Մելբուրնը կրկին անցնում է լոքդաունի

Աշխարհ 27.05.2021   16:00   120

Ավստրալիայի Վիկտորիա նահանգը, որը բնակչության թվով երկրորդն է երկրում, 7-օրյա լոքդաունի կանցնի։ Բանն այն է, որ նահանգի մայրաքաղաք Մելբուրնում հայտնաբերվել է կորոնավիրուսի 26 դեպք, ինչպես նաև 150 վայր, որտեղ մարդիկ ենթարկվել են վիրուսին, հաղորդում է BBC-ն։

Ըստ Վիկտորիա նահանգի վարչապետ Ջեյմս Մերլինոյի՝ վարակվածների մոտ հայտնաբերվել է վիրուսի խիստ վարակիչ շտամ՝ B.1.617 տեսակը, որը շատ արագ է տարածվում։ Այս շտամով վարակված է եղել երկիր վերադարձած ուղևորը։ Վարակման դեպքեր են հայտնաբերվել ամբողջ նահանգում, վարակվածները եղել են տարբեր վայրերում, այդ թվում՝ Մելբուրնի մարզադաշտերում անցկացված մարդաշատ ֆուտբոլային խաղերին։

Լոքդաունն ուժի մեջ կմտնի այսօր կեսգիշերից։ Նահանգի բնակիչները տնից կարող են դուրս գալ միայն գնումներ կատարելու, մարզվելու, պատվաստվելու համար։ Արգելվում են հավաքները, չի թույլատրվում տնից հեռանալ ավելի քան 5 կմ։ Պարտադիր է դառնում դիմակ կրելը։ Դպրոցներն առաջիկա 7 օրերին բաց կլինեն միայն կենսական ոլորտների աշխատակիցների երեխաների համար։

Ավստրալիայում համավարակի սկզբից մինչև օրս հաստատվել է կորոնավիրուսի 30 063 դեպք, որոնցից 910-ը՝ մահվան ելքով։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz