Պետք է առաջին հերթին բանակ ունենայինք. Սամվել Բաբայան

Քաղաքական 24.05.2021   12:40   101

Պետք է առաջին հերթին բանակ ունենայինք, որ այսօր չվախենայինք կրակել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին։

Ըստ Բաբայանի՝ բանակ չունենալու համար մեղավոր են բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են երկիրը վերջին տարիներին՝ առաջին նախագահից մինչև Նիկոլ Փաշինյան։

Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացներին, Բաբայանն ասում է՝ առաջին հերթին պետք է վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը, տալ մանդատային տարածք, նոր միայն գնալ դեմարկացիայի և դելիմիտացիայի։

Բաբայանն ասում է՝ չպետք է թույլ տրվեր, որ հակառակորդը ներթափանցեր մեր տարածք, բայց եթե արդեն տեղի է ունեցել, պետք է բանակ կառուցել․ «Հեքիաթ են պատմում, ասում են՝ փող չունենք։ Փող չունեք, գերի հանձնվեք թուրքին, պարսիկին, ռուսին, ամերիկացուն․․․ Ասա խելք չունենք, հասկանանք, բայց որ ասում եք՝ փող չունենք, չենք հասկանում»։

Բաբայանը նշեց, որ անպայման մասնակցելու է ընտրություններին, մտնում է գործընթացի մեջ՝ մեջտեղի գիծը լինելու համար և արյունահեղությունը բացառելու համար․ «Ես չեմ բացառում որևէ ուժի հետ համագործակցելը, ինչ վերաբերում է երեք նախագահների՝ ընտրական գործընթացներին մասնակցությանը, հասարակությունն է որոշելու՝ իրենց կառավարելու հնարավորություն տալո՞ւ է, թե ոչ»։

Բաբայանը միանշանակ պնդեց, որ ընտրախախտումներ և ընտրակաշառքի դեպքեր լինելու են, դա պետք է զսպեն ուժային կառույցները։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz