Շուշիի ազատագրումը

Իրադարձային 09.05.2021   10:00   825

27 տարի առաջ այս օրը՝ մայիսի 8-ին, Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։ 1988-ի Արցախյան շարժումը հայ ժողովրդի միասնական կամքի դրսևորումն էր, երբ 70 երկար տարիներ ադրբեջանական կապանքներում հեծող Արցախը ազատություն էր տենչում: Շուշի բերդաքաղաքի ազատագրումն Արցախյան պայքարում բեկումնային էր։ Այն հայոց պատմության փառավոր էջերից մեկն է՝ կտակված սերունդներին և հավերժությանը:

Շուշին թշնամու համար ռազմական հենակետ էր, որտեղից սպառնում էին կործանել Ստեփանակերտը: Կրակետը պետք էր չեզոքացնել: Ռազմական գործընթացքը պսակվեց հաջողությամբ, որի ընթացքում փայլատակեց հայկական ռազմական միտքն ու ոգին: Անառիկ բերդն ազատագրվեց և այն դարձավ մեր հենարանը դեպի Մայր Հայաստան:

Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմում: Հենց այստեղից ադրբեջանցիները հարվածում էիր Ստեփանակերտի և մերձակա գյուղերի ուղղությամբ:

Չնայած հակառակորդի գերակշռող ուժին, հայ հերոսների արիության և փայլուն մարտունակության շնորհիվ, մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց, ինչը թույլ տվեց վերադարձնել հայրենի հողը և շարժվել դեպի առաջ:

Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։

1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որոնցից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել է 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչ, ավերվել 370 բնակելի տուն և շինություն:

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում։ Այն տևել է 26 ժամ և մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր:

Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:

Շուշիի ազատագրումը մեծ խորհուրդ ունեցավ. Նախ վերադարձրինք մեր պատմական քաղաքը, երկրորդ՝ այս ռազմական հաղթանակը բեկում մտցրեց պատերազմի ընթացքին:

Այս օրը հպարտություն է պարգևում ամեն մի ՀԱՅԻ։ 


 Պիտակներ
         Շուշի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz