«Փաստ»․ Ո՞ր դեպքում է ընտրությունների երկրորդ փուլ անցկացվում

Մամուլ 17.06.2021   08:57   108

«Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քիչ չեն կանխատեսումները, որ կարող է նաև ընտրությունների երկրորդ փուլ լինել:

Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ, թե ո՞ր դեպքում է երկրորդ փուլ նախատեսվում, ո՞ր ուժերն են մասնակցում երկրորդ փուլին, և այդ դեպքում ի՞նչ է սպասվում այն ուժերին, որոնք ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ տեղում են, բայց առաջին փուլում հաղթահարել են անցողիկ շեմը:

Մելոյանը նշեց, որ Սահմանադրության համատեքստում Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը նախատեսում է հետևյալը. «Նախ՝ եթե որևէ ուժ ստանում է ԿԸՀ-ը կողմից բաշխած մանդատների բացարձակ մեծամասնությունը, երկրորդ փուլ չի անցկացվում: Երկրորդ փուլ չի անցկացվում նաև այն դեպքում, երբ առավելագույնը երեք ուժ կոալիցիա են կազմում և այդ կոալիցիան բացարձակ մեծամասնություն է ստանում: Այս դեպքերում երկրորդ փուլի անհրաժեշտություն չի լինում: Իսկ եթե ԱԺ 8-րդ գումարման ընտրություններին մասնակցող ուժերից որևէ մեկին չի հաջողվում վերցնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից բաշխված մանդատների բացարձակ մեծամասնությունը, այդ դեպքում անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ:

Երկրորդ փուլ է անցկացվում նաև այն դեպքում, երբ բաշխված մանդատների բացարձակ մեծամասնությունը չի հաջողվում վերցնել նաև երեք ուժերի կոալիցիա կազմելու դեպքում»:

Գոհար Մելոյանը շեշտեց, որ ընտրությունների երկրորդ փուլն անցկացվում է երկու առավելագույն ձայներ հավաքած ուժերի միջև:«Հնարավոր է երկրորդ փուլ անցկացվի առաջին և երրորդ տեղերում գտնվող ուժերի միջև, եթե, օրինակ՝ առաջին և երկրորդ ուժերը կոալիցիա են կազմում: Բնականաբար, սա քիչ հավանական է, որովհետև այս պահի դրությամբ, ըստ սոցհարցումների, առաջին և երկրորդ տեղում գտնվելու հավանական հնարավարություններ ունեն «Հայաստան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և հիմնական պայքարը նրանց միջև է լինելու»,-նկատեց մեր զրուցակիցը:

Նա հավելեց, որ նվազագույն շեմը հաղթահարած բոլոր ուժերը, որոնք մասնակցել են առաջին փուլով, ստանում են իրենց մանդատները: «Պայմանական ասենք՝ եթե վեց ուժ անցնի խորհրդարան, ապա երկրորդ փուլում պայքարը գնալու է առավելագույն ձայներ հավաքած առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերի միջև: Մյուս չորսը կարող են իրենց մանդատները ստանալ, որևէ ուժի հետ կոալիցիա չկազմել ու չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին: Կոալիցիա կազմելու դեպքում, արդեն, բնականաբար, մեկ դեմքով են հանդես գալիս, և երկրորդ փուլին որպես կոալիցիոն ուժ են մասնակցում:

Ընդ որում՝ նվազագույն շեմը հաղթահարած ուժերը երկրորդ փուլի դեպքում 8 օրվա ընթացքում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերի հետ դաշինք կազմելու հնարավորություն ունեն: Ըստ այդմ, պետք է ԿԸՀ ներկայացնեն դաշինք կազմելու վերաբերյալ փաստաթուղթը՝ այնտեղ նշելով վարչապետի իրենց թեկնածուի տվյալները»,-նշեց Գոհար Մելոյանը:

Ընդգծելով մեկ այլ դրույթի մասին՝ մեր զրուցակիցը հավելեց. «Եթե, օրինակ՝ 15 ուժ է անցել, և 15-ից 5-ն ուզում է առաջին կամ երկրորդ տեղում գտնվող ուժի հետ կոալիցիա կազմել, օրենսդրությունն այս առումով սահմանափակում է դնում: Կոալիցիա կարող են կազմել առավելագույնը երեք ուժ. եթե երկրորդ փուլ է, ապա առավելագույն ձայն ստացած ուժերից մեկը կարող է կոալիցիա կազմել անցողիկ շեմը հաղթահարած ոչ ավելի, քան երկու ուժի հետ»:

Ամփոփելով ու անդրադառնալով երկրորդ փուլի հավանականությանը՝ Գոհար Մելոյանը նշեց. «Հիմնվելով սոցհարցումների, նաև մարդկանց տրամադրությունների վրա, շատ քիչ հավանական եմ համարում, որ որևէ ուժ առաջին փուլում բացարձակ մեծամասնություն կկազմի: Միևնույն ժամանակ, հավանական եմ համարում, որ երկրորդ փուլ չի լինի, այլ առաջին փուլում կոնկրետ ուժեր, որոնք կհաղթահարեն նվազագույն շեմը, կոալիցիա կազմելով՝ կհաղթահարեն նաև բացարձակ մեծամասնության շեմը, և երկրորդ փուլի կարիք չի լինի»»,-գրում է թերթը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz