Լեհական կինոյի 21 գլուխգործոցները

Cinema 25.10.2020   23:00   225

Ամերիկացի հանրահայտ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն, համագործակցելով Milestone Films-ի հետ, ներկայացնում է լեհ խոշորագույն կինեմատոգրաֆիստների լավագույն աշխատանքները։

Ցանկն ընդգրկում է 1957թ-ից մինչև 1987թ նկարահանված ֆիլմերը։ 


 

1. Մոխիր և ալմաստ 
(Popiól i diament, 1958թ), ռեժիսոր՝ Անջեյ Վայդա։
1945թ, գարուն, Երկրորդ աշխարհամարտի վերջին օրերը։ Հաղթանակը շոշափելիորեն մոտ է։ Լեհերը՝ նախկինում ընդհանուր թշնամու և ընդհանուր դժբախտության գործոնով միավորված, այժմ քաղաքական հայացքների պատճառով սպանում են միմյանց։ Երկիրը քաղաքացիական հակամարտության եզրին է։ 
 

2. Աուստերիա 
(Austeria, 1982թ), ռեժիսոր՝ Եժի Կավալերովիչ։
1914թ, Առաջին աշխարհամարտի առաջին օրը։ Մերձքաղաքային պանդոկում տեղացի հրեաները (առևտրականներ, հասիդներ, քաղաքաբնակներ), լեհ հոգևորականը, հունգարացի հուսարը փրկություն են փնտրում ռուսաստանյան կազակներից։ Առաջին զոհերն արդեն մատուցված են, թնդում են պայթյունները, քաղաքն այրվում է, կազակները վայրագություններ են անում, հասիդներն իրենց աղոթքն են ասում։ Հրեաները, վախենալով ջարդերից, քննարկում են քաղաքից փախչելու հարցը։ 

3. Դիպված 
(Przypadek, 1981թ), ռեժիսոր՝ Կշիշտոֆ Կեսլևսկի։

Երիտասարդ Վիտեկը փորձում է գտնել ինքն իրեն․ նա մերթ գործարք է կնքում անվտանգության ծառայության հետ, մերթ ընդգրկվում է ուսանողական շարժման շարքերում, մերթ տրվում է կրոնին։ Նրա երազանքի խորհրդանիշը դառնում է գնացքը, որից նա անընդհատ ուշանում է։ Ֆիլմի քաղաքական թնջուկին գումարվում են նաև Վիտեկի սիրային փնտրտուքները։ Նա ապարդյուն փնտրում է իր սերը և ինքն էլ չի նկատում, թե ինչպես է դավաճանում սիրելի կանանց։


4. Խաչակիրները 
(Krzyzacy, 1960թ), ռեժիսոր՝ Ալեքսանդր Ֆորդ։ 
Ֆիլմը պատմում է 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին լեհերի պայքարի մասին ընդդեմ Տևտոնական միաբանության ասպետների։ Գյուղերից մեկի վրա տեղի ունեցած հարձակման ժամանակ սպանվում է իշխան Յուրանդի կինը։ Իշխանը երդվում է Տևտոնական միաբանության անդամներից վրեժ լուծել մինչև արյան վերջին կաթիլը։ 
 

5. Պաշտպանիչ գույներ 
(Barwy ochronne, 1976թ), ռեժիսոր՝ Կշիշտոֆ Զանուսի։

Երիտասարդ մանկավարժ Յարոսլավն իդեալիստ է՝ ռոմանտիկ ձգտումներով լի։ Նրա ավագ գործընկեր Յակուբը պրագմատիկ է, ով քարոզում է «պաշտպանիչ գույների» տեսությունը, համաձայն որի՝ մարդուն անհրաժեշտ է մշտապես հարմարվել հանգամանքներին։ Երկու մանկավարժների բախմանն ուշադիր հետևում են թե՛ մյուս ուսուցիչները, թե՛ ուսանողները։ 

6. Հաստատուն 
(Constans, 1980թ), ռեժիսոր՝ Կշիշտոֆ Զանուսի։

Գլխավոր հերոս Վիտոլդ Պարտիկին երազում է գումար հայթայթել դեպի Հիմալայներ ուղևորվող արշավախմբում ընդգրկվելու համար՝ նպատակ ունենալով հասնել իր լեռնագնաց հոր զոհվելու վայրը։ Սակայն նրա կյանքում կա մի մշտական գործոն՝ նրա «հաստատուն մեծությունը», այն է՝ անընդհատ սխալ պահին սխալ տեղում հայտնվելու ճակատագրական «ունակությունը»․․․
 

7. Էրոիկա 
(Eroica, 1957թ), ռեժիսոր՝ Անջեյ Մունկ։

Կինոնկարը բաղկացած է երկու նովելից, որոնց գործող անձինք հերոս են դառնում «բախտի բերմամբ», իսկ նրանց հերոսությունները չեն ունենում գործնական հետևանքներ։ Այդուհանդերձ, առանց հերոսական օրինակների անհնար է գոյատևել ու պայքարել պատերազմական ժամանակներում, և մարդիկ փնտրում են հերոսներ, երբեմն էլ՝ միտումնավոր ստեղծում են նրանց։ Այսպես էլ ծնվում են լեգենդները։  
 

8. «Ջրաժամացույցի տակ» առողջարանը 
(Sanatorium pod klepsydra, 1973թ), ռեժիսոր՝ Վոյցեխ Հաս։

Ֆիլմի հերոսը ճանապարհվում է այն առողջարանը, որտեղ գտնվում է իր մահամերձ հայրը։ Այդ տարօրինակ հաստատության տնօրենը բացատրում է նրան, թե ըստ ժամանակի հարաբերականության, որի սահմաններում գոյություն ունեն առողջարանում բուժվող հիվանդները, նրա հայրը մեռած է բոլորի համար, բայց ոչ նրանց համար, ովքեր գտնվում են այդ վայրում․․․ 
 

9. Իլյումինացիա 
(Iluminacja, 1973թ), ռեժիսոր՝ Կշիշտոֆ Զանուսի։

Ֆրանտիշեկ Ռատմանը ստիպված է եղել մեծ ջանքեր գործադրել՝ Վարշավայում ֆիզիկոսի մասնագիտական կրթություն ստանալու համար։ Ֆիլմի հերոսը համոզված է, որ հենց ֆիզիկան է հանդիսանում այն գիտությունը, որը հստակ ու վերջնական պատասխաններ է տալիս առաջադրված հարցերին։ Ժամանակի ընթացքում նրա կենսափորձն ու սիրային խնդիրները կասկածի տակ են դնում այդ համոզմունքի ճշմարտացիությունը։ 
 

10. Անմեղ կախարդները 
(Niewinni czarodzieje, 1960թ), ռեժիսոր՝ Անջեյ Վայդա։

Երիտասարդ բժիշկն աշխատում է բռնցքամարտի ակումբում՝ իր ազատ ժամանակը նվիրելով ջազային նվագախմբում նվագելուն։ Ելույթից հետո նա ընկերոջ հետ գնում է սրճարան, որտեղ վերջինս ցանկանում է ծանոթանալ իրեն դուր եկած անծանոթուհու հետ։ Որոշելով օգնել ընկերոջը՝ բժիշկն առաջինն է ծանոթանում աղջկա հետ և հրավիրում է նրան իր տուն։ 
 

11. Սալտո 
(Salto, 1965թ), ռեժիսոր՝ Թադեուշ Կոնվիցկի։

Փոքրիկ գավառական քաղաքում օրերից մի օր հայտնվում է ոմն խորհրդավոր տղամարդ, ով բնակիչներին պատմում է միմյանց բացարձակապես հակասող փաստեր իր կենսագրության մասին։ Ոմանց ասում է, թե խիզախորեն մարտնչել է պատերազմում, մյուսներին ասում է, թե ստիպված է թաքնվել, քանի որ իրեն մահացու վտանգ է սպառնում։ Հետզհետե այդ անձն իր ներկայությամբ խաթարում է քաղաքի հանգիստ կյանքը և անտեսանելի ու անսահման իշխանություն է ձեռք բերում բնակիչների հոգիների նկատմամբ․․․ 
 


12. Ամռան վերջին օրը 

(Ostatni dzien lata, 1958թ), ռեժիսոր՝ Թադեուշ Կոնվիցկի։

Բալթյան դատարկ ծովափում հանդիպում են երկուսը՝ Տղամարդն ու Կինը։ Նրանք ոչինչ չգիտեն միմյանց մասին։ Կինն անցկացնում է իր արձակուրդի վերջին օրը, որը նաև ամռան վերջին օրն է։ Շուտով նա պիտի հասնի կայարան։ Նա միայնակ է ու կյանքից հիասթափված։ Իսկ Տղամարդը առաջին օրը չէ, որ հետևում է նրան՝ հիասքանչ կնոջը, ում ինքն անհույս սիրահարված է։ Եվ ահա նրանք հանդիպում են։ Թվում է՝ հիմա սկիզբ կառնի աշխույժ զրույցը, որը կունենա ավելի լուրջ շարունակություն նրանց հարաբերությունների համար, բայց․․․ 
 

13. Երկաթե մարդը 
(Czlowiek z zelaza, 1981թ), ռեժիսոր՝ Անջեյ Վայդա։

Գործադուլավորների առաջնորդ Տոմչիկը հալածանքների ու սպառնալիքների է ենթարկվում իշխանությունների և լրագրող Վինկելի կողմից։ Վերջինս հակաքարոզչական կեղտոտ խաղ է ծավալել երիտասարդ բանվոր-ակտիվիստի դեմ, սակայն ժամանակի ընթացքում նրա սեփական հայացքներն էլ փորձության են ենթարկվում։ Գործադուլը փորձաքար է դառնում նրանցից յուրաքանչյուրի համար․․․ 
 

14. Մայր Իոհաննան ի հրեշտակաց 
(Matka Joanna od aniolów, 1960թ), ռեժիսոր՝ Եժի Կավալերովիչ։

Ոչ երիտասարդ հոգևորականը՝ հայր Յուզեֆը ճանապարհ է ընկնում դեպի կանանց մենաստան, որտեղ սպասում են նրա օգնությանը՝ միանձնուհիներին և հատկապես մայրապետ Իոհաննային գայթակղած դևերին սուրբ աղոթքով հեռու վանելու համար։ Սակայն որքան ավելի երկար է հայր Յուզեֆը շփվում մայր Իոհաննայի հետ, այնքան ավելի հստակ է գիտակցում, որ ինքն էլ է հայտնվել դևերի իշխանության ներքո։ 
 

15. Խորհրդավոր ուղևորը 
(Pociag, 1959թ), ռեժիսոր՝ Եժի Կավալերովիչ։

Բալթիկ ծովի եզերքով սլացող գնացքում իր տեղն է զբաղեցրել մի տարօրինակ ուղևոր։ Թվում է՝ նա ցանկանում է փրկվել ինչ-որ վտանգից։ Նույն կուպեում է գտնվում նաև մի շիկահեր գեղեցկուհի, ում հետապնդում է ոմն երիտասարդ։ Շուտով գնացքի ուղևորների շրջանում սկսում են լուրեր պտտվել, թե իրենց շարքերում մարդասպան կա։ Ո՞վ է նա։ 
 

16. Փարավոն 
(Faraon, 1965թ), ռեժիսոր՝ Եժի Կավալերովիչ։

Քաղաքակրթության արշալույսին, երբ Հին Եգիպտոսը դեռևս կառավարում էր ողջ աշխարհը, մարդիկ իշխանության համար պայքարում էին և սիրո ուժի առաջ հանձնվում էին նույնպիսի կրքով, ինչպես մեր օրերում։ Փարավոնները, սակայն, այդ ժամանակ արդեն նույնքան ամենակարող չէին, որքան նախկինում․ նրանց գանձարանը դատարկ էր, իսկ քրմերի գանձարանները պայթում էին հարստությունից։ Սերն ու ատելությունը այրում էին երիտասարդ փարավոն, քաջ մարտիկ ու կրքոտ սիրեկան Ռամզես 13-րդի սիրտը։ Երկու կանանց հանդեպ տածած սերը չէր կարող երջանկություն բերել նրան։ 
 

17. Ավետյաց երկիր
(Ziemia obiecana, 1974թ), ռեժիսոր՝ Անջեյ Վայդա։

Երեք երիտասարդներ՝ առևտրական ուսումնարանի շրջանավարտ, լեհ ազնվական Կարոլ Բորովեցկին, բորսայի գործակալ, հրեա Մորից Վելտը և գերմանացի գործարար Մաքս Բաումը որոշում են հիմնել համատեղ բիզնես, այն է՝ կառուցել քաղաքում ամենախոշոր մանածագործական ֆաբրիկան․․․  
 

18. Սարագոսայում գտնված ձեռագիրը 
(Rekopis znaleziony w Saragossie, 1964թ), ռեժիսոր՝ Վոյցեխ Հաս։

Նապոլեոնյան արշավանքների ժամանակ մի երիտասարդ սպա գտնում է հին ձեռագիր, որի բովանդակությունն առնչվում էր իր պապին՝ պահակախմբի կապիտան Ալֆոնս վան Վորդենին։ Վերջինս, ըստ ձեռագրի՝ լինելով օրենքի ու պատվի մարդ, կարճ ճանապարհ էր փնտրել Սիեռա Մորենայի տարածքով։

Հյուրանոցում նա ուղեկցել էր արևելյան երկու արքայադուստրերի։ Վերջիններս նրան վերաբերվել են որպես զարմիկի և փորձել են ամեն կերպ գայթակղել։ Շուտով նա արթնացել է կախաղանի տակ, որից կախված է եղել երկու դիակ․․․ 
 

19. Կարճ ֆիլմ սպանության մասին 
(Krótki film o zabijaniu, 1987թ), ռեժիսոր՝ Կշիշտոֆ Կեսլևսկի։
Ֆիլմում կա երեք կենտրոնական գործող անձ, և նրանք մինչև որոշակի պահի հասունանալը որևէ կերպ չեն առնչվում միմյանց հետ, քանի որ դեռևս անծանոթ են։ Նրանցից յուրաքանչյուրն ապրում է իր աշխարհում։ Սակայն շատ շուտով նրանց ճակատագրերը խաչաձևվելու են․․․ 
 

20. Պետք է սպանել այս սերը 
(Trzeba zabic te milosc, 1972թ), ռեժիսոր՝ Յանուշ Մորգենշտեռն։

Ֆիլմում արտացոլված է երկու երիտասարդների սերը՝ աշխույժ ու պատասխանատու աղջկա և թուլակամ ու թեթևամիտ տղայի։ Նրանց զգացմունքը ենթարկվում է լուրջ փորձության, երբ նրանք հարկադրված են լինում աշխատանք փնտրել․․․ 
 

21. Հարսանիք 
(Wesele, 1972թ), ռեժիսոր՝ Անջեյ Վայդա։

Ավստրո-Հունգարիայի, Գերմանիայի և Ռուսաստանի միջև բաժանված Լեհաստանում՝ գյուղերից մեկում, հավաքվում են լեհական հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչները՝ սոցիալապես անհավասար մի ամուսնության տոնակատարությանը ներկա գտնվելու նպատակով։ Երիտասարդ բանաստեղծն ամուսնանում է գեղջկուհու հետ։ Խնջույքի թեժ պահին, ինչպես և կարելի էր կանխատեսել, տեղի է ունենում միջդասակարգային բախում, որն ուղեկցվում է ոգելից խմիչքը չարաշահած հյուրերի սկանդալային արարքներով։ Շուտով իրադարձությունները ձեռք են բերում գրոտեսկային երանգ, սկսվում է ֆանտասմագորիան, և պատրանքն ու իրականությունը միախառնվում են․․․ 

Աղբյուրը՝ kinoversus.com


 Պիտակներ
         Ֆիլմեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz