Սպանություն Երևանում

Պատահարներ 07.06.2021   11:01   334

2021թ. հունիսի 5-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկում տղամարդու դիակ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել 1966թ. ծնված տղամարդու դի՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքով: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժածի քրոջ որդին:

Նախնական տվյալներով՝ 2021թ. հունիսի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 1966թ. ծնված տղամարդու և նույն տանը բնակվող վերջինիս քրոջ որդու միջև, որի ընթացքում տղամարդը հայհոյել և փորձել է փայտի կտորով հարվածել զարմիկին, ինչից հետո վերջինս բռունցքով հարվածել է մորեղբոր դեմքին, իսկ դանակով` կրծքավանդակին: Միջադեպից հետո տղամարդը բարձրացել է տուն, իսկ արդեն հաջորդ օրը՝ հունիսի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, վերջինիս քույրը եղբորը հայտնաբերել է մահացած վիճակում:

Ժամեր անց տուժածի քրոջ որդին ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով՝ ներկացնելով հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ անձինք, կատարվել է դեպքի վայրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz