Մուկուչյանը՝ քաղաքական ուժերի մանդատներից հրաժարվելու տարբերակի մասին

Քաղաքական 21.06.2021   12:05   84

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանում ներկայացրեց, թե ինչ կլինի, եթե նոր խորհրդարան անցնող երկու ընդդիմադիր ուժերը, օրինակ, հրաժարվեն իրենց մանդատներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մուկուչյանն այս հարցին անդրադարձավ ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում:

«Այս փուլում մանդատների հրաժարման ինստիտուտ, որպես այդպիսին, ամրագրված չունենք: Իհարկե, կարող է լինել տարբերակ, որ ենթադրենք, թեկնածուները, որոնց հատկացվում են մանդատներ, հրաժարվում են մանդատներից՝ ինքնաբացարկ հայտնելու միջոցով»,-ասաց Մուկուչյանը:

Նա նշեց, որ մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող: Հարցին՝ եթե համամասնական ցուցակի բոլոր անդամները հրաժարվեն, ի՞նչ կլինի՝ Մուկուչյանն ասաց՝ կնշանակի, որ ոչ ոք մանդատ չի ստանա, խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք կան: Հարցին, թե արդյոք օրենքի բաց կա՞ այստեղ՝ նա դժվարացավ պատասխանել՝ հավելելով, որ խնդիրն առանձին վերցրած չեն ուսումնասիրել: Նա դժվարացավ հստակ վերջնական պատասխան ներկայացնել, թե արդյոք այդ դեպքում կարող են լինել նոր ընտրություններ:

Նա հիշեցրեց, որ ԿԸՀ-ի գործառույթներն ավարտվում են արդյունքների ամփոփմամբ, ընտրության արդյունքների վերաբերյալ որոշման ընդունմամբ և մանդատների տրամադրմամբ:


 Պիտակներ
         Մուկուչյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz