Պրեմիերա․ Սաքո Բուդուզյան - «Հողն հայրենի»

Հայեր 16.06.2021   20:00   2243

Սփյուռքահայ երգիչ Սաքո Բուդուզյանը  հանդիսատեսի դատին   է  ներկայացրել «Հողն հայրենի» ստեղծագործությունը։

Մեր թղթակցի հետ զրույցում Սաքո Բուդուզյանն, անդրադառնալով երգի ստեղծմանը, պատմեց․ «Երգի բառերի հեղինակը Սարգիս  Քել Խաչատրյանն է, երաժշտության հեղինակը   Հասմիկ Բալեյանն է,  գործիքավորումը  կատարել է Տարոն Ավետիսյանը, միքսը և մաստերինգը՝ լիբանանահայ  երաժիշտ Հովիկ Ադուրյանը, իսկ տեսահոլովակը պատրաստել է Հարութ Ղազարյանը։

Ես ծնվել   եմ  սփյուռքում,   բայց հայրենիքը միշտ իր սրտում  ու հոգում է եղել։  Մենք փափագում ենք  հայրենիք վերադառնալ։ Այս կամ այն պատճառով, ակամա չենք կարողանում  վերջնականապես վերադառնալ հայրենիք, բայց ես վստահ եմ՝  որոշ ժամանակ հետո՝ մեկ կամ մի քանի տարի անց   վերադառնալու եմ հայրենիք։ Իսկապես, արտերկրում ապրելով՝ կարող եմ ասել՝ դրսում  ի՞նչ կա, արտերկիրը ինչպե՞ս կարելի է համեմատել հայրենիքի հետ։ Այս երգի հիմնական մեսիջը սա է․  վերադարձե՛ք հայրենիք,  ամուր կապված մնացե՛ք ձեր արմատներին»։

Սաքո Բուդուզյանը պատմեց՝  իր մեջ ցավալի դեպքեր են տպավորվել․ մի քանի անգամ տեսել   է, թե ինչպես  են որոշ ընտանիքներ արտագաղթում ու երեխաները  լալիս   են, չեն   ուզում հեռանալ  տանից, հայրենիքից։

«Այս ցավալի փաստին   անդրադարձ կա նաև իմ նոր  երգի մեջ։  Միշտ մտածում եմ այս մասին․ այդ երեխաների լացը, ցավն ու կսկիծը իմ մեջ խոր հետք է թողել։ Հաճախ մտածում եմ՝ ինչո՞ւ պետք է այնպես ստացվի, որ այդ երեխաները ապրեն այդ ցավը․․․  Ես ծնվել եմ  արտերկրում, ցեղասպանությունից  մազապուրծ եղած հայերի թոռներն ենք մենք․․․ Ակամա ծնվել ենք արտերկրում, բայց հավատացե՛ք՝ արտագաղթի ցավը մեզ շատ է տանջում։ Մենք ուզում ենք, որ ներգաղթ լինի, որ  մեր հայրենակիցները չլքեն հայրենիքը։ 

Տեսահոլովակում  մեր  սփյուռքահայ    հայրենակիցները հորդորում են հայրենիք վերադառնալ, և պետք է ընդգծեմ՝   իրականում նրանք հայրենադարձված մարդիկ են։ Նրանք այսօր աշխատանք են գտել, արարում և ապրում հայրենի եզերքում», -  նշեց Սաքո Բուդուզյանը։

 Նա ընդգծեց՝  շուտով հայրենիք է գալու և, բնականաբար,  մասնակցելու է տարբեր համերգների։

«Ամռան կեսերին հայրենիք կգամ։ Երբ հայրենիքում եմ լինում, հոգիս, սիրտս մի տեսակ հանգստանում են։ Իսկապես, հայրենիքում ինձ շատ լավ եմ զգում։ Սիրով կմասնակցեմ ոչ միայն Երևանում, այլև մարզերում կազմակերպվելիք  համերգներին։ Իհարկե, առաջիկայում ևս նոր ստեղծագործություններ եմ ներկայացնելու։ Փակագծերը այժմ չեմ ուզում բացել, բայց  իմ հանդեսատեսին ուզում եմ ասել՝ շուտով նոր ստեղծագործություններ կլսեն», -  եզրափակեց Սաքո Բուդուզյանը։

Հարցազրույցը՝  Ամալյա Զոհրաբյանի


 Պիտակներ
         Հասմիկ Բալեյան, Սաքո Բուդուզյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz