Մանե Բոզոյանը՝ Նանեի կերպարի մարմնավորման մասին

Հարցազրույց 13.05.2021   19:00   360

«Միայն ես ու նկարահանող խումբը գիտենք, թե նկարահանման առաջին օրը որքան  ծանր ապրումներ եմ ունեցել»․  Մանե Բոզոյանը՝ Նանեի կերպարի մարմնավորման մասին

«Օջախի երգը» հեռուստասերիալում Նանեի կերպարը կերտած երիտասարդ դերասանուհի Մանե Բոզոյանը խոստովանում է՝ երբ այդ կերպարը մարմնավորելու  առաջարկ է ստացել, սցենարին ու կերպարի առանձնահատկություններին ծանոթանալուց հետո զգացել է՝ դերասանական խաղի անումով իր աշխատանքը դժվար է լինելու։ Այսուհանդերձ, դերասանուհին կարծում է՝  կարողացել է կերպարը մարմնավորել այնպես, որ նրա զգացած հույզերը, հույսերն ու սերը զգան նաև հեռուստադիտողները։  Մեր թղթակիցը փորձել է բաահայտել՝  ի՞նչ դժվարությունների և անսովոր իրավիճակների է հանդիպել Մանե Բոզոյանը Նանեի կերպարը կերտելիս։

- Մանե՛, ի՞նչ դժվարությունների բախվեցիք Նանեի կերպարը մարմնավորելիս։

- Նանեն 19 տարեկան աղջիկ է, որը խաբվում է և ճակատագրից դաժան  հարվածներ ստանում։ Այդ կերպարն իր մեջ պարունակում էր նաև  մանկան միամտություն։ Ճակատագրի հասցրած հարվածներից հետո Նանեն խելագարվում է։ Դերասանական խաղի առումով բավական բարդ անցումներ կային և, իհարկե, հոգեբանական ծանր պահեր։ Իրականում միայն ես ու նկարահանող խումբը գիտենք, թե նկարահանման առաջին օրը որքան  ծանր ապրումներ եմ ունեցել։ Եղել են տեսարաններ, որոնք բազմաթիվ փորձերից հետո եմ կարողացել խաղալ։ Էմոցիոնալ առումով ես սթրեսային վիճակում էի։ Չեմ խաբի ու չեմ ասի՝ հեշտությամբ եմ այդ կերպարը ստացել։ Նանեին հասկանալը, ընկալելը հեշտ չէր։

- Ըստ ձեզ՝ Նանեի կերպարն ինչպե՞ս ընկալվեց հեռուստադիտողների կողմից։

- Նանեն որոշակի անպատասխանատու քայլեր է կատարում։ Հայ հանրության մեջ կան  ավանդույթներ,  որոնք կարծրացած են, օրինակ՝ աղջիկը պետք է համեստ ու խոհեմ լինի, կան կանոններ, որոնք աղջիկը չպետք է խախտի։ Դժվար էր Նանեին ներկայացնել այնպես, որ մարդիկ կարողանան հասկանալ նրան։ Պետք է շեշտեմ՝ այդ կերպարը բավական բուռն արձագանք ստացավ։ Բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստացել․  շատերն ասում են՝ խղճում են կամ ապրումակցում Նանեին, ասում  են՝ շատ բնական է ստացվել Նանեի կերպարը։Հեռուստադիտողների խնդրանքով հեռուստասերիալի առաջին սերիաները նորից ցուցադրվեցին․ դա նշանակում է՝  այդ հեռուստասերիալը,  այդ թվում՝ գլխավոր  դերերը հեռուստադիտողների կողմից սիրվել են։

- Հեռուստասերիալում նկարահանվելիս եղե՞լ են պահեր, երբ զգացել եք՝ Ձեր և Նանեի մեջ հարազատ ինչ-որ կապ կա։

- Ես ու իմ մարմնավորած այս կերպարն այնքանով ենք նման, որ մենք երկուսս էլ  ինչ-որ սխալ անելիս հասկանում ենք դա։ Երբ Նանեին իր կատարած սխալի պատճառով վռնդում են տանից,  նա այդ պահին գիտակցում է, որ սխալվել է։ Նա չի ուզում, որ իր կատարած սխալի պատճառով տուժի իր ընտանիքը և նույնիսկ այն տղամարդը, որից ինքը երեխայի էր սպասում։ Նա ասում է՝ թույլ չի տա, որ իր սխալի պատճատով մյուսներն ամաչեն։ Նանեն ինքնասպան է լինում՝ գնալով ինքնազոհության։ Նա ասում է՝ ես սխալվել եմ,  բայց երբ այլևս չլինեմ, իմ սխալը գոնե  որոշակիորեն կմաքրվի։ Նա իր սխալներն ընդունել գիտի։ Կարծում եմ՝ ես ևս այդ գիծն ունեմ իմ մեջ։

- Նանեի կերպարի մարմնավորումը ի՞նչ փոխեց ձեր ստեղծագործական կյանքում։

- Ես սիրում եմ էմեցիոնալ առումով հագեցած դերեր։ Նանեի կերպարը հենց այդպիսին էր։ Նրա կերպարը խաղալիս էմոցիաների մի ահռելի պաշար փոխանցեցի հեռուստադիտողին,մի ահռելի էմոցիաներ էլ որպես մարդ բացահայտեցի ։ Եվ երբ արձագանքներից հասկանում ես, որ քո փոխանցած էմոցիաները մարդիկ ստացել են, դա մեծ գնահատական է։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կինոյի պարագայում դերասանի ու հանդիսատեսի միջև կենդանի շփում չկա, ուստի  էմոցիաներ փոխանցելը բավական բարդ է։

- Նանեի ինքնասպանության տեսարանը կերտելիս՝ բարձրությունից ցած նետվելիս ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք։

- Ներքև նայելիս մեծ վախ կար, ցուրտ էր, ուժեղ քամի, բայց, այդուհանդերձ, ես գիտակցում էի իմ աշխատանքի պատասխանատվությունը։ Իմ զգացողություններն այդ պահին շատ մոտ էին իրականությանը։Ես  գրեթե չէի զգում ցուրտը։Ինչ խոսք, բավական բարդ էր այդ տեսարանը ստանալը, բայց կարծում եմ՝ ստացվեց։

- Ամփոփելով զրույցը՝ եթե լակոնիկ նկարագրեք՝ «Օջախի երգ»-ից ի՞նչ է դաջվել ձեր մեջ, ի՞նչ կարող եք ասել։

- Նախ սցենարն էր շատ հետաքրքիր։ Սա անդրադարձ էր մի հայկական ավանդական ընտանիքի պատմության։ Մենք ինքներս մեզ համար օրենքներ ենք գրում, բայց հաճախ ճակատագիրն է մեր փոխարեն կամ մեզնից առաջ  գրում այդ օրենքները, և եթե ես՝դերասանը ներկայացնում է այնպիսի կերպարի, որը մեր գծած ու գրած օրենքներից շեղվում է, բայց, այդուամենայնիվ, հեռուստադիտողների մեծ մասն ընդունում է այդ կերպարին ու նրան չի դատապարտում, նշանակում է՝  դերասանի աշխատանքը հաջողված է, նրա ասելիքը տեղ է հասել։


 Պիտակներ
         Մանե Բոզոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz