Շիլինի քարե անտառը Չինաստանում

Art News 03.05.2021   22:00   2551

Բնության գեղեցկության ու ներդաշնակության երկրպագուների մեջ յուրահատուկ սեր է վայելում Չինաստանում գտնվող Շիլինի անտառը։ Այն ավելի քան 350 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող գեղեցիկ ու ներդաշնակ շրջան է՝ պատված զարմանալի ձևերի քարե գոյացություններով։

Խիտ բուսականության հետ համադրված քարե անտառը պարզապես ֆանտաստիկ տեսք ունի։ Բազմաթիվ գիտական հետազոտություններ ցույց են տվել, որ ժամանակին այս տարածքները օվկիանոսի ջրի տակ են եղել։

Միլիոնավոր տարիների ընթացքում ջուրը զարմանալի գեղեցկության քարե քանդակներ է ձևավորել՝ նրբագեղ աշտարակներ, հսկա գլաքարեր ու խոր ձորեր, որոնք ջրի հետ քաշվելուց հետո հայտնվել են մակերեսին։

Շիլինի հրաշալի անտառը մի քանի շրջանի է բաժանվում, և նրա տարածքում առավել հետաքրքիր գոյացություններ են առանձնացնում։ Վերջիններիս թվում առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում Քվիֆենգ ու Ժիյուն քարանձավները, ինչպես նաև Լուսնային լիճն ու Da Dieshui ջրվեժները։ Այս բոլոր գոյացությունների տարիքը 300 միլիոնից ավելին է։

1931 թվականին քարե անտառի տարածքը հայտարարվել է բնական արգելոց։ Նրա տարածքում հարյուրավոր հետիոտնային երթուղիներ կան, իսկ դրանցից շատերի վերջակետը Լոտոսի բարձունքն է՝ ազգային պարկի ամենաբարձր կետը։ Փորձառու ճամփորդները ձգտում են այս վայրը մայրամուտին այցելել։ Մայր մտնող արեգակի ճառագայթների ներքո բնության քարե ստեղծագործություններն ավելի ազդեցիկ տեսք ունեն։ Կարևոր է նկատի առնել, որ արգելոցի տարածքով զբոսնել կարելի է միայն ուղեկցողի ընկերակցությամբ, քանի որ քարե սյուները շատ բարդ լաբիրինթոս են ձևավորում, որտեղ մոլորվելը շատ հեշտ է։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը


 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz