Պետք է ապրենք պատերազմող երկրի հոգեվիճակով․ Թևան Պողոսյան

Իրադարձային 18.05.2021   15:49   121

Այսօրվա ասուլիսին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն անդրադարձել է վերջին օրերի իրադարձություններին։

Մասնավորապես, ըստ բանախոսի՝ թշնամու կողմից նվեր էինք ստացել, և պետք էր հրաման տալ ու ձերբակալել Հայաստանի սահման մտած խմբին և փոխանակում անել բոլորը բոլորի դիմաց։

Նրա խոսքով՝ անգամ տեղեկություններ էին հայտնվել, որ նրանց ձերբակալել ու «վերևներից եկած հրամանով» նորից բաց էին թողել։

«ՀՀ Զինված ուժերը պետք է միանգամից իր գործողություններն աներ, Արտաքին գործերի նախարարությունն էլ իր հերթին իր գործողությունները։ 6-րդ օրը նոր սկսում են հեռախոսազանգեր տարբեր երկրների ղեկավարների հետ, որը պետք է տեղի ունենար առաջին 6 րոպեներին», - ասաց նա։

Պողոսյանը նշեց, որ մինչ մեր զինված ուժերը չվերադառնան մինչև 2018թ.-ի վարքագիծը, որ բոլոր դիվերսիաները պատժվում էին 1-ին 10, մշտական սադրանքները շարունակվելու են։ Իր պատկերացմամբ՝ պատերազմը պարտված այս իշխանությունները բանավոր ստանձնած պարտավորություններ ունեն, որ չեն կատարել, և Ադրբեջանը գնում է դրա հետևից․

«Ադրբեջանի, Թուրքիայի համար մենք թշնամի ենք և նրանք օգտվելու են բոլոր հնարավորություններից, ինչի՞ եք զարմանում։ Սկզբում էս կպոկեն, հետո մի ուրիշ մասից մի բան կպոկեն։ Իրենք այդ երազանքը դրել են ու բացահայտ, ազնիվ ասում են՝ Զանգեզուրն էլ ենք վերցնելու, չտաք խաղաղ ձևով, ուժով կվերցնենք», - ասաց Թևան Պողոսյանը։

Ադրբեջանը, նրա խոսքով, ռազմական դրությունը հանել է դեկտեմբերի 1-ին։ Հայաստանի ռազմական դրությունը 4-5 ամիս շարունակվեց։ Ի՞նչ են արել այդ ամիսներին․ «Ասում են՝ ձյուն էր, բան չենք արել։ Օրենքում գրվա՞ծ է՝ եթե ձյուն է, բան մի արեք։ Ձյան դեպքում օգտագործեիք համապատասխան տեխնիկա»։

Թևան Պողոսյանը նշեց՝ ՀՀ-ն իր պատմության մեջ ձևավորեց պատմական մի էջ, որ մեկ շաբաթից ավելի զինված ահաբեկչական-դիվերսիոն խումբը մնացել է սահմանից ներս և 6 օրվա ընթացքում չի արվել այն, ինչ պետք էր, որ 6 օրվա ընթացքում այդ խնդիրը լուծվեր․ «Աշխարհում կդառնանք առաջին պետությունը, որ ահաբեկիչների հետ բանակցում է, ոչ թե ոչնչացնում»։

Արցախի, Արցախի հայության անվտանգության մասին, նրա խոսքով, այլևս չենք խոսում։ Հիմա միայն մարդիկ մտահոգված են Սյունիքով և Գեղարքունիքով։ Մի քանի օր էլ եթե այս մասին չխոսեն, այլ թեմա կգա օրակարգ և Սյունիքի սահմանը կմոռացվի։

«Քանի՞ միջազգային լրատվականներում ենք տեսել, որ գումարից սկսած կամ մասնագիտական օգնությունով պատվիրակվել են տեղեկություններ, որ սա դառնա օրակարգային խնդիր աշխարհում։ Քանի՞ միջազգային կառույցներում աշխատող հայեր են պահանջատեր եղել այս հարցի մասին խոսելու տեսանկյունից», - ասաց Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ պետք է թույլ չտալ, որ այս իշխանությունը վերընտրվի, մնացած քաղաքական ուժերն էլ պետք է հստակ առաջարկներ անեն, որոնք կքննարկվեն մասնագետների կողմից նաև․ «1994 թվականից հետո մեր պատերազմը չի ավարտվել։ Մենք ուղղակի ունեցել ենք զինադադարներ։ Մենք պետք է ապրենք պատերազմող երկրի հոգեվիճակով»։


 Պիտակներ
         Թևան Պողոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz