ՔՈ կուսակցության հայտարարությունը

Քաղաքական 05.06.2021   11:35   87

Հանրային Հեռուստատեսության և ԱԺԻ (NDI) նախաձեռնած առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը կազմակերպվել է ծայրահեղ անարդարացի սկզբունքով։

Ըստ էության, հրապարակային քաղաքական պատվեր է իջեցվել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է բանավիճի նախորդ ղեկավարների հետ և կազմակերպիչները գտել են միակ սկզբունքը, որի համաձայն դա հնարավոր կլիներ կազմակերպել՝ քողարկելով ակնհայտ քաղաքական շարժառիթները։

Նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճը անց է կացվելու երկու խմբով՝ յուրաքանչյուրում 13 մասնակից։ Խմբերն ընտրվել են հետևյալ սկզբունքով՝ առաջին խմբում մասնակցելու են առավել վաղ պետական գրանցում ստացած կուսակցությունները, իսկ երկրորդ խմբում՝ առավել ուշ գրանցված կուսակցությունները։

Ընդ որում, հասկանալով, որ այս սկզբունքով մեկ ամիս առաջ գրանցված դաշինքները կհայտնվեին երկրորդ խմբում՝ ավելացրել են երկրորդ սկզբունքը, ըստ որի հաշվի է առվում ոչ թե դաշինքի, այլ դրա կազմում ընդգրկված կուսակցություններից առավել հնի գրանցման ամսաթիվը՝ ակնհայտորեն լուծելով Նիկոլ Փաշինյանի համար ցանկալի երկու մրցակիցների ներգրավման հարցը։ Այսինքն՝ ընտրվել է մի սկզբունք, որով հնարավոր կլիներ Նիկոլ Փաշինյանին համեմատության մեջ դնել նախորդ կառավարությունների հետ՝ հնարավորություն տալով կրկին անցկացնել սև ու սպիտակի բաժանարարը։ Մյուս կողմից ընտրությունների մասնակցող 13 կուսակցություններ զրկվել են երկրի այս վիճակի համար պատասխանատու չորս կառավարությունների առաջին դեմքերից որևէ մեկի հետ բանավիճելու հնարավորությունից։

Կազմակերպիչները հաստատապես գիտեն, որ առաջին համարների բանավեճը իր որակական կողմով էական ազդեցություն է ունենալու ընտրությունների արդյունքի վրա և այդուհանդերձ՝ այն կազմակերպել են խիստ անարդար ձևաչափով։ Սա կոպտորեն խախտում է անաչառության, մրցակցային հավասար պայմանների ապահովման սկզբունքները։

Կա՛մ նախընտրական բանավեճը կկազմակերպվի նոր՝ արդարացի սկզբունքով, կա՛մ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն իմաստ չի տեսնում մասնակցելու այդպիսի ձևաչափի բանավեճի։ Այս ձևաչափը վիրավորական է մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար, և մենք կոչ ենք անում մյուս ուժերին ևս չմասնակցել ձևական ժողովրդավարության այդ թատրոնին։

ՔՈ կուսակցության նախընտրական շտաբ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz