«Trade-in» գործիքի կիրառության համար հարկային միջավայրը կդառնա ավելի բարենպաստ

Իրադարձային 27.05.2021   13:00   114

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում «Trade-in» գործիքը կիրառող ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների գործունեությունը լիցենզավորել՝ նրանց համար ստեղծելով ավելի բարենպաստ հարկային միջավայր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 74 «կողմ», 5 «ձեռնպահ» ձայներ:

Trade-in գործիքի կիրառությունը ենթադրում է, որ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները գնորդների հետ պայմանավորվում են ավտոմեքենաների ձեռքբերման և հետագայում այլ գնորդների վաճառքի շուրջ: Գործող օրենսդրությամբ այդ միջնորդ կազմակերպությունները ֆիզիկական անձանցից օգտագործված ավտոմեքենա ձեռք բերելիս պարտավոր են վճարվող եկամուտներից հաշվարկել և պետբյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ: Օգտագործված ավտոմեքենան հետագայում այլ անձի վաճառելիս միջնորդ կազմակերպությունը ստիպված է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ գնից հաշվարկել և վճարել ԱԱՀ՝ առանց հաշվանցման իրավունքի: Նախագծով առաջարկվում է, որ միջնորդ կազմակերպությունը ազատվի որպես հարկային գործակալ 10 տոկոսի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, իսկ տրանսպորտային միջոցի հետագա վաճառքի պարագայում ավելացված արժեքի հարկը հաշվարկի՝ որպես բազա վերցնելով ոչ թե վաճառքի գինն առանց անուղղակի հարկերի, այլ՝ վաճառքի գնի և ֆիզիկական անձից ձեռքբերման գնի դրական տարբերությունը:

Առաջարկվում է նաև, որ այդ գործունեությունը լինի լիցենզավորման ենթակա, ըստ այդմ առաջարկվում է պետական տուրքի սահմանում: Լիցենզավորման պարտավորություն կկրեն ոչ թե առհասարակ բոլոր ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները, այլ միայն Trade-in գործիքի կիրառությամբ զբաղվողները:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz