրա 24 ժամվա ընթացքում յուրաքանչյուր ժամը մեկ՝ 15 րոպեով դնել սառը թրջոցներ կամ սառցե պարկ։

• Անշարժացումից հետո բարձրացնել վնասված մասը։

• Զանգել շտապօգնություն։

Անշարժացման նպատակներն են՝

• ցավի նվազեցումը,

• փափուկ հյուսվածքների լրացուցիչ վնասման կանխումը,

• թրոմբոտիկ բարդությունների հավանականության նվազեցումը,

• վնասվածքի հնարավոր տարածման նվազեցումը,

• փակ կոտրվածքի վերածումը բաց կոտրվածքի:
 

Մարմնի վնասված մասի շարժումները կանխելու նպատակով օգտագործվում են բեկակալներ կամ վիրակապ։

Բեկակալը հարմարանք է, որն օգնում է անշարժացնելու վնասված մասի շարժումները։ Բեկակալները կարող են լինել կոշտ՝ փայտեր, տախտակներ, մետաղական հարմարանքներ, ոլորված ամսագրեր, և փափուկ՝ ոլորված ծածկոցներ, ցանկացած փափուկ նյութեր, որոնց միջոցով կարելի է վնասված վերջույթը փաթաթել, պահել հարմար դիրքում՝ հենման և անշարժացման համար։

Անշարժացումը կարող է լինել նաև անատոմիական, երբ օգտագործվում են տուժածի մարմնի չվնասված մասերը (օր՝, երբ մի ոտքը անշարժացնում են՝ կապելով այն մյուս՝ չվնասված ոտքին, ձեռքը՝ կրծքավանդակին)։
 

Անշարժացնելիս պետք է հետևել ստորև նշված սկզբունքներին

• Անշարժացնելիս տուժածին չպատճառել լրացուցիչ ցավ կամ անհանգստություն։

• Վնասված մասը անշարժացնել առանց նրա դիրքը փոխելու, սակայն եթե վերջույթը անբնական անկյան տակ ծռված է, կամ տուժածը ընկած է շատ անհարմար դիրքով, և այդ դիրքում անշարժացնելը հնարավոր չէ, ապա թույլ է տրվում վերջույթը բերել նորմալ դիրքի՝ անպայման բռնելով տակից՝ կոտրվածքից վերև և ներքև գտնվող հատվածներից, որպեսզի կոտրված մասը մնա անշարժ, և նոր դրանից հետո անշարժացնել։

• Բեկակալը պետք է ընդգրկի վնասվածքից վերև և ներքև ընկած մասերը և հոդերը։

• Բաց կոտրվածքը պետք է ծածկել ստերիլ անձեռոցիկով։

• Անշարժացումից առաջ և հետո պետք է ստուգել արյան շրջանառությունը համապատասխան շրջանում:

Բեկակալները ճիշտ օգտագործելու համար պետք է հիշել, որ՝

• կոշտ բեկակալների դեպքում դրանց և մաշկի միջև պետք է տեղադրել որևէ փափուկ նյութ (լրացուցիչ վնասումը կանխելու նպատակով) հատկապես ոսկրային ելունների շրջանում (ծունկ, կոճեր),

• բեկակալը պետք է ամրացնել որևէ հարմար միջոցի օգնությամբ (վիրակապ, գոտի, փողկապ)՝ կապերը դնելով վնասված մասից դուրս,

• եթե բեկակալր ամրացնելուց հետո վնասված վերջույթում հայտնաբերվում է արյան շրջանառության խանգարում, պետք է թուլացնել դրված կապերը,

• բարձրացնել անշարժացրած մասը։

Առանձին դեպքեր

1. Ուսագոտու լուրջ վնասվածքի դեպքում պետք է անշարժացնել վերջույթը՝արմունկում ծալված ձեռքը եռանկյունաձև վիրակապով ամրացնելով կրծքավանդակին և հանգուցել առողջ կողմի անրակի շրջանում։

2. Անրակի կոտրվածք. այս վնասվածքի դեպքում կոտրված անրակի ծայրերը կարող են վնասել անոթները, նյարդերը և նույնիսկ թոքը: Այսպիսի վիճակում՝ • չի կարելի փորձել ուղղել անրակի ծայրերը,

• անհրաժեշտ է ձեռքը պահել այնպիսի դիրքում, որը կթուլացնի ուսագոտու մկանների լարվածությունը, որն էլ կնվազեցնի ցավը և շրջակա հյուսվածքները լրացուցիչ վնասելու հավանականությունը։

Դրա համար պետք է՝

- ծալել երկու ձեռքերը արմնկային հոդերում և դրանք հետ տանել,

- երկու ձեռքերի միջև տեղադրել որևէ փայտ և խնդրել տուժածին պահել այն արմնկափոսերում:

3. Բազկոսկրի վնասվածքներ. բազկոսկրը վերին վերջույթի ամենախոշոր ոսկրն է, և այդ կոտրվածքը կարող է ունենալ լուրջ հետևանքներ։

Վնասվածքի դեպքում.

• Օգնել տուժածին ընդունելու առավել հարմար դիրք,

• Անշարժացնել բազկոսկրը՝ դրա երկայնքով տեղագրելով կարճ բեկակալ՝ ուսից վեր և արմնկային հոդից վար, մի փոքր դուրս թողնելով դրա ծայրերը, ամրացնել երկու ծայրային հատվածները։

• Հենել ձեռքը կրծքավանդակին եռանկյունաձև վիրակապով:

4. Արմնկային հոդի վնասվածք

• Մինչ բեկակալով անշարժացումը հենել ձեռքի` ուսից մինչև դաստակ ընկած մասը՝ ձեռքի տակ փափուկ գործվածք դնելով։

• Եթե արմունկը ծալած է, բեկակալը անկյունով տեղադրել ձեռքի ներքին կողմից՝ մի փոքր դուրս թողնելով դրա ծայրերը բազկից վեր և դաստակից վար։ Բեկակալը բազկին և դաստակին ամրացնել վիրակապով։ Եթե արմունկը ուղղված է, ուղիղ գծով անշարժացնել այն ուսահոդից մինչև դաստակ։

5. Նախաբազկի, դաստակի վնասվածքներ

• Նախաբազուկը անշարժացնել բեկակալով, որը պետք է ընդգրկի վնասված մասից վերև և ներքև ընկած հոդերը։

Անշարժացրած ձեռքի շարժումները սահմանափակելու համար օգտագործել եռանկյունաձև վիրակապ,

• Ափը և մատները հարմար դիրքում պահելու համար ափի մեջ տեղադրել վիրակապի փաթեթ կամ որևէ գործվածք և ամրացնել այն վիրակապով:

• Մատների կոտրվածքի դեպքում որպես բեկակալ օգտագործել նեղ քանոն կամ որևէ փայտիկ։

6. Ազդրոսկրի վնասվածք: Դա մարմնի ամենախոշոր ոսկրն է։ Ազդրոսկրի վերին հատվածի՝ վզիկի կոտրվածքը ավելի հաճախ հանդիպում է տարեց մարդկանց շրջանում։

Այդպիսի վնասվածքի դեպքում մկանների ուժեղ կծկման հետևանքով առաջանում են բնորոշ ձևափոխումներ՝ վերջույթի զգալի կարճացում և նույնիսկ վնասված ոտքի պտտում, շրջում դեպի դուրս։

Եթե ոտքը հատակին է, տուժածին չպետք է տեղաշարժել քանի որ հատակը ինքնըստինքյան հենարան է։ Պահպանել նրա մարմնի նորմալ ջերմաստիճանը՝ ծածկելով որևէ տաք ծածկոցով։

Եթե հնարավոր չէ զանգել շտապօգնություն, պետք է անշարժացնել ոտքը և տուժածին տեղափոխել հիվանդանոց։ Ոսկրի երկայնքով դնել կոշտ բեկակալներ՝ ոտնաթաթից մինչև անութային փոսը՝ արտաքին մակերեսով, և ոտնաթաթից մինչև աճուկային մասը՝ ներքին մակերեսով, անշարժացնելով երեք հոդ՝ կոնքազդրային, ծնկային և սրունք-թաթային։

Կարելի է անշարժացնել նաև՝ ոտքը ոտքին կապելով:

7. Ծնկի հոդի վնասվածք։ Պահել ծունկը տուժածի համար հարմար դիրքում։ Եթե այն ծալված է, հենելու համար ծնկի տակ դնել փափուկ գործվածք։ Հիվանդանոց տեղափոխելու համար անշարժացնել։ Եթե ծունկը ծալված է, բեկակալը անկյունով տեղադրել ծնկի դրսի կողմից՝ մի փոքր դուրս թողնելով դրա ծայրերը ազդրոսկրից վեր և սրունքից վար, ամրացնել վիրակապով։ Եթե ոտքը ուղղված է, անշարժացնել այն հետին մակերեսով՝ ազդրից մինչև սրունք-թաթային հոդը։

8. Սրունքի վնասվածքի դեպքում վերջույթը կոտրվածքից ներքև անբնական թեքություն է ընդունում։ Անհրաժեշտ է արտաքին և ներքին կողմերից ծնկից մինչև սրունք-թաթային հոդ անշարժացնել սրունքը ընդհանուր սկզբունքներով և տուժածին տեղափոխել հիվանդանոց:

9. Սրունք թաթային հոդի վնասվածք: Հոդը և ոտնաթաթը անշարժացնել փափուկ բեկակալով, օրինակ` մի քանի տակ ծալած ծածկոցով, ամրացնել այն չվնասված մասում:

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am


 Պիտակներ
         կոտրվածք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz