Նունե Սարգսյանը հեռավար հանդիպում է ունեցել փոքրիկ ընթերցողների հետ

Իրադարձային 11.08.2020   15:10   80

«Զանգակ» հրատարակչության նախաձեռնած վեբինարների շրջանակում Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, իր հեղինակած մանկական ստեղծագործությունների շուրջ անմիջական զրույց է ունեցել Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող մի խումբ երեխաների հետ:

Տիկին Սարգսյանը փոքրիկ ընթերցողների հետ, մասնավորապես, քննարկել է իր «Կախարդական կոճակներ» գիրքը, պատասխանել հեքիաթի հերոսներին, ստեղծագործական դժվարություններին ու ոգեշնչմանը, սիրելի գրքերին վերաբերող նրանց տարաբնույթ հարցերին:

Երեխաները ներկայացրել են իրենց կարծիքներն ու տպավորությունները «Կախարդական կոճակներ» հեքիաթի մասին, նշել իրենց սիրելի հերոսներին, նաև հարցերի միջոցով գաղտնիքներ բացահայտել գրքում նկարագրված պատմության վերաբերյալ:

Ի պատասխան երեխաների հարցերի՝ տիկին Սարգսյանը նշել է, որ երեխաների հանդեպ սերն է իրեն օգնում ստեղծագործել: «Ես շատ եմ սիրում երեխաներին և ուզում եմ ինչ-որ ձևով կապի մեջ լինել նրանց հետ. գրելն ամենահարմար ձևն է»,- շեշտել է տիկին Սարգսյանը՝ ընդգծելով, որ գիրք գրելը հեշտ գործ չէ՝ պետք է շատ աշխատասեր լինել և հաճույքով անել դա: Նա երեխաներին քաջալերել է, որ նրանք ևս ստեղծագործեն, պատմություններ հորինեն:

Տիկին Սարգսյանը երեխաներին հորդորել է ցանկացած գործ անել հաճույքով: «Ես ձեր աչքերից տեսնում եմ, որ դուք շատ աշխատասեր երեխաներ եք: Եթե նույնիսկ չհաջողվի գիրք գրել, վստահ եմ, որ որևէ աշխատանք, որ անեք, լավ կստացվի»,- ասել է նա:

Տեղեկացնելով, որ ինքը ներկայում գրում է «Կախարդական կոճակներ» գրքի երկրորդ մասը՝ տիկին Սարգսյանը երեխաներին խնդրել է իրենց գաղափարները ներկայացնել հեքիաթի շարունակության վերաբերյալ:

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի պայմանններում երեխաների առօրյային՝ Նունե Սարգսյանը վեբինարի մասնակիցներին կոչ է արել ամբողջ օրը համակարգչի առաջ չանցկացնել, այլ՝ լինել մաքուր օդում, գրքեր կարդալ, խաղալ իրենց քույրերի ու եղբայրների, ընկերների հետ:

Հեռավար հանդիպման ավարտին տիկին Սարգսյանը երեխաներին մաղթել է առողջություն, ուրախ ամառ՝ հույս հայտնելով, որ հանդիպելու այլ առիթներ կրկին կստեղծվեն: 



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb